«Հիմնադիր խորհրդարանի» համակիր Գեղամ Սահակյանը (լուսանկարում) նախօրեին առերեսվել է անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հետ: Առերեսումը տեւել է մոտ իննը ժամ:
«Ինձ համար զարմանալի է՝ այդ ոնց եղավ, որ Անդրիասը մի ամիս հացադուլի նստեց, բայց այս առերեսման ժամանակ կես ժամը մեկ հաց էր ուզում ուտել: Անընդհատ ասում էր՝ սոված է, հաց չի կերել, հաց ուտել է պետք: Առերեսումը տեւեց կեսօրվա 3:30-ից մինչեւ գիշերվա 12:25-ը: Կես ժամը մեկ ընդմիջում էին խնդրում տասնհինգ րոպեով, բայց այդ ընդմիջումը տեւում էր կես ժամ: Պատճառաբանում էին, թե Անդրիասը սոված է, ուզում են քննարկել, մտածել, թե այս հարցին ինչպես պատասխանեն»,- Aravot.am-ին պատմեց Գեղամ Սահակյանը՝ ասելով, որ առաջիկա առերեսման մասին իրեն դեռ չեն տեղեկացրել:
Առերեսման մանրամասները Գեղամ Սահակյանը չցանկացավ պատմել՝ ասելով, որ հաջորդ առերեսումից հետո արդեն ավելի մանրամասն կներկայացնի. «Կան հարցեր, որոնք ես պետք է պարզաբանեմ Անդրիասի հետ»:
Նա միայն ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանը քննիչի հետ վեճի էր բռնվել՝ քննչական պետի ասածների համար:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Գեղամ Սահակյանը Aravot.am-ին պատմել էր , որ քննչականում հարցաքննվելիս իրեն ասել են՝ «գլխիդ կսարքեն, քեզ կներքաշեն այդ խաղերի մեջ» (խմբ. Նկատի ունենալով «Սասնա ծռերին»): Գեղամ Սահակյանի խոսքով, քննիչի սեղանին էր դրված Aravot.am-ին տված իր այդ հարցազրույցի տպագիր տարբերակը:
Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի հետ առերեսման ժամանակ Անդրիաս Ղուկասյանն իրեն քննիչի տեղ էր դրել ու մի շարք հարցեր էր իրեն ուղղում. «Քննիչի ներկայությամբ անուններ էր տալիս, որոնց ես իբր հանձնարարություններ եմ տվել»:
Մեր հարցին՝ ում նկատի ուներ՝ «Սասնա ծռերի՞ն», պարոն Սահակյանն ասաց՝ անուններ չեմ կարող տալ, իր մտերիմներին: Գեղամ Սահակյանը չպատասխանեց նաեւ մեր հարցին, թե ինչ բնույթի հանձնարարությունների մասին էր խոսում Անդրիաս Ղուկասյանը. «Առաջիկայում նախատեսված առերեսման ժամանակ ես իրենից կհարցնեմ՝ ինչ հանձնարարություններ նկատի ունի… Անդրիաս Ղուկասյանը նաեւ առերեսման ժամանակ պատմեց, որ Սարի թաղի դեպքերի ժամանակ ես իրեն աջակցել եմ, որ այդ գործողություններն ինքն արել է, ուզում էր ինձ հետը տանել, ասացի՝ ես չեմ ուզում դատվես, ուզում եմ դուրս գաս, գնաս քո երեխաների կողքին լինես, բայց չփորձես ինձ ներքաշել այդ խաղերի, այդ կեղտի մեջ»:
Մեր հարցին՝ ինչպես եք աջակցել, Գեղամ Սահակյանն ասաց՝ չգիտեմ:
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան՝ փաստաբան Կարեն Մեժլումյանի պարզաբանումներն այս առերեսման վերաբերյալ կներկայացնենք առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ