«Առավոտի» տեղեկություններով՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ եղել է կառավարությունում: Նրան տեսել են կառավարության շենքից դուրս գալիս: «Առավոտի» հարցին` ի՞նչ էր անում կառավարությունում, Արամ Սարգսյանն ասաց, որ հանդիպում է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որի ընթացքում նրան է ներկայացրել կուսակցության 25 առաջարկները` Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելու վերաբերյալ: Թեեւ հանդիպման մասին տեղեկատվություն տարածելու շուրջ պայմանավորվածություն չի եղել, այնուհանդերձ՝ Արամ Սարգսյանը որոշ մանրամասներ փոխանցեց: Հրատապ կարգավորման կարիք ունեցող խնդիրներն, ըստ ՀԴԿ-ի, հետեւյալն են` գույքագրում կատարել հանրապետությունում եւ պարզել, թե իրականում ի՞նչ ռեսուրսներ կան, որոնց հիման վրա կարող ենք քայլեր կատարել:
«Մեր պատկերացմամբ՝ պետք է նաեւ պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են մսխվածի համար»,- ասաց Արամ Սարգսյանը: Կուսակցությունում համարում են, որ նոր կառավարությունն ու վարչապետը, որը պատասխանատվություն չի կրում պետական պարտքի համար, պետք է ուսումնասիրի եւ հանրությանը հաշվետվություն ներկայացնի, թե ի՞նչ արդյունավետությամբ են ծախսվել այդ գումարները, ի՞նչ նպատակով են վերցվել եւ առհասարակ՝ արժե՞ր դրանք վերցնել, հանուն ինչի՞ ենք հիմա մենք այդքան պարտք կուտակել: ՀԴԿ-ում կարծում են նաեւ, որ Համահայկական կոչվող կառույցն իսկապես պետք է իր անվանը համապատասխանի եւ այնտեղ կուտակված գումարը օգտագործվի հենց համահայկական նպատակների համար, ու մեխանիզմներ պետք է գործեն, որոնք ներդրողին վստահություն կներշնչեն առ այն, որ իր ներդրած գումարն իսկապես ծախսվելու է պետության զարգացման համար: ՀԴԿ նախագահը վարչապետին է ներկայացրել նաեւ իրենց ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հատկապես գյուղական շրջաններում բնակչության 90 տոկոսից ավելին կքած է վարկերի բեռի տակ` 12-24 տոկոս տոկոսադրույքով: Որոշ դեպքերում, հավելավճարներով հանդերձ, մինչեւ 30 տոկոսի է հասնում տոկոսադրույքը: Այս ամենի արդյունքում մարդիկ կորցնում են իրենց սեփականությունը, ի վերջո՝ արտագաղթում:
Արամ Սարգսյանը վարչապետին ասել է, որ այդ վարկերը մարդիկ շատ հազվագյուտ են գյուղատնտեսական նպատակների համար ծախսում, քանի որ այդ գումարը օգտագործվում է օրվա հացի հարց լուծելու համար: «Պետք է ուսումնասիրել եւ հասկանալ` ինչո՞ւ է ժողովրդի վիճակն այդպես, եւ ինչո՞ւ են վարկերը միայն փող վաճառելով զբաղված»,- մանրամասնեց մեր զրուցակիցը` հավելելով, որ վարչապետը հիմնականում համաձայնել է իրենց ներկայացրած խնդիրների հետ, մտահոգություն է արտահայտել պետական պարտքի մասով: Եղել են հարցեր, որոնց հետ համաձայն չի եղել. «Ինչեւէ, լավ քննարկում ենք անցկացրել»: Քանի որ ՀԴԿ-ում իրենց առաջադրած խնդիրների համար նաեւ լուծումներ են առաջարկում, ակնկալում են, որ հետագա քննարկումները շահագրգիռ պետական մարմինների հետ կշարունակվեն:
Արամ Սարգսյանը հավելեց, որ սա առաջին դեպքը չէ: Բոլոր նորանշանակ վարչապետների հետ իրենք փորձել են քննարկել օրախնդիր հարցերը եւ լուծումներ գտնել: «Ես հուսով եմ, որ Կարեն Կարապետյանն իրոք կարձագանքի, եւ որոշակի լուծումներ կգտնվեն»,- ասաց նա: ՀԴԿ նախագահը կարծում է, որ վարչապետը ճիշտ կանի, որ հասարակության հետ ուղղակի կապի մեջ մտնի, հանդիպումներ ունենա նաեւ կուսակցությունների հետ, այդ թվում նաեւ՝ արտախորհրդարանական, մանավանդ այն կուսակցությունների, որոնք կոնկրետ ծրագրեր կարող են առաջարկել կառավարությանը: «Մենք չենք ասում, որ ներկայացվածը միանշանակ պետք է ընդունել, բայց դրանցից կարելի է օգտվել` քննարկել, արդյունքում ռացիոնալ լուծումներ ստանալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
15.11.2016