Ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու ԷյչԷսԲիՍի բանկի հետ համատեղ կազմակերպել էր մեկօրյա բիզնես-համաժողով՝ կենսունակ հանքարդյունաբերության հարցերի շուրջ: Համաժողովի նպատակը կապերի ձևավորումն էր Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը և օգնում բնապահպանական հարցերում: Համաժողովին մասնակցեցին 7 ամերիկյան առաջատար ընկերությունների և 35 հայկական հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովը միտված էր Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ասպարեզում իրենց նորագույն տեսականին:
«Հանքարդյունահանումը, եթե կատարվում է պատասխանատու ու թափանցիկ կերպով և միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համահունչ, կարող է լինել հաջող և շահավետ ներդրում Հայաստանի ժողովրդի համար: Կենսունակ հանքարդյունահանումը՝ նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ անվտանգ կլինի հանքարդյունաբերության աշխատողների համար ու հնարավորություն կտա ապահովելու Հայաստանի բնության պահպանությունը», – ասաց դեսպան Միլսն իր բացման խոսքում:
Կարդացեք նաև
Մեկօրյա այս համաժողովի ընթացքում ամերիկյան ընկերությունները կարողացան պատկերացում կազմել ՀՀ կառավարության ու տեղի գործարարների նպատակների ու գերակայությունների մասին, ինչպես նաև ծանոթանալ բազմակողմ ֆինանսական հաստատությունների և բիզնես դաշտի հիմնական դերակատարների տեսակետներին:
«Այսօր մեր ուշադրության կենտրոնում հանքարդյունաբերության ոլորտն է, քանի որ ինչպես գիտեք, դա Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, որը զգալի մասնաբաժին ունի երկրի ՀՆԱ-ում և արտահանման մեջ: Այս ոլորտն իրական հնարավորություններ ունի Հայաստանի համար, իսկ այդ հնարավորությունները սոսկ թղթի վրա ամրագրված գաղափարներ չեն. կան հաջող հանքարդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք արդեն գործում են և ձգտում ընդլայնել իրենց գործունեությունը: Մենք ուզում ենք, որ նրանք աճ ունենան և միաժամանակ պահպանվի երկրի բնական գեղեցկությունը, ներդրումներ կատարվեն այն համայնքներում, որտեղ արդյունահանում են իրականացնում, և ապահովվի աշխատուժի պաշտպանվածությունը», – ասաց դեսպան Միլսը:
Իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնելու համար Հայաստան ներկայացուցիչներ էին գործուղել 7 ամերիկյան կորպորացիաներ՝ Մոդյուլար մայնինգ սիսթեմզ, Ջեներալ էլեքթրիկ, Կատերպիլար/Զեպպելին, ԱյԲիԷմ, Հանիվել, Տեռա սորս գլոբալ և Դոու: Մեկօրյա համաժողովի ընթացքում եղան նաև զեկուցումներ ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի, ԷյչԷսԲիՍի բանկի, Լիդիան ինթերնեյշնլի և ՀՀ կառավարության պաշտոնյաների կողմից:
Մամլո հաղորդագրություն