Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջ՝ «այս երկիրը երբեք երկիր չի դառնալու» կարծրատիպին

Նոյեմբեր 16,2016 14:30
yntrakan

ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց եւ ընդունվեց նորացված Ընտրական օրենսգիրքը: Հավատացեք, այն կարեւոր քաղաքական գործընթաց է եւ, փառք Աստծո, ձեռք բերվեց լուրջ համաձայնությամբ: Վստահաբար կարող եմ ասել, որ հաջողությունը, կայունությունը, հզորությունը, բարեկեցությունը ստեղծվում է հարգանքով միմյանց հավատալու եւ ոչ թե սրան-նրան երկրպագելով: Իսկ այսօրվա համաձայնությունը թույլ կտա մեզ հետագայում անկեղծ ծիծաղել եւ ուրախանալ մեր միասնությամբ եւ համերաշխությամբ: Իշխանության, ընդդիմության եւ հասարակության խոհեմ, առողջ մտքի շնորհիվ մենք ստեղծեցինք հաստատուն արժեք:

Հնարավորություն յուրաքանչյուր անձին հավասար իրավունքով մասնակցել երկրի հասարակական, քաղաքական կյանքին: Ընտրությունները պետք է անցնեն ազատ, արդար, թափանցիկ, ընտրական օրենսդրության համաձայն, վստահության եւ հավատի մթնոլորտում: Վերջ տանք բամբասանքին, միմյանց չհավատալուն եւ չարախոսությանը, կեղծ չեզոքությանը: Ընտրություններին ընդառաջ բոլորս էլ ողջունում ենք նոր Ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների, ընդդիմության եւ հասարակության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը, այն շատ ողջունելի ու կարեւոր քայլ է: Ընտրական օրենսգրքի քննարկումներն անցան համատեղ ըմբռնման ձեւաչափով: Իշխող կոալիցիայի, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, շահագրգիռ քաղաքական ուժերի համագործակցությամբ: Ապահովելով եւ բարձրացնելով ժողովրդի վստահությունը՝ գալիք 2017թ. ընտրությունների համար կայուն եւ հուսալի պատվանդան ստեղծելով:

Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի պետական եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման եւ առաջընթացի համար ռեալ պայմաններ են ստեղծել: Դրանք կարեւոր են եւ անհրաժեշտ բովանդակային եւ կառուցվածքային փոխհարաբերություններն իրականացնելու կառավարման մոդելում, ինքնակառավարման, դատավարական եւ օրենքի գերակայության ոլորտներում: Այդ գործընթացն ընթացել է միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Փոփոխությունները համահունչ են միջազգային չափանիշներին ու մեր երկրի հանրության ցանկություններին առավել արձագանքող:

Մնում է մենք չկառչենք հնացած կարծրատիպերից, բացառենք ընտրակեղծիքները եւ անվերապահորեն հավատանք, որ մենք կարող ենք եւ պետք է անցկացնենք ազատ, արդար, թափանցիկ եւ արժանահավատ ընտրություններ: Ինչպես նշել է մեր երկրի նախագահ Ս. Սարգսյանը՝ «Նեղանալ, նեղսրտել չկա», զարմանալու եւ անակնկալի գալու ոչինչ չկա: Եկել է ժամանակը, մենք պետք է լավ ապրենք, ճիշտ ապրենք եւ այսուհետ «լավին» լավով հասնենք: Սիրենք միմյանց, որ Աստված էլ սիրի մեզ, սատարենք միմյանց, որ աշխարհն էլ հավատա եւ օգնի մեզ: Սակայն իշխանությունը մենակ չպետք է կատարի ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները: Վստահության համար ընտրողը պետք է գիտակցի, որ իր ձայնը կարեւոր է, որ պետք է պահեն եւ պահպանեն օրենքը, մեր մաքրամաքուր ավանդույթները:

Մենք բոլորս պետք է ղեկավարվենք օրենքով, մեր ներքին համոզմունքով, մեր ժողովրդին հատուկ մաքուր բարքերով եւ առողջ մտածողությամբ: Սահմանադրական բարեփոխումների եւ նոր Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ պահպանենք վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ, ընտրությունները կանցկացվեն պատշաճ, արդյունքները կլինեն հավաստի, մեր կամքին համահունչ: Իսկ հասարակությունը ժամանակին կտիրապետի քվեարկության արդյունքներին: Մեր նախնիները ասել են, որ մենք ձեւավորվում ենք մեր մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք: Ստեղծվելիք վստահության մթնոլորտը եւ ընտրական գործընթացի պայմանները թույլ չեն տա, որ ոչ ոք կասկածի կամ մտավախություն ունենա ընտրությունների արդարացի արդյունքների վերաբերյալ: Մենք կունենանք հասարակության բոլոր շերտերի կամքն արտահայտող խորհրդարան, որտեղ իրենց տեղը կգտնեն հիմնականում չվարկաբեկված, հմուտ, կիրթ, քաղաքավարի եւ պարկեշտ անձինք: Վաղուց, շատ վաղուց ասել են, որ եթե ուզում ես նավ կառուցել, պարտադիր չի մարդկանց հավաքել, գործ անել, այլ պետք է մարդկանց իրազեկել, հավասար իրավունքներ ապահովել, վարակել անծայրածիր ծովը լիարժեք տեսնելու ձգտումով: Այդ դեպքում նրանք համատեղ կկառուցեն նավը…

ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:

Նշված նորմը իրագործելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով, առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան երկու եւ ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ: Քանի որ մենք ՀՀ-ում դեռեւս չունենք կուսակցություններ, ուստի առաջարկեցինք եւ կուսակցությունը կամ դաշինքը կորոշի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկված թեկնածուներին, հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների հ/կ-ի դիրքորոշումը: Կուսակցության եւ կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ մասում 1). 2). 3). 4). թվագրմամբ նշված յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուի վերաբերյալ:

Ընտրական օրենսգրքով ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացվեն բոլոր կուսակցությունների եւ դաշինքների ցուցակներում: Ես գտնում եմ, որ այդ նորմը պարտադիր պետք է լինի: Բայց հաշվի է առնվում, որ եթե կուսակցություններն «օբյեկտիվ» պատճառներով չեն կարող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին ցուցակում ներկայացնել, ապա այն չպետք է «արգելի» կուսակցության կամ դաշինքի մասնակցությունն ընտրություններին: Միայն թե ազգային փոքրամասնությունների մանդատը չպետք է թափուր մնա: Կարեւոր է, որ այդ խնդրահարույց հարցը լուծվեց եւ մեր հանրապետությունում ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկայացուցչական մարմնում, որն արդարացի է, առաջընթաց է: Այն օրենքով ամրագրում է ազգային փոքրամասնությունների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը: Պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր հանրապետության եւ հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Այս նորմի սահմանումը ժամանակին է, գնահատանքի է արժանի եւ հավատացեք, այն եւս մի անգամ բարձրացնում է ազգային փոքրամասնությունների պատասխանատվությունը: Այն միայն օգնող, օժանդակող կարող է լինել, ոչ մի դեպքում խանգարող չէ, որի համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր երկրի ղեկավարությանը, մեր ժողովրդին՝ նման քաղաքական որոշում կայացնելու համար:
Այսօր քաղաքական դաշտում սահմանադրական բարեփոխումները, նոր ընտրությունները պահանջում են նոր քաղաքական մոտեցումներ: Ընտրական պրոցեսում փոփոխություններն առկա են՝ մեր հանրային վստահությունը կյանքի կոչելու համար: Խորհրդարանական ընտրությունները պետք է արտացոլեն մեր ժողովրդի կամքը: Նոր Ընտրական օրենսգիրքը ողջունելի եւ դրական գնահատանքի արժանի օրենսգիրք է: Չնայած առանց հանրության թեկույզ նվազագույն վստահության եւ հավատի՝ ոչ մի օրենսդրական ակտ չի կարող աշխատել: Մշտապես պետք է կատարելագործվեն, որեւէ խոչընդոտ չպետք է լինի: Հանրության հետ փոխադարձ կապը, անշուշտ, միայն ողջունելի եւ օգտակար է:

2015թ. սահմանադրական բարեփոխումների քաղաքական միջոցառումներով պայմանավորված՝ մենք բոլորս պարտավոր ենք «աչքի լույսի պես» պահել մեր երկրի կայունությունը, հզորությունը, անվտանգությունը: Միասնական պայքարենք մեր երկրի տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համար: Անկախ դիրքից ու պաշտոնից, պատվով եւ արժանապատիվ կատարենք մեր առջեւ դրված խնդիրները: Նորացված Սահմանադրության պահանջներին համապատասխան, առողջ մտածողությամբ, ժամանակակից ուղիով եւ արդյունավետությամբ: Համոզված եմ, որ սահմանադրական բարեփոխումները, նաեւ նոր ընտրությունները պետք է շատ բան փոխեն մեր կյանքում, իսկ իշխանությունները նման քաղաքական կամք ունեն եւ ամեն ինչ կանեն, որ ժողովուրդը վստահ լինի իր ընտրության հարցում: Մեր վստահությունը, հավատը միմիայն հաջողություններ կբերի մեզ, մեր հայրենիքին, ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությանը, վտանգներով լի այս աշխարհում: «Ժամանակն է բոլորս պարզ տեսնենք մեր երկրում տնտեսական ու քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, դրանք ինքնանպատակ չեն, այլ լավ Հայրենիք ունենալու, անվտանգ Հայրենիք ունենալու, սեփական հողի վրա հազարամյակներ ապրելու եւ արարելու նպատակով արված բարեփոխումներ են», -նշում է մեր երկրի նախագահ Ս. Սարգսյանը:
Նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն ինքնանպատակ չէ: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր երկրի նոր Ընտրական օրենսգրքի նորմերի ճիշտ իրագործման համար: Փոխվում է սերունդը, բնականաբար, փոխվում է նաեւ հանրային վերաբերմունքը:

 
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ»
Եզդիների ազգային
միավորում հ/կ խորհրդի նախագահ

 

«Առավոտ»

15.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930