Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու, խաղի կանոնները՝ նույնը. Իշխան Կարապետյան

Նոյեմբեր 16,2016 11:30

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 15-ին անցկացրեց առաջին խորհրդակցությունը ՍԱՊԾ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Նոր ղեկավարը նախանշեց աշխատանքի այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի Ծառայությունը, որոնք պետք է բնութագրեն վերահսկող կառույցի դերն ու կարևորությունը` ապահովելով երկրում սննդամթերքի անվտանգության համակարգի որակապես նոր զարգացումներ:

Ծառայության պետի համոզմամբ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում չի կարող տարբերակված մոտեցում լինել. «Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու, խաղի կանոնները՝ նույնը, իրականացվելու են գնահատված ռիսկի վրա հիմնված հստակ ու կոշտ միջոցառումներ, ուժեղացվելու է վերահսկողությունը, բացառվելու են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և այդ ուղղությամբ իրականցվելու են հետևողական քայլեր»:

Իշխան Կարապետյանը նշեց, որ ոլորտում կան թե բազմաթիվ խնդիրներ, թե ձեռքբերումներ՝ առանձնացնելով խնդիրները ըստ գործունեության երեք ոլորտների՝ սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն և բուսասանիտարիա: Առաջին խնդիրը, որն առնչվում է սպառողին՝ սննդամթերքի անվտանգությունն է. այստեղ կան պիտանիության ժամկետի, սննդամթերքի մակնշման, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ինչպես իրացման խոշոր ցանցերում, այնպես էլ փոքր խանութներում: Ծառայության պետի խոսքերով՝ ՍԱՊԾ-ն շատ խիստ է վերաբերվելու բոլոր խախտումներին՝ թե սպառողի սեղանին դրվող առաջնային սննդամթերքի, թե տնտեսավարողների կողմից արտադրության մեջ օգտագործվող հումքի. «Մենք պետք է ձգտենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող սննդամթերքը լինի անվտանգ ու որակյալ»: Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդրին տնտեսավարողների տեսանկյունից՝ Իշխան Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ նաև նրանց շահերից է բխում արտադրել որակյալ սննդամթերք` ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկայում այն դարձնելով առավել մրցունակ: Անասնաբուժության ոլորտում նա կարևոր համարեց նպաստել բնագավառի զարգացմանը՝ ոչ թե հետադարձ արձագանքման, այլ համաճարակը կամ կենդանիների հիվանդությունները կանխարգելելու ճանապարհով: Բուսասանիտարիայի ոլորտում ևս առանձնացվեցին մի շարք խնդիրներ, տրվեցին հստակ հանձնարարականներ:

Ծառայության պետը հատուկ ընդգծեց սահմանային հսկողության կարևորությունը և հանձնարարեց խստացնել այն՝ բացառելով վտանգավոր սննդամթերքի ներմուծումը հանրապետություն: «Ամեն ինչ անելու ենք, որ տնտեսավարողը չունենա դժգոհություն, բայց միաժամանակ պետք է երաշխավորենք երկիր մտնող սննդամթերքի անվտանգությունը. դա մեր առաջնային գործառույթն է»,- եզրափակեց Ի. Կարապետյանը:

Ընդգծվեց, որ իրականացվելու է խիստ, բայց արդարացի քաղաքականություն. նախ՝ լայնամասշտաբ դիտարկումներ ու դրանց միջոցով վտանգի գնահատում է իրականացվելու, ապա՝ տնտեսավարողին տրվելու է ժամանակ ու հնարավորություն, նաև՝ խորհրդատվություն, արձանագրված խախտումները վերացնելու համար: Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության ղեկավարն ընդգծեց սննդամթերքի անվտանգության ոլորտում միջազգայնորեն ընդունված չափորոշիչների կիրառման անհրաժեշտությունը՝ մասնավորապես սննդի որակի կառավարման՝ առաջնային համարվող HACCP, ինչպես նաև ISO 22000 շարքի, FSSC 22000 համակարգերի ներդրումը սննդի շղթայում և հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել համակարգերի վերաբերյալ իրազեկման, մասնավորապես՝ տեղական և միջազգային կառույցների աջակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր, խոսվեց բոլոր ծառայությունները և ընթացակարգերը թվայնացնելու անհրաժեշտության, ինչպես նաև սահմանային հսկիչ կետերում ՊԵԿ-ի հետ համագործակցաբար «մեկ պատուհան» սկզբունքը գործածելու մասին:

 

Մամուլի հաղորդագրություն             

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930