Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարի ռուսներ եւ առատ հույզեր «Երկրաշարժ» ֆիլմում

Նոյեմբեր 16,2016 13:30

Իսկ հայերից ոմանք, ըստ ֆիլմի,
անխնա դիակապտությամբ են զբաղված աղետի գոտում

Օրերս կայացավ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանն ու Հրանտ Բարսեղյանը, պրոդյուսերները՝ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանն ու Ղեւոնդ Անդրեասյանը։

Հրաշալի օպերատորական աշխատանք կար, ռեժիսորական ինքնատիպ լուծումներ, սցենարական առումով էլ լավ աշխատանք էր կատարված: Հետաքրքիր ձեւով միմյանց հյուսված ճակատագրեր կային. ավտովթարի պատճառով ծնողներին կորցրած տղան հետագայում որդեգրում է ծնողների մահվան պատճառ դարձած ռուս զինվորականի երեխային, քանի որ կալանավայրից վերադառնալուց հետո զինվորականը զոհվում է, երկրաշարժի պատճառով զոհվում են նրա կինն ու դուստրը, ու փոքրիկ տղան որբ է մնում: Ինչպես «Եթե բոլորը» ֆիլմի դեպքում, «Երկրաշարժում» էլ բարի, պարկեշտ ռուսի կերպար կա, համարյա սիրահարվելու տղամարդ: Սովետի ժամանակ հասկանալի էր այդ միտումը, այլ ելք չկար, բայց պարզվում է՝ այսօր եւս Հայաստանին վերաբերող ֆիլմերում անհաջող ռուս գրեթե էլ չի հանդիպում: «Երկրաշարժում» Հայաստան ժամանած փրկարարները եւս բացառապես ռուսներ են, միայն մի ֆրանսիացի կա, նրա թարգմանիչը եւս ռուս է: Մի տեղ էլ կադրում երեւաց «Եղբայրական Տաջիկստանից» մակագրությամբ ուղարկված օգնության մասին պաստառը, դե բնական է, փառապանծ ՀԱՊԿ այսօրվա անդամին հո՞ չէին անտեսելու:

«Երկրաշարժը» արցունք քամող ֆիլմ էր, շատերը դահլիճից դուրս եկան ու ասացին, որ լաց են եղել ֆիլմը դիտելիս: Բայց մի՞թե զուտ հույզի վրա կառուցված ֆիլմը նշանակում է լավ ֆիլմ: Եթե այդ տեսանկյունից մոտենանք, ապա բոլոր պարզունակ հնդկական ֆիլմերում լացուկոծ կա, դաժան ճակատագիր, վերջում էլ տղան մեռնում է, կամ խալից միմյանց ճանաչում են քույր ու եղբայր, մայր ու որդի եւ այլն:

Ֆիլմում շեշտադրված էր աղետյալներին թալանելու պահը: Հասկանալի է, որ նման իրավիճակներում բոլոր երկրներում միշտ էլ առկա է դիակապտությունը, լավ, բայց այս աստիճանի՞: Ինչ իմաստ ուներ նման չափազանցությունը, ուրիշ բան չկա՞ր շեշտադրելու: Սարիկ Անդրեասյանը ի պատասխան «Առավոտի» հարցի՝ հիմնավորեց, որ 25000 մարդ է զոհվել երկրաշարժի պատճառով, իսկ դա 25000 ճակատագիր ու պատմություն է, եւ բոլորը հնարավոր չէ մեկ ֆիլմում պատմել, նաեւ ասաց, որ փրկարարներից մեկն է իրեն պատմել, թե ոնց է նույն ինքնաթիռում հանդիպել թալանելու համար Գյումրի շտապող մեկին:

Ինչ վերաբերում է ֆիլմում միայն ռուս փրկարարների ներկայությանը, դա էլ պրոդյուսերներից Ռուբեն Դիշդիշյանը հիմնավորեց, թե չպետք է հաշվարկել՝ ով քանի տոկոսով է օգնել Հայաստանին, պետք է կենտրոնանալ պատմության վրա:
Բարեգործությունն ու ցավը «կիսելը», բնականաբար, հաշվարկելի չեն, այլ հարց է, որ դրանք «ռուսական» սոուսով են մատուցվում:

Չմոռանանք նշել, որ համարյա բոլոր դերասանները համոզիչ էին խաղում, անգամ ռուս զինվորականի տղային մարմնավորած փոքրիկը, հետաքրքիր էին ողբերգականի ու երբեմն զավեշտալիի միախառնումները: Փայլուն էր հատկապես Կոնստանտին Լավրոնենկոյի ու Միքայել Պողոսյանի խաղը:

Ֆիլմի երաժշտությունն էլ, որ հեղինակել է Հայկոն, բավական համահունչ էր թեմային:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

15.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930