Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը պահանջում է, որ Վիգեն Սարգսյանի միլիոնատեր կինը հանուն բանակի հանձնի իր թանկարժեք զարդերը (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2016 14:43

«Սա օրենքի նախագիծ է՝ մուրացկանության մասին»,- այսօր ԱԺ-ում զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու նախագծի մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա հիշեցրեց, որ հայոց արքունիքի կանայք ժամանակին, երբ պետք էր լինում մասնակցել պաշտպանությանը, իրենց թանկարժեք զարդերը հանում էին եւ դնում էին սեղանին. «Այսօրվա նորանշանակ նախարարի տիկինը, պարզվում է, մի քանի տարվա ընթացքում դարձել է միլիոնատեր: Այդ միլիոնատեր տիկինը նույնպես պետք է վճարի 1000 դրամ, մեր բնակչության աղքատ խավը նույնպես պետք է մասնակցի եւ վճարի 1000 դրամ: Հիմա պետք է ասեք, որ սա ազգային տո՞ւրք է: Սա ազգային տուրք չէ, սա մուրացկանություն է: Հերիք է այսպիսի մոտեցումներով հանդես գաք: Եթե խոսում եք, որ պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, հայոց մայրերը պաշտպանական բանակ են ուղարկում իրենց անգինին՝ երեխաներին»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, Վիգեն Սարգսյանի մոտեցումը, որ եթե ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով սպանություն է եղել, ապա այդ դեպքերին հիմնադրամի միջոցները չեն ծառայելու, արդար չէ. «Ո՞վ գիտի՝ այդ դեպքերը ինչպես են տեղի ունեցել»:

Նա ասաց, որ որոշ տվյալներով՝ մինչեւ 2000 զոհեր ենք ունեցել այս տարիներին, կան գործեր, որ 15 տարի է՝ պտտվում են դատական համակարգում եւ լուծում չեն ստանում. «Ծնողները դիմում են ԱԺ, որ հանձնաժողով ստեղծվեր այդ գործերով՝ մերժեցիք, բա խոսում եք բարոյականությունից, ստեղծեիք: Դո՞ւք եք բարոյականը»:

Զարուհի Փոստանջյանը կոչ արեց, որ նախարարական տոհմի կանայք թող բերեն եւ սեղանին դնեն իրենց միլիոնավոր դոլարների զարդերը:

Պատգամավորը ներկայացրեց մի զինծառայողի պատմություն, որը առաջին կարգի հաշմանդամություն է ձեռք բերել, բուժման կարիք ունի. «Բուժում ստանալու համար ասել են, որ այն կարող են տրամադրել միայն Գերմանիայում, բայց գումար չկա: ՊՆ-ից ասել են, որ գումարը կտանք վաղը, մեկ ամիս հետո, երկու ամիս հետո, երեք ամիս հետո: Երիտասարդը ծայրահեղ միջոցի է դիմել՝ կեղծ ահազանգ է տվել ոստիկանությանը, որ Բաղրամյան 26-ում ռումբ է տեղադրված, որ ուշադրություն հրավիրի, որ ես բուժման կարիք ունեմ, ինձ բուժեք: Պարզվում է, ուշադրություն հրավիրելու իր ահազանգը դարձել է քրեական հետապնդման հիմք: Նա դատապարտված է այս պահին եւ գտնվում է կալանավայրում, չի կարողանում օգտվել պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից»:

Զարուհի Փոստանջյանը բացատրեց, որ հենց դրա համար է նախարարին առաջարկել, որ կալանավորներից մի մասին բաց թողնեն, միջոցներ խնայեն:

Պատգամավորը նաեւ ահազանգեց, որ այսօր զինծառայողներն իրավունք ունեն ամսական շուրջ 4000 դրամ ամսավճար ստանալ, բայց չեն ստանում: Ուղղակի ստորագրում են դրա դիմաց, եւ հրամանատարներն են ստանում գումարները. «Գեներալները, որ այդքան հարստացել են, նաեւ այդ գումարի շնորհիվ են հարստացել: Ծնողներից եմ ահազանգ ստացել»:

Ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հենց հիմա՝ այսօրվա ընթացքում Զարուհի Փոստանջյանը պետք է այդ զորամասերի եւ սպաների անունները ներկայացնի կամ ՊՆ-ին, կամ դատախազությանը, կամ ԱԺ ղեկավարությանը, հակառակ դեպքում՝ նա զբաղված է մարդկանց վարկաբեկելով. «Անուններ տվեք, փակ ծրարով տվեք, բայց պետք է օգնեք իրավապահ մարմիններին: Դուք իրավաբան եք, իմացեք խոսքի արժեքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` PHOTOLUR -ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930