ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CEDAW) կոմիտեն հանդիպում է ունեցել Հայաստանի արդարադատության, արտգործնախարարության, կրթության և մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և իր մտահոգություններն է Հայաստանում հայտնել կանանց նկատմամբ խտրականությունների վերաբերյալ, հաղորդում է Armenian Weekly-ն:
Մասնավորապես, կոմիտեն մտահոգություն է հայտնել դպրոցներում և համալսարաններում կրթական բնույթի նյութերում, ինչպես նաև մեդիայում գենդերային խտրականության և կարծրատիպերի վերաբերյալ: Կոմիտեն խորհուրդ է տվել պետությանը ընդունել ժամանակավոր հատուկ միջոցներ՝ ղեկավար պաշտոններում ավելի շատ կանանց ներգրավելու ուղղությամբ: Բացի այդ, նրանք կարծում են, որ անհրաժեշտ է համախմբել ջանքերը և ռեսուրսները՝ մշակելու համար գնահատման և մոնիթորինգի մեխանիզմ՝ գենդերային կրթության քաղաքականության համար և դասախոսների համար ապահովել պարբերաբար թարմացվող դասընթացներ:
Կոմիտեի ներկայացուցիչներն ընդգծել են, որ սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը պետք է պատշաճ կերպով պաշտպանվել օրենքով, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի հոմոֆոբիայի դեմ պայքարելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Այն նկատառմանն ի պատասխան, որ Հայաստանում կանայք, ցավալիորեն, շատ քիչ են ներկայացված քաղաքականության մեջ, պետական ներկայացուցիչները նշել են, որ պարբերաբար այդ ուղղությամբ տարվում են իրազեկման բարձրացման արշավներ, և որ խորհրդարանում գենդերային քվոտան ավելացել է: Բացի այդ, պետական ներկայացուցիչները չեն կարողացել լիարժեք պատասխանել այն հարցին, թե ինչու են կանանց մարգինալացված խմբերը (այդ թվում հաշմանդամներ, գյուղաբնակներ և ազգային փոքրամասնություններ) ետ մնում տնտեսական և քաղաքական կյանքին մասնակցությունից:
Կոմիտեն նաև մտահոգություն է հայտնել Հայաստանում կանանց և տղամարդկանց միջև աշխատավարձերի տարբերության, աշխատավայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ և կոչ արել կառավարությանը հատուկ միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու համար: Բացի այդ, կոմիտեն ներկայացուցիչները կարծում են, որ կանանց գործազրկությունը մի շարք այլ հանգամանքների հետ զուգակցությամբ, դրդում է նրանց զբաղվելու մարմնավաճառությամբ:
Ինչ վերաբերում է մարգինալացված խմբերին, Հայաստանում չկա օրենսդրություն, քաղաքականություն կամ ծրագրեր, որոնք կներգրավեն հաշմանդամություն ունեցող, գյուղական համայնքներում ապրող կամ սեռական ու ազգային փոքրամասնությունների պատկանող կանանց: Չնայած պետության ներկայացուցիչները նշում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ՀԿ-ների հետ, ըստ էության, վերջիններիս առաջարկներից ոչ մեկ չի ընդունվում, կարծում են Կոմիտեի ներկայացուցիչները:
Նոյեմբերի 18-ին Կոմիտեն կներկայացնի իր հետազոտության եզրափակիչ արդյունքները և Հայաստանի կառավարության առաջ կդնի առաջիկա 2 տարիների անելիքները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ