Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օլիգարխիան եւ նրա վտանգները

Նոյեմբեր 16,2016 14:00

Մեր անտարբերության եւ անպատրաստվածության հետեւանքով ինքներս ձեւավորեցինք օլիգարխիան եւ այն շատ արագ սերտաճեց իշխանության հետ ու դարձավ թելադրող ուժ: Քրեական հեղինակությունները նույն կերպ շատ արագ գտան իրենց տաքուկ տեղը եւ դարձան միջնորդ՝ իշխանության եւ օլիգարխների միջեւ, դարձնելով համակարգը քրեաօլիգարխիկ:

Ստեղծված իրավիճակում, երբ օլիգարխները իշխանության մաս են կազմում, երկրի համար անկանխատեսելի ծանր հետեւանքներով է հղի նրանց ախորժակը զսպելու ուղղությամբ ձեռնարկված պոռթկումային ու կտրուկ ցանկացած քայլ:

Անհրաժեշտ է առանց մեծ ցնցումների վերակառուցել համակարգը ժողովրդավարական հիմքերի վրա: Առաջին հերթին օրենսդրությունը պետք է լեգիտիմացնել, իրավապահ եւ արդարադատական համակարգերը պետք է սկսեն գործել ժողովրդավարական հիմքերի ու սկզբունքների վրա: Պետք է հայտարարվի օրենքի դիկտատուրա:

Այս կարեւոր հարցերում քաղաքացիական հասարակությունը պետք է ունենա իր ուրույն եւ կարեւոր դերակատարությունը: Այն պայմանավորված պետք է լինի բարձր պատասխանատվությամբ ու պահանջկոտությամբ: Մեզանում ներկայումս քաղաքացիական հասարակության ակտիվ օղակները օժտված չեն բարձր պատասխանատվությամբ, չունեն եւ իրազեկվածության բարձր աստիճան: Բացակայում է առողջ քննադատությունը, որը զերծ է էմոցիաներից եւ կանխակալ շահագրգիռ ձգտումներից:

Փոխարենը կա անձնական շահերից, նախանձից եւ չուզողությունից դրդված՝ քննադատելու սովորույթը:

Անկախ ժողովրդավարական մեր հանրապետությունում ներկայումս գնալով մեծ տարածում է գտնում կեղծ ընդդիմության՝ ժողովրդավար երեւալու եւ մասսաներին իր կողմը գրավելու, ուշադրության արժանանալու ոչ կառուցողական եւ իռացիոնալ քննադատությունը, ինչը մեծ սպառնալիք է ժողովրդավարական համակարգի եւ ամբողջ հասարակության համար:

Այս եւ այլ սպառնալիքներ ու վտանգավոր երեւույթներ չեզոքացնելու համար նախ իշխանությունը պետք է դադարի կերակրաման լինելուց, որը գայթակղում եւ դեպի իրեն է հրապուրում դատարկ հոգով ու էությամբ եւ լիքը գրպանով մորթապաշտներին:
Երբ իշխանությունը քաղաքական կամք կդրսեւորի եւ կսկսի ավելի արդյունավետ ծառայել ժողովրդին, կունենանք սպասված արդյունք, այն է՝ առողջ քաղաքացիական հասարակություն եւ ժողովրդին ծառայող վստահելի իշխանություն՝ լցված ազգային արժեհամակարգով:

Այս առումով նոր կառավարության եւ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության առաջին քայլերը կարելի է գնահատել որպես հույսի նոր սկիզբ: Պետք է հավատ ընծայել ու շանս տալ… երկրում նոր՝ որակական փոփոխություններ ունենալու համար:

 

ԽԱՉԻԿ ՄԱՐՈԶՅԱՆ

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի»
հիմնադիր նախագահ

«Առավոտ»

15.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930