Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անիմաստ ծախսերի բյուջե

Նոյեմբեր 16,2016 15:30

Ռոբերտ Քոչարյանի հաճույքները կարեւոր են բանակից եւ զինվորից

Դատելով այն հասարակական արձագանքից, որ ունեցավ «Ամեն աշխատողից 1000 դրամ» սկզբունքով զոհված եւ վիրավոր զինվորականների եւ նրանց ընտանիքների համար հատուցման հիմնադրամ ստեղծելու կառավարության նախաձեռնությունը, հարցը դեռ երկար է քննարկվելու: Անգամ եթե օրինագծերի փաթեթը այս տեսքով ընդունվի: Ոչ ոք դեմ չէ բանակին եւ զինվորին օգնելուն: Մարդիկ դեմ են այն անհավասար մոտեցմանը, որ դրված է կառավարության մշակած փաթեթի հիմքում: Ինչո՞ւ տարեկան մեկ միլիոն եւ ամսական մեկ միլիոն դրամ եկամուտ ունեցողը պիտի նույն գումարը վճարի: Իսկ շաբաթը մեկ միլիոն դրամ եկամուտ ունեցող սեփականատերը, որ ոչ մի տեղ չի աշխատում, ընդհանրապես բան չի վճարելու: Այս թեմային զուգահեռ քննարկվում է նաեւ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, որում այնքան ավելորդ ծախսեր կան, որ գլուխդ պտտվում է: Առաջարկում եմ այդ գումարները ուղղել հենց զոհված եւ վիրավոր զինվորականների եւ նրանց ընտանիքների կարիքները հոգալուն:

Ստորեւ կոնկրետ օրինակներ: Կառավարությունն առաջարկում է 98,66 միլիոն դրամ ուղղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանմանը: Այս ոլորտը Հայաստանում զարգանում է առանց կառավարության միջամտության, եւ ոլորտի ընկերությունները լավ էլ իրենց գործը անում են: Պետությունը որ չխանգարի` արդեն լավ է: Կամ իրար կրկնող բազմաթիվ ֆունկցիաներով ոստիկանություն, դատախազություն, հատուկ քննչական ծառայություն, քննչական կոմիտե: Բոլորը միասին կստանան մոտ 50 միլիարդ դրամ: Առողջ կրճատումների արդյունքում մի 10 միլիարդ կկրճատվի: Կարեն Կարապետյանը ասել է, որ մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է, եւ մտադիր է 124,841 միլիոն տալ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:

Այս կառույցը ձեւավորվել է 2003 թվականին՝ «Շուկայի վերահսկողության պետական տեսչություն» անունով: 2015-ին օրենսդրական փոփոխությունների արդյունքում է վերանվանվել էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին: Եթե տնտեսության վիճակը չափազանց ծանր է, ապա ակնհայտ է, որ պետությունը լավ չի վերահսկել շուկան, շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերացել է: Թերացողին պետությունը պետք է պատժի, ոչ թե 124,841 միլիոն դրամ փող տա: Կառավարությունը մտադիր է 191,423 միլիոն դրամ տալ տնտեսական վերլուծությունների համար եւ 39,301 միլիոն՝ տնտեսագիտական հրապարակումների համար: Կրկնենք վերը ասվածը. եթե տնտեսության վիճակը չափազանց ծանր է, ապա ակնհայտ է, որ տնտեսական վերլուծությունները եւ հրապարակումները սխալ են եղել: Թերացողին պետությունը պետք է պատժի, ոչ թե միլիոններ տա:

Ըստ «Բյուջե-2017» նախագծի՝ 2,451 միլիարդ է ծախսվելու գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների կարողությունների զարգացման վրա: Բայց հենց այս մարմինների աշխատանքն է բերել նրան, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: Այլ խոսքով՝ այս մարմիններն անկարող են: Հնարավոր չէ զարգացնել մի բան, որ չկա: Ուրեմն կարելի է այս 2,451 միլիարդը ուղղել զոհված եւ վիրավոր զինվորականների եւ նրանց ընտանիքների կարիքները հոգալուն: Մեր շախմատիստները աշխարհներ են գրավում, ու լավ է, որ կառավարությունը մտադիր է 127,366 միլիոն դրամ ծախսել շախմատիստների պատրաստման ծառայությունների վրա: Սակայն հասկանալի չէ, թե ինչու է նույն կառավարությունը ցանկանում 37,927 միլիոն դրամ ծախսել վինդսերֆինգ մարզաձեւին առնչվող ծառայությունների վրա: Չեմ հիշում վինդսերֆինգի Հայաստանի առաջնություն կամ հայաստանցի վինդսերֆինգիստ, որ դրսից մեդալներ բերած լինի: Փոխարենը գիտեմ եւ հիշում եմ, որ վինդսերֆինգի մեծ սիրահար է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ հենց նրա օրոք սկսվեց պետական փողերով անձնական հաճույքներ վայելելու այս պրակտիկան ու շարունակվում է արդեն 15-16 տարի:

Օրինակ` այս տարի վինդսերֆինգի` Ռոբերտ Քոչարյանի հաճույքների համար պետական բյուջեից 49,536 միլիոն դրամ է ծախսվելու: Իսկ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: Լավ կլիներ, որ 49,536 միլիոնը դառնար ոչ թե 37,927 միլիոն, այլ ամբողջությամբ ուղղվեր զոհված եւ վիրավոր զինվորականների եւ նրանց ընտանիքների կարիքները հոգալուն: 8 տարի առաջ պետական համակարգից հեռացած Ռոբերտ Քոչարյանը պետությունից բարձր թոշակ է ստանում ու լիքը բիզնեսներ ունի: Թող անձնական միջոցներով իր հարցերը լուծի: Այս թեթեւ «կրճատումների» արդյունքում մի 12 միլիարդ դրամ արդեն հավաքվեց: Իսկ «Ամեն աշխատողից 1000 դրամ» սկզբունքով տարեկան մոտ 20 միլիարդ է հավաքվելու: «Բյուջե-2017»-ում այդ 20 միլիարդը կա, ուղղակի շաղ է տրված` վինդսերֆինգից մինչեւ անկարողի կարողությունների զարգացում: Ցանկություն է պետք այդ գումարը տեսնելու եւ հավաքելու համար:

 

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

15.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ռոբերտ Քոչարյանը գեներալ չի, բայց պաշտոնյա դառնալուց հետո արագ դարձավ դոլարային միլիարդատեր: Եթե իշխանությունը որոշի զբաղվել գեներալներով, թող Քոչարյանով էլ զբաղվի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930