Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիայի մասնակից Տարոն Սիրադեղյանի գործով ևս մեկ դատական նիստ նշանակվեց

Նոյեմբեր 16,2016 10:42

2016 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա.Սարգսյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Ա. Աբովյանի և Ա. Բաբյանի, քննության առնվեց ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 2-ի վճռի դեմ պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանն իր վճռով բավարարել էր ՀՀ Ոստիկանության հայցը՝ Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ նշանակելով 50.000 ՀՀ դրամի չափով տուգանք:

Միաժամանակ, ՀՀ Վարչական դատարանը վճռել էր մերժել ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումը: 2016 թ. նոյեմբերի 10-ի դատական նիստը կայացավ հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանի, պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տ. Սիրադեղյանի ու վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ: Նախագահող դատավորը կողմերի ինքնությունը և լիազորություններն ստուգելուց հետո անցավ զեկուցմանը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները:

Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքում հիմնավորումներ էին ներկայացվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ նշված կոնկրետ արարքի կատարման դեպքում այլ արարքի համար Տ. Սիրադեղանին վարչական պատասխանատվության ենթարկելու, նրան որևէ օրինական պահանջ չներկայացնելու, ինչպես նաև հակընդդեմ հայցադիմումն անհիմն մերժելու ու գործում առկա ապացույցների գնահատման և էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կարգի խախտման վերաբերյալ: Զեկուցումից հետո դատական կազմի դատավորները հարցեր ուղղեցին ՀՀ Ոստիկանության ներկայացուցչին՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության, դրա կազմման հիմքերի, Տ. Սիրադեղյանի կողմից փաստացի հակահասարակական արարք կատարելու վերաբերյալ:

Հայցվորի ներկայացուցչը պահանջ ներկայացվելու փաստի հաստատման համար վկայակոչեց գործում առկա դեպքը պատկերող տեսաձայնագրությունները, որտեղ ոստիկաններն, ըստ հայցվոր կողմի, նախ պահանջել են հավաքի մասնակիցներից չմոտենալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքին, իսկ ապա՝ պահանջել են բացել ճանապարհը: Դատական կազմի դատավորներն անհրաժեշտ համարեցին դատական նիստի ընթացքում հետազոտել տեսաձայնագրությունները, որից հետո կրկին որոշակի հարցեր ներկայացվեցին հայցվոր կողմի ներկայացուցչին: Գործով որպես վկա ներգրավված ՀՀ Ոստիկանության աշխատակցի ցուցմունքների արժանահավատության առումով պատասխանող կողմն անհրաժեշտ համարեց նաև իր կողմից դատարան ներկայացված տեսաձայնագրության համապատասխան հատվածի հետազոտումը, սակայն տեխնիկական պատճառով այն հնարավոր չեղավ ապահովել դատական նիստի ընթացքում: Պատասխանող Տ. Սիրադեղյանի ներկայացուցիչը պարտավորվեց դատարան ներկայացնել տեսաձայնագրությունների էլեկտրոնային կրիչի այլ օրինակ և միջնորդեց հետաձգել դատական նիստը: Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, և սույն գործով դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ Տ. Սիրադեղյանը 2014 թ. հունիսի 23-ին մասնակցել էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի շուրջ 26 մասնակիցների հետ ֆիզիկական ուժի գործադրմամբ ձերբակալվել և տեղափոխվել էր ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ իրականացված վարչական վարույթի շրջանակներում արձանագրություն էր կազմվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Այնուհետև ՀՀ Ոստիկանությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930