Ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում քաջաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան: «Չեմ կարողանում ասել՝ ծնունդդ շնորհավոր…Փառքդ շատ լինի, ծննդյան օրով չբավարարվեց, փառք ձեռք բերեց, որով մենք էլ մի քիչ մխիթարվում ենք…»,-Աբաջյանների տանը լրագրողների հետ զրույցում ասաց հերոսի պապիկը՝ Գեւորգ Աբաջյանը:
«Բոլորին ցանկանում եմ, որ նրանց ծննդյան օրերը միշտ ուրախ ու երկար տարիներ նշվեն: Մեր բոլոր զինվորներին բարի վերադարձ եմ ցանկանում»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
«Ռոբերտը կյանքը շատ էր սիրում՝ ուրախ էր, զվարթ»,-հիշում է պապը: Ռոբերտի տատիկը՝ տիկին Անահիտն էլ պատմեց, որ թոռը մշտապես պատրաստակամ էր բոլորին օգնելու. «Միշտ ասում էր՝ ինչո՞վ օգնեմ, ինչո՞վ օգտակար լինեմ…Ոչ բոլորը կմոտենան անծանոթ տարեցին, ձեռքից կվերցնեն ծանրոցը ու տեղ կհասցնեն, ինչպես Ռոբերտն էր անում»:
Հարազատներն այսօր այցելում են «Եռաբլուր», որտեղ ամփոփված է հերոսի մարմինը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ