Գյումրու Ստրոմմաշ թաղամասում գտնվող «Եռանկյունի» ռեստորանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են նաև կրակոցներ։ Մեր տեղեկություններով, վիճաբանությունը ծագել է ռեստորանի տիրոջ՝ Դարբին Գագոյի որդու ու Մարմաշեն գյուղի բնակիչներից մեկի միջև, վերջինս անուն-ազգանունը դեռ ճշտել չհաջողվեց, սակայն պարզեցինք, որ երիտասարդը Մարմաշենի գյուղի մեծահարուստներից մեկի՝ Գարենի որդու ընկերական շրջապատից է։
Մենք այս թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։ Դատախազն ասաց՝ իրենք ոստիկանությունից ստացել են տեղեկություններ, որ նշված ռեստորանում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են նաև կրակոցներ։ «Այդ տեղեկությունները ոստիկանների կողմից համապատասխան օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում ստուգվում են, այս պահին դրությամբ հիմնավորող փաստական տվյալներ առկա չեն, կատարվում են ստուգողական աշխատանքներ»,- ասաց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ