Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը միջուկային համաձայնագրից մեկ տարի անց. դեպի Արևմու՞տք, թե՞ Ռուսաստան

Նոյեմբեր 16,2016 12:59

Արմեն Վարդանյան

ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ

 ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ 

  • Իրանը և Ռուսաստանը շարունակում են խորացնել հարաբերությունները. նրանք բազմաթիվ ընդհանուր շահեր ու միմյանց կարիքն ունեն:
  • Չնայած երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր շահերին՝ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները երկարաժամկետ առումով դժվար թե ռազմավարական լինեն:
  • Իրանը բավականին հաջողված է զարգացնում հարաբերությունները Եվրամիության հետ, ինչը հույսեր է ներշնչում, որ ապագայում Հայաստանի հարավային հարևանը կդառնա ավելի ժողովրդավարական, կանխատեսելի և տնտեսապես հզոր պետություն:

 ՆԱԽԱԲԱՆ

2015թ. հուլիսին Իրանի և «Վեցյակի» միջև Միջուկային համաձայնագրի ստորագրումից արդեն անցել է մեկ տարուց ավելի, և փորձագիտական շրջանակների ու քաղաքականություն իրականացնողների (policy maker) համար շարունակում է կարևոր մնալ այն հարցը, թե որ ուղղությամբ է շարժվում Իրանը, և առաջիկայում ինչպիսին կլինեն այդ երկրի հարաբերությունները համաշխարհային ուժային կենտրոնների հետ:

Ի սկզբանե պարզ էր, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո գերտերությունների միջև պայքար կսկսվի այդ երկրին իրենց կողմը գրավելու համար։ Այս առումով հատկապես մեծ հաջողություններ են գրանցել Եվրամիությունն ու Ռուսաստանը, որոնց հետ Իրանը բավականին խորացրել է հարաբերությունները: Կարելի է ասել, որ ներկայումս Բրյուսելի և Մոսկվայի միջև ոչ ֆորմալ մրցակցություն է սկսվել նաև Թեհրանի համար: Ուստի Հայաստանը պետք է օգտվի այս պատմական հնարավորությունից՝ ԵՄ-ի և Ռուսաստանի հետ Իրանի մերձեցումից և ավելի խորացնի հարաբերությունները վերջինիս հետ, քանի որ այժմ դրա համար առավել քան երբևէ բարենպաստ պայմաններ են ստեղծվել:

ԻՐԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ ՊՐԱԳՄԱՏԻԿ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Միջուկային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Ռուսաստանը սկսեց Իրանին իր կողմը քաշելու քաղաքականություն վարել, որը շարունակվում է մինչև այսօր: Այն, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները սրընթաց կզարգանային, բոլորի համար ակնհայտ էր, քանի որ բոլոր նախադրյալներն ի սկզբանե կային: Մոսկվան վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրում Թեհրանի հետ բարեկամական, ընդհուպ մինչև դաշնակցային հարաբերություններ ունենալու և Մոսկվա-Թեհրան առանցքը կազմավորելու համար:

Իրանն ու Ռուսաստանն ընդհանուր շահեր ու միմյանց կարիքն ունեն: Երկու երկրներին հատկապես միավորում է Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի պահպանումը: Թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար Ասադին պահելը «կարմիր գիծ» է: Վերջինիս աջակցելու հարցում երկուսն էլ հաստատակամություն են ցուցաբերում՝ չպատրաստվելով զիջումների գնալ: Ռուսաստանի համար Բաշար Ասադի դերը հատկապես մեծացել է այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում Կրեմլը կորցրեց մի շարք դաշնակիցների, մասնավորապես՝ Սադամ Հուսեյնին և Մուամար Քադաֆիին, ովքեր հակադրվում էին ԱՄՆ-ի քաղաքականությանը:

Վերլուծելով Ռուսաստանի վերջին տարիների արտաքին քաղաքականությունը՝ նկատելի է դառնում, որ նա մերձենում է այն երկրների հետ, որոնք լարված հարաբերություններ ունեն Արևմուտքի հետ: ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեմ պայքարում Ռուսաստանին պետք են դաշնակիցներ, և նա որոշ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ու տարածաշրջանային տերությունների միջոցով ցանկանում է լուրջ հակակշիռներ ստեղծել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ։ Մերձավոր Արևելքում Ռուսաստանն այդպիսի հակակշռի դերում տեսնում է նախ և առաջ Իրանին։ Վերջինս Ռուսաստանի կողմից դիտվում է որպես տարածաշրջանում Միացյալ Նահանգների էքսպանսիային հակազդող, նրա դեմ պայքարող «միջնաբերդ»:

Հենց այդ համատեքստում Ռուսաստանը փորձում է Իրանին ներգրավել մի շարք տարածաշրջանային կազմակերպություններում, որոնք ստեղծված են ԱՄՆ-ին և ԵՄ-ին հակակշռելու համար: Օրինակ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որն ինչ-որ առումով հակաարևմտյան ուղղվածություն ունեցող միավորում է, քանի որ նրա անդամների մեծ մասը՝ հատկապես Ռուսաստանն ու Չինաստանը, ձգտում են թույլ չտալ ԱՄՆ-ի դիրքերի ուժեղացում Կենտրոնական Ասիայում:

Ընթացիկ տարվա հունիսին Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ Տաշքենդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, բավարարվի այդ կառույցում Իրանի անդամակցության հայտը, սակայն Կազմակերպության անդամ որոշ երկրներ մերժեցին այս տարի Իրանին իրենց շարքերն ընդգրկելու ցանկությունը: Իրանը Կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել դեռևս 2008թ., սակայն միջազգային պատժամիջոցների առկայությունը հնարավորություն չի տալիս բավարարել նրա խնդրանքը:

Իրանի հետ համագործակցության հարցում Ռուսաստանը ևս մեկ ձևաչափ է առաջարկում՝ հանձինս ԵՏՄ-Իրան հարաբերությունների խորացման ձևաչափի: Իհարկե, Իրանը երբևէ այդ Կազմակերպությանն անդամագրվելու ցանկություն չի հայտնել, սակայն Մոսկվան Թեհրանին բարենպաստ պայմաններ է առաջարկում ԵՏՄ-ի հետ առևտրում, ինչի շնորհիվ կմեծանան Իրանի և Եվրասիական միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները: Խոսքն առաջին հերթին Իրանի հետ ԵՏՄ-ի ազատ առևտրի գոտիներ ստեղծելու մասին է: Ըստ նախագծի՝ այդպիսի գոտիներից մեկը տեսանելի ապագայում կստեղծվի Հայաստանի տարածքում, որի վերաբերյալ կողմերի միջև արդեն իսկ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել:

Իրանը Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունի նաև այն տեսանկյունից, որ մերձավորարևելյան այդ երկիրը ռուսական զենքի խոշոր սպառողներից է աշխարհում: Վերջերս Իրանը Ռուսաստանից ստացավ Ս-300 զենիթահրթիռային համակարգերի ամբողջ խմբաքանակը, որոնց համար վճարումներն արվել էին դեռևս պատժամիջոցների տակ գտնվելու ժամանակ: Ըստ որոշ տվյալների՝ առաջիկա տարիներին Իրանը կարող է Ռուսաստանից մոտ 10 մլրդ դոլարի զենք գնել: Ռուսաստանում որոշ վերլուծաբաններ նշում են, որ Իրանը կարող է դառնալ Նոր Հնդկաստան (Ի նկատի ունեն, որ Հնդկաստանը ռուսական զենքի ամենամեծ գնորդն է աշխարհում):

Տեղեկություններ կան, որ Իրանը Ռուսաստանից մտադիր է գնել մեծ գործողության շառավղով Ս-400 զենիթահրթիռային համալիրներ, ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունցիոնալ կործանիչներ, «Բաստիոն» առափնյա շարժական հրթիռային համալիրներ, որոնք հագեցած են «Յախոնտ» գերձայնային հականավային թևավոր հրթիռներով, Յակ-130 նորագույն ուսումնա-մարտական կործանիչներ, ՄԻ-8/17 ուղղաթիռներ, 877 նախագծի դիզելային էլեկտրական սուզանավեր և ֆրեգատներ, Տ-90 տեսակի տանկեր և այլն:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա վերջինս հարաբերությունները մի կողմից բարելավում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, սակայն մյուս կողմից էլ չի շտապում «նետվել Արևմուտքի գիրկը»: Ռուսաստանի հետ խորացնելով հարաբերությունները՝ Իրանն Արևմուտքին ցույց է տալիս, որ ունի այլընտրանք, և, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ը շարունակեն որոշ հարցերում կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ, ապա վերջինս կարող է կողմնորոշվել դեպի Ռուսաստան: Խոսքն առաջին հերթին Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման և զարգացման, ինչպես նաև՝ մարդու իրավունքների վիճակի մասին է, որոնց պատճառով այդ երկիրը հաճախակիորեն քննադատության է արժանանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից:

Թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանն ակնհայտորեն ցանկանում են բարձրացնել իրենց կարգավիճակը միջազգային քաղաքականության մեջ: Իրանն ակտիվորեն խաղարկում է ռուսական խաղաքարտը՝ Իրան-Արևմուտք հարաբերություններում ավելի ուժեղ դիրքերից հանդես գալու և նրանից զիջումներ կորզելու համար:

Ռուսաստանի հետ համագործակցության հարցում կարևոր տեղ է զբաղեցնում նաև տնտեսական բաղադրիչը: Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, չնայած երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական լավ հարաբերություններին, 2015թ. կազմում էր ընդամենը 1,3 միլիարդ դոլար: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն արդեն աճել է 70,9 %-ով և կազմել 856 մլն դոլար: Մասնավորապես, դեպի Իրան ռուսական արտահանումն աճել է 91,5 %-ով և կազմել 697 մլն դոլար: Հակառակ ուղղությամբ արտահանումն աճել է 16 %-ով և կազմել 158 մլն դոլար[1]:

Իրանին Ռուսաստանն անհրաժեշտ է նաև այն պատճառով, որ այդ երկիրն ունի զարգացած տեխնոլոգիաներ միջուկային ոլորտում: 2011թ. Ռուսաստանը կառուցեց 1000 ՄՎտ հզորությամբ Բուշերի ատոմակայանը, և բոլորովին վերջերս սկսվեց նաև երկրորդի շինարարությունը: 10 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրի իրականացման արդյունքում Իրանը կունենա երկրորդ ատոմակայանը` 1,057 ՄՎտ հզորությամբ[2]: Իրանը համագործակցում է Ռուսաստանի հետ նաև խաղաղ ատոմի զարգացման, ինչպես նաև ուրանի վերամշակման հարցում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ մոտ ապագայում Իրանի և Ռուսաստանի միջև մի շարք՝ մասնավորապես՝ արդյունաբերության, առևտրի, էներգետիկայի, ռազմական բնագավառներում կնքվելիք պայմանագրերի ծավալը կկազմի մոտ 40 մլրդ դոլար:

Ռուսաստանը նաև պարտավորվել է Իրանին տրամադրել 2,5 մլրդ դոլարի վարկ՝ չնայած նախկինում պայմանավորվածություն էին ձեռք բերել 5 մլրդ-ի վերաբերյալ[3]:

ՈՐՔԱ՞Ն ՀԵՌՈՒՆ ԿԳՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայումս ամբողջ աշխարհի փորձագիտական շրջանակների և քաղաքական գործիչների կողմից հաճախակի տրվող հարցերից մեկը հետևյալն է՝ որքա՞ն հեռուն կգնա Ռուսաստան-Իրան միությունը: Չնայած վերջիններիս հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ կերպով, այնուամենայնիվ, շատ վերլուծաբանների կարծիքով՝ ռուս-իրանական հարաբերությունները կարճաժամկետ առումով կարող են լինել որպես ռազմավարական գործընկերություն, իսկ երկարաժամկետ ապագայում այն չի լինի դաշնակցային:

Իրանցի մի շարք քաղաքագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ Ռուսաստանն Իրանին օգտագործում է իր աշխարհաքաղաքական շահերի համար, և որ այդ երկիրը երբեք հավատարիմ չի մնացել իրենց դաշնակիցներին:

Բացի այդ շատերի կարծիքով՝ երկարաժամկետ առումով հավանաբար ի հայտ կգան տարաձայնություններ: Ներկայումս Իրանը նավթ է արտահանում Եվրոպա, ինչի արդյունքում դարձել է Ռուսաստանի մրցակիցը: Ընդ որում, նավթի արտահանման ծավալներն անընդհատ մեծանում են: Բոլորովին վերջերս Իրանի Նավթի ազգային ընկերության միջազգային հարցերի գծով տնօրենը հայտարարել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին նավթի արտահանման ծավալը բարձրանալու է օրական 500 հազար բարելով[4]: Ներկայումս Իրանը նավթ է արտահանում Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Հունաստան, Խորվաթիա, Լիտվա և այլ երկրներ: Եվրոպա արտահանման համար չունենալով նավթամուղներ՝ Իրանը դա կատարում է նավթային տանկերների միջոցով: Այժմ իրանական նավթի գնման համար բանակցություններ են ընթանում Հունգարիայի, Սլովակիայի, Սլովենիայի և եվրոպական մի շարք այլ երկրների հետ, ինչը փաստացիորեն հարվածում է Ռուսաստանի շահերին:

Մոտ ապագայում Իրանը կարող է գազ արտահանել նաև դեպի Եվրոպա, ինչի հետևանքով Մոսկվայի և Թեհրանի միջև մրցակցությունն ավելի կսրվի:
Իրանը և Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են Սիրիայում, բայց այլ տարածաշրջաններում կան շահերի բախումներ, և մեծ է հավանականությունը, որ դրանք շուտով ավելի տեսանելի կլինեն:

Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Իրանում ի սկզբանե մեծ անվստահություն կա Ռուսաստանի նկատմամբ. այն սկիզբ է առել ռուս-պարսկական պատերազմներից, Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի կնքումից, ինչի արդյունքում Ռուսաստանին անցան Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող մի շարք տարածքներ: Իրանցիներն այդ պայմանագիրը մինչ այժմ համարում են ազգային խայտառակություն: Իրանում չեն մոռացել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հյուսիսային Ադրբեջանը ԽՍՀՄ-ի կողմից բռնազավթելու ցանկության մասին, որը կանխվեց միայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կոշտ միջամտությունից հետո:

Իրանական իսթեբլիշմենթում նույնպես կան արևմտամետ և Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելուն միտված քաղաքական գործիչներ: Օրինակ, այդ երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին առավել հակաարևմտյան տրամադրությունների կրող է, իսկ արևմտյան կրթություն ստացած նախագահ Ռոուհանին և արտգործնախարար Զարիֆն առավել հակված են դեպի Արևմուտք: Պատահական չէ, որ Իրան կատարած իր առաջին այցի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն օդանավակայանից անմիջապես ուղևորվեց դեպի Խամենեի հետ հանդիպմանը, այն դեպքում, երբ այդ երկիր ժամանած նախագահների մեծ մասը սովորաբար գնում է Ռոուհանիի հետ հանդիպմանը:

Արևմուտքում նույնպես շատերը կարծում են, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները երկարաժամկետ կտրվածքով ռազմավարական չեն կարող լինել: Մասնավորապես, վերջերս ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունն Իրանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հատուկ հանձնաժողովների համար նախատեսված մի զեկույց է հրապարակել: Փաստաթղթում պնդվում է, որ Ռուսաստանի նկատմամբ Իրանի կողմնորոշումն իրավիճակային է: Պատճառների շարքում նշվում են տնտեսական շահերը, ահաբեկչության սպառնալիքների աճը, անկայուն վիճակն Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում համագործակցության հնարավորությունը և սիրիական ճգնաժամը: Սակայն զեկույցում նշվում է նաև, որ Մոսկվայի և Թեհրանի միջև կարճաժամկետ դաշինքը կարող է երկարաժամկետ վնասներ հասցնել Միացյալ Նահանգների շահերին[5]:

Այն, որ Իրանը չի պատրաստվում Ռուսաստանի կցորդը և շահերի սպասարկուն դառնալ, իսկ որոշ դեպքերում նաև՝ մրցակիցը, փաստվեց, օրինակ, ընթացիկ տարվա սկզբին, երբ Իրանը չմիացավ Ռուսաստանին և Սաուդյան Արաբիային՝ չգնալով նավթի համաշխարհային ծավալների արդյունահանման սառեցմանը:

Նավթ արդյունահանող երկու խոշորագույն երկրները՝ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան, փետրվարի 16-ին համաձայնել էին սառեցնել նավթի արդյունահանման ծավալները, որպեսզի շուկայում բարձրանա «սև ոսկու» գինը: Սկզբում Իրանը համաձայնեց միանալ այդ նախաձեռնությանը, սակայն հետո հրաժարվեց՝ այդպիսով փաստացիորեն դուրս գալով Ռուսաստանի շահերի դեմ:

Պատճառաբանությունն այն էր, որ Թեհրանը մտադիր է նավթի սառեցման հարցը քննարկել միայն այն ժամանակ, երբ արդյունահանման մակարդակն օրական հասնի 4 միլիոն բարելի: Այդ մասին հայտարարեց երկրի Նավթի նախարար Բիժան Զանգանեն: «Քանի դեռ մենք չենք հասել օրական 4 միլիոն բարելի արդյունահանման մակարդակին, նավթի արդյունահանման սառեցման շուրջ բանակցողները պետք է հանգիստ թողնեն մեզ: Երբ հասնենք այդ մակարդակին, կհամագործակցենք նրանց հետ»[6], -ասել է նա:

Իսկ վերջերս ծագեց Ռուսաստան-Իրան առաջին «փոքրիկ սկանդալը», ինչը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական մեծ հավակնություններ ունեցող երկու երկրների շահերը վաղ թե ուշ բախվելու են: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգանը հրապարակավ Ռուսաստանին քննադատեց Համադանի ռազմակայանն օգտագործելու մասին տեղեկատվությունը հրապարակելու մեջ: «Այդ կերպ Մոսկվան ցանկացել է «գլուխ գովալ» միջազգային հանրության առաջ: Ռուսաստանը փորձում է ցույց տալ, թե գերտերություն է և կարող է ազդել միջազգային անվտանգության վրա: Այդ երկիրը ցանկանում է Սիրիայի շուրջ ընթացող գործընթացներում իրեն ներկայացնել իբրև արդյունավետ խաղացող, որպեսզի բանակցություններ վարի ԱՄՆ-ի հետ և ապահովի իր կարևոր դերը Սիրիայի քաղաքական ապագա կառուցվածքում: Այնուամենայնիվ, ռուսները հիմքեր չունեն մտածելու, թե կարող են երկար մնալ Իրանում[7]»,-ասել էր Դեհգանը: Դրանից հետո ռուսական կործանիչները լքեցին իրանական ռազմաբազան:

Իր հերթին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, թե չնայած այն հանգամանքին, որ Թեհրանն ու Մոսկվան լավ հարաբերություններ ունեն, Իրանն ամենևին պարտավոր չէ ինքնաբերաբար աջակցել սիրիական ճգնաժամի լուծման վերաբերյալ Ռուսաստանի յուրաքանչյուր քայլին: «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են բարձր մակարդակի վրա, երկու երկրները լավ համագործակցում են: Իհարկե, սա չի նշանակում Իրանի ինքնաբերաբար համաձայնություն Ռուսաստանի ցանկացած գործողությանը»[8]:

ԻՐԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Ռուսաստանից բացի Իրանի հետ հարաբերությունների բարելավման և խորացման հարցում որոշակի հաջողություններ է գրանցել նաև Եվրոպական Միությունը: Նախկինում ԵՄ-ն իր դաշնակից ԱՄՆ-ի պատճառով կաշկանդված էր Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում, իսկ Բրյուսելը պատժամիջոցներ էր սահմանել Թեհրանի նկատմամբ՝ հետևելով Վաշինգտոնին: Սակայն ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանի և Եվրամիության միջև խորքային խնդիրներ չկան: Իրանի բնակչությունը նույնպես բավականին ջերմորեն է տրամադրված Հին աշխարհի նկատմամբ:

ԵՄ պաշտոնյաներն անհամբերությամբ էին սպասում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը՝ այն հույսով, որ իրանական տնտեսության վերականգնման և արդիականացման մեծ պատվերներ ստանալու ու այնտեղ ներդրումներ կատարելու հնարավորություն կընձեռնվի: Իրանական 80 միլիոնանոց շուկան բավականին հրապուրիչ է եվրոպացի ներդրողների համար:

Իր հերթին, Իրանին խիստ անհրաժեշտ են իր տնտեսության մեջ եվրոպական տեխնոլոգիաներն ու ներդրումները: Եվրոպական Միության առաջատար երկրները՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան, էներգետիկ ոլորտում ունեն զարգացած տեխնոլոգիաներ, ինչի կարիքն առավել Իրանն ունի:

ԵՄ-ը Սիրիայում խաղաղության հաստատման համար բազմիցս ընդգծել է Իրանի կառուցողական դերը, ինչի կապակցությամբ մի քանի անգամ կողմերի միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ: Իրանը կարևոր դեր ունի Մերձավոր Արևելքում, իսկ Բրյուսելն ակնկալում է, որ Թեհրանն իր ներդրումը կբերի այդ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հարցում: Միաժամանակ, եվրոպացիներն Իրանը դիտարկում են որպես կամուրջ և տարանցիկ երկիր Պակիստանի, Աֆղանստանի, Միջին Ասիայի և Պարսից Ծոցի երկրներ դուրս գալու համար:

Իրանի համար քաղաքական մեծ աջակցություն էր Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այն հայտարարությունը, որ Իրանի հրթիռային փորձարկումները չեն հակասում միջուկային համաձայնագրին, ինչը պնդում է ԱՄՆ-ը: «Հրթիռային փորձարկումները մենք չենք համարում «Գործողությունների համատեղ համապարփակ պլան»-ի (JCPOA) խախտում», -Թեհրանում հայտարարեց Մոգերինին[9]:

Ներկայումս ԵՄ-ը և Իրանը սերտորեն համագործակցում են մի շարք ոլորտներում:

Քաղաքական

Կողմերը հայտարարել են, որ մտադիր են բարձրացնել քաղաքական երկխոսության մակարդակը՝ ամեն տարի անցկացնելով ԵՄ Բարձրագույն ներկայացուցչի և Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումներ[10]:

Միաժամանակ, համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵՄ-ի և Իրանի տարբեր ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներն ու փորձագետները պարբերաբար կհանդիպեն, որպեսզի ուսումնասիրեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն ու համագործակցության ծրագրեր մշակեն:

Ինչպես իրավացիորեն նկատել է Մոգերինին՝ Իրանի և ԵՄ-ի դիրքորոշումները երբեմն չեն համընկնում, սակայն վերջին տարիները ցույց տվեցին, որ տարաձայնությունները հնարավոր է հաղթահարել, իսկ Վիեննայի համաձայնագիրը ստեղծել է բոլորովին նոր միջավայր ու կարող է նպաստել այդ հարաբերությունների խորացմանը:

Երկկողմ հարաբերություններին, անկասկած, մեծ լիցք կհաղորդի Թեհրանում ԵՄ-ի ներկայացուցչության բացումը: Արդեն իսկ այդ առումով կա փոխադարձ պայմանավորվածություն, ինչի մասին ընթացիկ տարում հայտարարել է ԵՄ հանձնակատարը[11]:

Իրանը զուգահեռաբար նաև անհատական մակարդակով է խորացնում քաղաքական հարաբերությունները ԵՄ-ի անդամ երկրների հետ: 2015թ. օգոստոսի 23-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը մեկնեց Թեհրան՝ վերաբացելու Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, որը փակվել էր 2011թ.: Դեսպանատան բացմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում, որին ներկա էին Համոնդը և նրա իրանցի կոլեգա Զարիֆը, Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունները «մտնում են նոր փուլ, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա»:

Տնտեսական

Բրյուսելն ու Թեհրանը ներկայումս քայլեր են ձեռնարկում տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: ԵՄ-ը երկար ժամանակ Իրանի համար առևտրային առաջին գործընկերն էր, սակայն միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո Չինաստանը, ԱՄԷ-ն և Թուրքիան այժմ առաջ են անցել Իրանից: Ներկայումս Եվրոպական Միությունը փորձում է վերականգնել կորցրած դիրքերը: Եվրոպացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ կաջակցեն Իրանին Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու հարցում:

Իրանի համար նույնպես չափազանց կարևոր է ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը, քանի որ եվրոպական հարուստ շուկան բավականին հրապուրիչ է իրանցի էներգակիրների համար: Իրանի համար հատկապես ծանր էր այդ երկրի վրա ԵՄ-ի կողմից սահմանված նավթային էմբարգոն, ինչի հետևանքով ժամանակին հսկայական վնասներ կրեց երկրի տնտեսությունը:

Միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո SWIFT համակարգին են միացել ավելի քան իրանական 40 բանկեր: Սակայն դեռևս որոշակի դժվարություններ կան բանկային ոլորտի հետ կապված, քանի որ ոչ բոլոր արգելքներն են հանված: Վերջերս Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը չեղարկեց իրանական Saderat բանկի և նրա լոնդոնյան մասնաճյուղ Saderat PLC-ի նկատմամբ գոյություն ունեցող պատժամիջոցները, և նրանց ակտիվներն ապասառեցվեցին[12]: Արդեն տևական ժամանակ քննարկվում են նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից իրանական տնտեսությունը ֆինանսավորելու հարցերը: Եվրոպացի գործարարների կողմից իրականացվող օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) հնարավորություն կտան մեծացնել իրանական տնտեսության մեջ մասնավոր հատվածի բաժինը, ինչի շնորհիվ այն կդառնա ավելի լիբերալ (ազատական) և դիվերսիֆիկացված (տարբերակված):

Եվրամիությունը հույս ունի, որ ապագայում կարող է Իրանի օգնությամբ նվազեցնել ռուսական գազից ունեցած կախվածությունը: Իրանը ներկայումս ուսումնասիրում է ԵՄ գազ արտահանելու համար մի քանի երթուղիներ: Ամենահավանական տարբերակը Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով գազի փոխադրումն է դեպի ԵՄ երկրներ: Այժմ քննարկվում է նաև Իսպանիայի տարածքով դեպի Հին աշխարհի երկրներ հեղուկ գազի փոխադրումը: Ներկայումս կառուցվում է հեղուկ գազի արտադրության գործարան, որը մինչ այժմ Իրանը չուներ: Ընդ որում, կառուցմանը մասնակցության ցանկություն է հայտնել նաև ռուսական «Գազպրոմ»-ը:

Իրանի հետ Եվրոպական Միության առևտրաշրջանառությունը 2016թ. առաջին կիսամյակում կազմել է 5.107 մլրդ եվրո՝ գրանցելով տարեկան կտրվածքով 43 տոկոս աճ: Այդ մասին վկայում են Եվրոպական Միության Eurostat վիճակագրական գործակալության կողմից հրապարակված վերջին տվյալները: Դա հատկապես հնարավոր դարձավ ԵՄ-ի կողմից Իրանից նավթամթերքների ներմուծման արգելքը հանելուց հետո[13]:

ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից հատկապես հաջող էր տարեսկզբին Ռոուհանիի այցն Իտալիա և Ֆրանսիա: Նախքան պատժամիջոցներն Իտալիան Իրանի գլխավոր գործընկերն էր ԵՄ-ում, ով այժմ մտադիր է վերականգնել կորցրած դիրքերը: Այդ երկրի նախագահ Սերժիո Մատարելլայի և վարչապետ Մատեո Ռենցիի հետ ունեցած հանդիպումների ժամանակ կնքվեցին մոտ 18.4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրեր, ինչը նախատեսում էր համագործակցություն էներգետիկայի, ենթակառուցվածքների, նավաշինության և հանքարդյունաբերության ոլորտներում:

Ամենամեծ համաձայնագիրը ստորագրվեց խոշոր խողովակաշարերի կառուցման ոլորտում մասնագիտացված իտալական Saipem ընկերության և իրանական National Gas Company ու Persian oil & gas company խմբերի միջև, որը գնահատվում է մոտ 5 միլիարդ եվրո։ Խոսքը 1800 կմ երկարությամբ գազատարի ստեղծման մասին է։ Բացի այդ իտալական Danieli խումբը ստորագրել է մոտ 5.7 միլիարդ եվրոյի գործարքներ, որոնք նախատեսում են Իրանում մետալուրգիական արդյունաբերության համար սարքավորումների մատակարարումներ ու մոնտաժ, ինչպես նաև՝ իրանական կողմի հետ համատեղ ձեռնարկության ստեղծում։

Իտալական ևս մեկ ընկերություն՝ Itinera-ն, որը ներառված է Gavio շինարարական խմբի կազմում, իրանական ընկերությունների հետ ստորագրել է մի շարք համաձայնագրեր՝ 4 միլիարդ եվրո արժողությամբ, որոնք նախատեսում են Իրանում ենթակառուցվածքային և առաջին հերթին՝ երկաթուղային մի շարք խոշոր նախագծերի իրագործում։

Դրան զուգահեռ՝ երկկողմ համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների Տրանսպորտի նախարարությունների միջև, որոնց համաձայն՝ Իտալիայի պետական երկաթուղային ընկերությունը պետք է դառնա ոլորտում իրանական կողմի հիմնական գործընկերը։ Իտալիա այցի ժամանակ Ռոուհանիին ուղեկցում էր 6 նախարար, ինչպես նաև՝ մոտ 120 ազդեցիկ գործարար[14]։

Այդ երկիր այցից հետո Ռոուհանին ժամանեց Ֆրանսիա, որտեղ տնտեսական, քաղաքական և մշակութային համագործակցության վերաբերյալ ստորագրվեցին թվով 20 համաձայնագրեր: Հատկապես ուշագրավ էր ֆրանսիական ավտոարտադրող Peugeot և իրանական Iran Khodro ավտոմեքենաշինական ընկերությունների միջև ստորագրած 436 մլն դոլար արժողությամբ գործարքը, համաձայն որի՝ Իրանում տարեկան կարտադրվի 400.000 ավտոմեքենա: Համատեղ արտադրությունը կսկսվի 2017թ.-ից[15]:

Եվրոպական մեկ այլ ավտոարտադրող Skoda ընկերությունը պլանավորում է 2017թ. մուտք գործել իրանական շուկա[16]: Այդ մասին նույնպես համապատասխան համաձայնություններ են ձեռք բերվել:

Բացի այդ ֆրանսիական Total էներգետիկ ընկերությունը գործարք կնքեց իրանական կողմի հետ, ըստ որի՝ ֆրանսիացիներն օրական 200.000 բարել հում նավթ կգնեն իրանական կողմից: Չափազանց կարևոր էր նաև Airbus-ի և Իրանի միջև կնքված գործարքը: Համաձայն այդ գործարքի՝ Իրանը նախատեսում է Airbus-ից 100 միավոր ինքնաթիռ գնել[17]:

Իրանի համար ամենաառաջատար առևտրային գործընկերը դառնալու հավակնություն ունի նաև Գերմանիան: Այդ երկրի և Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը 2015թ. կազմել է 2,5 մլրդ դոլար: Գերմանացի պաշտոնյաները հույս են հայտնել, որ մոտ ապագայում այն կհասնի մինչև 10 մլրդ դոլարի: Այդ առումով բավականին արդյունավետ էր Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի՝ վերջերս Իրան կատարած այցը, որի ընթացքում իրանական կողմի հետ ստորագրվեց փոխըմբռնման 10 հուշագիր: Համագործակցության ոլորտներն են՝ ֆինանսական, ապահովագրության, բանկային, նավթի, գազի, նավթաքիմիական արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, երկաթուղիների, շրջակա միջավայրի և մի շարք այլ ոլորտները[18]:

Էներգետիկա

Եվրոպացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Իրանը մեծ դեր կարող է խաղալ Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման գործում: ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել Իրանին՝ վերջինիս արտադրական կարողությունների մեծացման, էներգետիկ արդյունավետության բարձրացման նպատակով:

Իրանին նավթի արդյունահանման համար անհրաժեշտ են եվրոպական տեխնոլոգիաներ, քանի որ իր ունեցածն արդեն հնացած է: Հենց այդ պատճառով վերջերս Իրանի ազգային նավթային ընկերության տնօրենի տեղակալ Գոլամռեզա Մանուչեհրին հայտարարեց, որ նորվեգական, նիդերլանդական, բրիտանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել աշխատել Իրանի հետ Կասպից ծովի նավթային և գազային նախագծերում[19]:

Ըստ իրանցի պաշտոնյայի՝ այդ ընկերությունները խնդրել են իրենց հնարավորություն տալ ուսումնասիրել ենթադրյալ գործունեության տարածքը: Իրանն առաջարկել է մասնակցել նավթի և գազի արդյունահանման 4 նախագծի, ներառյալ` «Սարդար-ե Ջանգալ» նավթագազային հանքավայրի շահագործմանը, քանի որ իր տեխնոլոգիական հնարավորությունները թույլ չեն տալիս նավթարդյունահանման աշխատանքներ կատարել 1000 կմ խորության վրա:

Կրթություն և գիտություն

Իրանը և ԵՄ-ը ներկայումս ակտիվորեն համագործակցում են նաև կրթության և գիտության բնագավառում: Իրանը մեծ հաջողություններ ունի այդ ոլորտում՝ ամենաարագ զարգացումներով և լավ կրթված ու բարձր որակավորմամբ աշխատուժով (երկրում 4.6 մլն ուսանող կա): Ներկայումս այդ երկիրը նանոտեխնոլոգիաների բնագավառում մտնում է աշխարհի առաջատար երկրների տասնյակի մեջ և զբաղեցնում յոթերորդ տեղը: Այդ ոլորտում Իրանը հաջողությամբ մրցակցում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Գերմանիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և այլն[20]:

ԵՄ-ը հայտարարել է, որ իր գիտության և կրթության եվրոպական ծրագրերը բաց են իրանցի հետազոտողների, ուսանողների և դասախոսների համար: Մասնավորապես, Բրյուսելը Թեհրանին առաջարկել է նաև ընդլայնել իր մասնակցությունը ԵՄ-ի հետազոտական և ինովացիոն Horizon 2020 ծրագրին և դրա նախագծերից մեկին՝ Euratom ծրագրին: ԵՄ-ը նաև լրացուցիչ 3 միլիոն եվրոյի բյուջե է հատկացրել Erasmus+actions ծրագրին՝ 2016 և 2017թթ. Իրանի հետ համագործակցության նպատակով օգտագործելու համար: Կողմերը պետք է ընդլայնեն Իրանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հնարավորությունները` եվրոպական ինտեգրացիայի ուսումնասիրությունների Jean Monnet գործողությանը մասնակցելու նպատակով:

Նրանք նաև մտադիր են մինչև 2016թ. տարեվերջը Թեհրանում կազմակերպել համապատասխան ակադեմիական միջոցառումներ և կրթական տոնավաճառներ՝ խթանելու եվրոպական ու իրանյան ԲՈՒՀ-երի միջև համագործակցությանը և իրանցի ուսանողների, հետազոտողների ու ակադեմիական շրջանակների մասնակցությանը ԵՄ ծրագրերում, մասնավորապես՝ Erasmus+ ծրագրին ու Marie Sklodowska Curie գործողությանը:

Եվրամիության և Իրանի միջև համագործակցությունը
չի սահմանափակվում միայն վերոնշյալ ոլորտներով: Թե՛ եվրոպական երկրները, թե՛ Իրանն ունեն հարուստ մշակութային ժառանգություն, ուստի Բրյուսելն ու Թեհրանն ակտիվորեն համագործակցում են նաև մշակույթի ոլորտում: ԵՄ-ը և Իրանը պայմանավորվածություն ունեն մշակութային ժառանգության պահպանման ու մշակութային տուրիզմի առաջխաղացման ուղղությամբ համագործակցության հարցում: Նաև ծրագրեր կիրականացվեն մշակույթները միմյանց ներկայացնելու ուղղությամբ:

Զբոսաշրջություն

Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո այդ երկրի համար լավ հնարավորություններ են բացվել զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման ուղղությամբ: Իրանն իր պատմական տեսարժան վայրերով և գեղեցիկ բնությամբ աշխարհում առաջատար է զբոսաշրջիկների համար հրապուրիչ լինելու տեսանկյունից: Այդ երկրի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ նավթի միջազգային գների անկման հետևանքով կրած վնասները կարող են փոխհատուցվել երկրում զբոսաշրջային մեծ ներհոսք կազմակերպելու միջոցով: Ուստի երկրի կառավարությունը ներկայումս լուրջ քայլեր է իրականացնում վիզայի ստացման ընթացակարգերի դյուրացման ուղղությամբ: ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Իրանում զբոսաշրջության և էկոտուրիզմի ծրագրերի զարգացմանը:

Մարդու իրավունքներ

Երկկողմ հարաբերություններում հատկապես զգայուն է Իրանում մարդու իրավունքների վիճակի թեման: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները մարդու իրավունքների խախտումների համար բազմիցս են քննադատել Իրանին: Այժմ իրանական կողմն իր վճռականությունն է հայտնել մարդու իրավունքների վիճակի բարելավման համար աշխատանքներ տանելու ուղղությամբ: Այդ նպատակով Բրյուսելն ու Թեհրանը որոշել են երկխոսություն սկսել Իրանում: Եվրոպական Միությունը կոչ է արել Իրանին հարգել փոքրամասնությունների իրավունքն ու քաղաքացիական ազատությունները:

Վերոնշյալ ոլորտներից բացի ԵՄ-Իրան համագործակցությունն ընդգրկում է մի շարք այլ բնագավառներ: Այսպես, Եվրոպական միությունը վերացրեց նաև Iran Air պետական ավիաընկերության նկատմամբ նախկինում գոյություն ունեցող սահմանափակումները՝ կատարելով համապատասխան փոփոխություններ վտանգավոր ավիաընկերությունների միասնական ցուցակում: «Ես ուրախ եմ տեղեկացնել, որ այժմ կարող ենք եվրոպական երկնքում ընդունել Iran Air ինքնաթիռների մեծ մասը»,-հայտարարել է տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Վիոլետա Բուլցը: Iran Air-ին թույլատրվում է ԵՄ-երկնքում օգտագործել իր բոլոր ինքնաթիռները՝ բացառությամբ Boeing 747 և Fokker 100-ի[21]:

Կողմերը համագործակցում են նաև միգրացիոն հարցերով: Նրանք համաձայնել են սկսել համապարփակ միգրացիոն երկխոսություն՝ միգրացիոն հոսքերի կառավարման նպատակով: Մասնավորապես, ԵՄ-ն Իրանին 6.5 մլն եվրո է փոխանցել այդ երկրում բնակվող աֆղան ներգաղթյալների առողջության ու կրթության նպատակով, որից 1.5 մլն եվրոն կտրամադրվի դպրոցական տարիքի երեխաների՝ Իրանի կրթական համակարգին ինտեգրվելու համար[22]:

ԻՆՉՊԻՍԻ՞ ԻՐԱՆ Է ՁԵՌՆՏՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ներկայումս ամբողջ աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի համար շարունակում է արդիական մնալ այն հարցը, թե մոտ ապագայում ինչպիսին կլինի Իրանի արտաքին քաղաքականությունը, և դեպի ուր է շարժվում այդ երկիրը: Պետք է նկատել, որ Իրանի արտաքին քաղաքականութան վրա մեծ ազդեցություն է թողնում Իսլամական հեղափոխության գաղափարախոսությունը: Այս առումով Իրանն իրեն հռչակում է աշխարհի շիաների պաշտպան և առավել կողմնորոշված է դեպի Մերձավոր Արևելք:

Սակայն Հայաստանի հարավային հարևանը, անկասկած, կշարունակի հարաբերությունները խորացնել նաև աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ: Հայաստանի համար հատկապես կարևոր է ԵՄ-ի հետ Իրանի մերձեցումը, որն ավելի կխորանա, եթե հաջորդ տարի Իրանի նախագահական ընտրություններին հաղթի բարեփոխիչների թեկնածուն: ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը հատկապես կարևոր է Իրանի ժողովրդավարացման տեսանկյունից: Որքան ժողովրդավարական լինի այդ երկիրը, այնքան առավել կանխատեսելի կլինի բոլորի համար:

Պակաս կարևոր չեն նաև տնտեսական զարգացման հեռանկարները: Ըստ այդմ, Իրան-ԵՄ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար նաև որոշակի հեռանկարներ է բացում. դա հնարավորություն կտա մեր երկրին ապագայում դառնալ տարանցիկ երկիր, որով Իրանը Հայաստանի միջոցով կապ կհաստատի Եվրոպայի հետ: Մասնավորապես, ներկայումս մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է Սև ծովը Կասպից Ծոցին միացնող միջանցքի ստեղծման աշխատանքներին: Այդ նախագծի իրականացման դեպքում զգալիորեն կմեծանա Հայաստանի դերը տարածաշրջանում:

Մեր երկիրը կարող է զգալիորեն շահել նաև ռուս-իրանական հարաբերությունների մերձեցումից: Եթե նախկինում Ռուսաստանը խոչընդոտ էր Իրանից Վրաստան գազի արտահանման հարցում, ապա ներկայումս Մոսկվան չի կարող որոշ հարցերում հաշվի չառնել Թեհրանի հավակնությունները:

Մասնավորապես, ընթացիկ տարվա ամռանն Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն հայտարարեց, որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել է փորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016թ. իր երկրի տարածքով Հայաստանին մատակարարվող իրանական գազի ոչ մեծ խմբաքանակ կուղարկվի Վրաստան[23]: Բնականաբար, իրանական գազը Վրաստան կփոխադրվի «Գազպրոմ»-ին պատկանող գազամուղով, և կարծես թե Ռուսաստանը համաձայն է, որ սահմանափակ քանակությամբ իրանական գազ արտահանվի Վրաստան:

Այսպիսով, ակնհայտ է, որ Իրանը պատժամիջոցների չեղարկումից մեկ տարի անց բացվել է աշխարհի առջև: Այդ երկիրը ներկայումս բավականին խորացրել է հարաբերությունները ԵՄ-ի և Ռուսաստանի հետ, ինչը Հայաստանին հնարավորություններ է ընձեռում Իրանի ու վերոնշյալ երկրների միջև տնտեսական հարաբերություններում դառնալ տարանցիկ երկիր:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

[1] После отмены санкций товарооборот между РФ и Ираном вырос почти на 71%, https://www.tpp-inform.ru/news/biznes-za-rubezhom/36926/

[2] Իրանում մեկնարկել են երկրորդ միջուկային ռեակտորի շինարարական աշխատանքները, https://www.azatutyun.am/a/27980366.html

[3] Россия даст Ирану кредит в 2,5 миллиарда евро, https://lenta.ru/news/2016/06/06/irancredit/

[4] Եվրոպա է արտահանվելու 500 հազար բարել իրանական նավթ, https://parstoday.com/hy/news/iran-i33589

[5] Ориентация Ирана на Россию ситуативна: доклад Исследовательской службы Конгресса США https://eadaily.com/ru/news/2016/08/31/orientaciya-irana-na-rossiyu-situativna-doklad-issledovatelskoy-sluzhby-kongressa-ssha

[6] Իրանը հայտարարել է, թե որ դեպքում կսառեցնի նավթի արդյունահանումը https://www.panarmenian.net/arm/news/208026/

[7] Министр обороны Ирана раскритиковал Россию за разглашение военных данных, https://www.bbc.com/russian/news-37152616

[8] Роухани: Тегеран ведет самостоятельную от Москвы политику, https://www.iran.ru/news/politics/100309/Rouhani_Tegeran_vedet_samostoyatelnuyu_ot_Moskvy_politiku

[9] Iran missile tests no violation of nuclear deal: Mogherini, https://www.presstv.ir/Detail/2016/04/16/461034/Iran-EU-Mogherini-Zarif-Tehran

[10] ЕС и Иран согласовали проведение ежегодных политических консультаций, https://www.iran.ru/news/politics/100641/ES_i_Iran_soglasovali_provedenie_ezhegodnyh_politicheskih_konsultaciy

[11] ԵՄ-ը մտադիր է բացել իր ներկայացուցչությունն Իրանում, https://araratnews.am/yem-n-mtadir-e-bacel-ir-nerkayacucchuthyuneh-iranum/ [12] Европа сняла запрет на имущество иранского банка Saderat, https://www.iran.ru/news/politics/103055/Evropa_snyala_zapret_na_imushchestvo_iranskogo_banka_Saderat

[13] Торговля ЕС с Ираном растет быстрыми темпами, https://www.iran.ru/news/economics/102129/Torgovlya_ES_s_Iranom_rastet_bystrymi_tempami

[14] Հասան Ռոուհանիի Իտալիա այցի ժամանակ ստորագրվել են բազմամիլիարդ համաձայնագրեր, https://newsline.am/am/news/view/23815.html

[15] “Иран Ходро” и “PSA Peugeot Citroën” подписали контракт, https://www.iran.ru/news/economics/100976/Iran_Hodro_i_PSA_Peugeot_Citro_235_n_podpisali_kontrakt

[16] “Skoda” планирует выход на иранский автомобильный рынок к середине 2017 года, https://www.iran.ru/news/economics/102697/Skoda_planiruet_vyhod_na_iranskiy_avtomobilnyy_rynok_k_seredine_2017_goda

[17] Իրանը նախատեսում է Airbus-ից 100 միավոր ինքնաթիռ գնել, https://www.panorama.am/am/news/2016/01/28/%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6/1519638

[18] Германия готовится к огромным инвестициям в иранскую промышленность, https://www.iran.ru/news/economics/102662/Germaniya_gotovitsya_k_ogromnym_investiciyam_v_iranskuyu_promyshlennost

[19] Норвежские, голландские и британские компании заинтересованы в развитии проектов нефтяных месторождений в Каспийском море, https://www.irna.ir/ru/News/3325091/

[20] Иран входит в десятку передовых государств в области нанотехнологий, https://parstoday.com/ru/news/iran-i17758

[21] ЕС исключает Iran Air из «черного списка», https://www.transportweekly.com/pages/ru/news/articles/125769/

[22] ԵՄ-ն Իրանին 6.5 մլն եվրո կտրամադրի աֆղան փախստականների համար, https://araratnews.am/yem-n-iranin-6-5-mln-evro-ktramadri-afghan-phaxstakanneri-hamar/

[23] Իրանը Հայաստանի տարածքով Վրաստան կարտահանի գազի փորձնական խմբաքանակ. իրանցի նախարար, https://www.1in.am/1966274.html

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930