Ըստ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանի` ՀՀ-ն մտնում է բարդ մի խաղի մեջ, որը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման առումով, եթե ՌԴ-ԱՄՆ հակամարտությունն ավելի խորանա Թրամփի օրոք:
– Հայ-ամերիկյան հարաբերությունները մեր երկրի անկախացումից ի վեր մշտապես ընթացել են զարգացման հունով, Վաշինգտոնի քաղաքականությունում արդյոք փոփոխություններ կարո՞ղ են տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք:
– Հայաստանը երբեք գլոբալ կարեւորություն եւ կշիռ չի ունեցել ԱՄՆ-ի համար եւ մոտավոր ապագայում չի ունենա, քանի դեռ Հայաստանն էապես չի փոխել քաղաքական եւ տնտեսական իր մոդելները: Վաշինգտոնի համար միշտ որոշակի դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ի հայ համայնքը: Սակայն Թրամփ-Քլինթոն դուետի նախընտրական պայքարի ընթացքում անգամ ավանդական դարձած այդ հանդիպումներն ԱՄՆ հայկական համայնքի հետ տեղի չունեցան թեկնածուներից որեւէ մեկի հետ: Այդուհանդերձ, մի շարք գործոններ դեռ շարունակում են Հայաստանին պահել ԱՄՆ քաղաքական ուշադրության կենտրոնում: Գործոններից որոշները բացասական են, որոշները՝ դրական:
Բացասական են Հայաստանի ռազմաքաղաքական եւ տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերջինիս ռազմական բազայի ներկայությունը եւ ռուսական ընդգծված ազդեցությունը Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ոլորտների վրա: ԱՄՆ-ն ունի անհանգստություն, որ Հայաստանը կարող է ներքաշվել ռուսական ռազմական եւ/կամ քաղաքական նախագծերում ընդդեմ ԱՄՆ-ի կամ ԱՄՆ որեւէ դաշնակցի, եթե Ռուսաստանը որոշի ուրիշի (իմա՝ Հայաստանի) ձեռքով կրակից շագանակներ հանել կամ դրդել հակաարեւմտյան քայլերի, օրինակ՝ այնպես անել, որ Հայաստանը կրկին հրաժարվի նախաստորագրել ԵՄ-ի հետ համագործակցության իրավական փաթեթը կամ սահմանափակի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, պահանջի կրճատել արեւմտյան երկրների դիվանագիտական առաքելությունների անձնակազմը կամ սահմանափակել արեւմտյան դոնորների ֆինանսական աջակցությունը:
Կարդացեք նաև
Հայաստանի իշխանությունները հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ստորագրեցին «Մինչ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը», մի փաստաթուղթ, որն իր բովանդակությամբ եւ բնույթով հակաարեւմտյան է եւ նախատեսում է միջոցառումներ ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ մասնավորապես՝ ԱՄՆ-ի քաղաքական եւ այլ նկրտումների դեմ: Այսինքն՝ Հայաստանը, որպես ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ երկիր, ուղղակիորեն մաս է կազմում ռուսական հակաարեւմտյան «կոալիցիայի» եւ մտնում է բարդ մի խաղի մեջ, որը կարող է խնդիրներ առաջացնել հենց Հայաստանի համար նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման առումով, եթե ռուս-ամերիկյան հակամարտությունն ավելի խորանա Թրամփի օրոք:
Բացասականներին պետք է դասել նաեւ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ձգձգումը, որն ավելի է ամրապնդում Ռուսաստանի ապակառուցողական դերակատարությունը տարածաշրջանում:
Դրական գործոններից են Հայաստանի լավ հարաբերություններն Իրանի, Վրաստանի հետ, ինչպես նաեւ Սիրիայում հայկական համայնքի առկայությունը եւ սիրիահայ փախստականներին ապաստան տրամադրելու փաստը: ԱՄՆ-ում կա որոշակի իռացիոնալ դրական վերաբերմունք Հայաստանի հանդեպ եւ համագործակցության մեծ ներուժ մի շարք ոլորտներում, որը, սակայն, լիովին չի օգտագործվում հայկական վախկոտ արտաքին քաղաքականության պատճառով:
Թրամփը կաշխատի աշխուժացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, եթե պաշտոնական Երեւանը չունենա արտաքին եւ ներքին սահմանափակումներ: Հայ-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր դինամիկան մեծապես կախված կլինի նաեւ այն հանգամանքից, թե ով է լինելու նոր պետքարտուղարը եւ ընդհանրապես՝ նրա ողջ թիմը: Եթե պետքարտուղար լինի Նյուտ Գինգրիչը, ապա, օրինակ, նրա վերաբերմունքը Ցեղասպանության ճանաչմանը շատ բացասական է եղել, մինչդեռ փոխնախագահ Մայքլ Պենսը կոնգրեսական եղած ժամանակ բազմաթիվ անգամներ հայտնել է իր աջակցությունը Ցեղասպանության ճանաչմանը: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Դեռ վաղ է կանխատեսումներ անել, քանի որ Թրամփը դեռ պետք է շատ հարցերում կողմնորոշվի: Կարծում եմ՝ եթե նույնիսկ ԱՄՆ-ը չակտիվացնի իր շփումները Հայաստանի հետ, ապա գոնե կպահպանի եղած մակարդակները:
– Պարոն Մելիքյան, ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը հիմք ընդունելով՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք նախ՝ մեր տարածաշրջանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից առաջիկայում վարվող քաղաքականության վերաբերյալ:
– Ինչպես նշեցի, Թրամփը դեռ ինքը պետք է հասկանա՝ ինչ է կատարվում եւ ինչպես պետք է ինքը կառավարի Միացյալ Նահանգների նման բարդ, քաղաքականապես բազմաշերտ եւ տնտեսապես եւ ռազմականապես աշխարհի հզորագույն երկիրը, որն ունի նաեւ ներքին խնդիրներ: Թրամփը շատ վիճահարույց թեկնածու էր հենց առաջին օրվանից ոչ միայն միջազգային հանրության, այլեւ հենց ամերիկացիների համար: Օվալաձեւ գրասենյակը զբաղեցնելու պահից սկսած՝ Թրամփի առաջնային խնդիրը կլինի ոչ թե արտաքին քաղաքական փոփոխությունները, այլ ներքին դժգոհություններին, քննադատություններին արձագանքելը եւ ընտրությունների արդյունքից եւ ընտրական համակարգից խորապես հիասթափված ամերիկացիներին կրկին լավ տրամադրություն պարգեւելը: Թեեւ ԱՄՆ-ը շատերի համար ավելի շատ ընկալվում է որպես միջազգային ասպարեզում ավելի ակտիվ երկիր, սակայն իրականում ԱՄՆ բոլոր նախագահների համար ներքին խնդիրները մնում են թիվ մեկ առաջնահերթություն:
Հարավային Կովկասն առաջնահերթություն չէ ԱՄՆ-ի համար եւ կշարունակի այդպիսին մնալ նաեւ Թրամփի օրոք, առավել եւս, որ նարնջագույն նախագահը պետք է լուծի շատ կարեւոր խնդիրներ Սիրիայի, Իրանի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի հետ: Առաջնահերթություն կլինեն նաեւ ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունները, ԵՄ-ի ապագան եւ այլն: Եթե Թրամփը մի շարք բնագավառներում չհանդիպի դժվարությունների (իսկ ավելի հավանական է, որ կհանդիպի), ապա կկարողանա ավելի կառուցողական լինել: Եթե ոչ, ապա Թրամփն անդադար զբաղված է լինելու ընդդիմադիրներին ապացուցելով, որ իր ոչ այդքան ինտելեկտուալ դեմքի հետեւում թաքնված է սկզբունքային եւ հեռատես քաղաքական առաջնորդ: Այդ սխեմաներում մեր տարածաշրջանը որեւէ կարեւորություն չի ստանում:
– Թրամփը Վրաստանում եւ Ադրբեջանում բիզնես-ծրագրեր է ունեցել, այսինքն՝ կարող ենք ասել, որ նա մեր տարածաշրջանի մասին որոշակի պատկերացում ունի: Ադրբեջանի նախագահն իր շնորհավորական ուղերձում կենտրոնացավ ԼՂ խնդրի վրա: Վերջին տարիներին ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների համար ակնհայտորեն լավ ժամանակներ չէին, այդ փոխհարաբերություններում սառնություն էր նկատվում, Ալիեւը շատ հաճախ կոշտ քննադատության էր արժանանում ԱՄՆ-ից, Վաշինգտոնի քաղաքականությունն էլ իր հերթին Ադրբեջանում էր բավական սուր քննադատության արժանանում: Ալիեւի ակնկալիքները Թրամփից կարո՞ղ են փոխել Վաշինգտոնի քաղաքականությունը Ադրբեջանի իշխանությունների եւ ԼՂ խնդրի նկատմամբ:
– Ինչպես եւ Հայաստանի պարագայում, ԱՄՆ-ը կփորձի պահպանել Ադրբեջանի հետ հարաբերությունների ստատուս քվոն, առավել եւս, որ արդեն որպես պետական պաշտոնյա Թրամփն իրավունք չունի զբաղվել բիզնեսով, այլ նրա բիզնեսներով կզբաղվեն նրա զավակները: Ժողովրդական լեզվով ասած՝ Թրամփի գլուխը շատ խառն է լինելու առաջին ժամանակները, որոնք չափազանց բարդ են լինելու իր եւ իր թիմի համար: Մեր տարածաշրջանով կզբաղվեն նրա խորհրդականները եւ պետքարտուղարը, թեեւ նաեւ չի բացառվում, որ ՆԱՏՕ-Թուրքիա-Սիրիա-Ռուսաստան թնջուկի համատեքստում որոշակի քայլեր լինեն հայ-թուրքական հարաբերությունների ապասառեցման մասով, որտեղ Ադրբեջանը եւս իր ներկայությունն ունի Թուրքիայի մատուցմամբ:
Մյուս կողմից էլ կա Իրանի տնտեսական եւ հետեւաբար՝ քաղաքական ակտիվացման հարցը, եւ այդ երկրի վրա վերահսկողություն ունենալու համար կարող են օգտագործվել ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական հարթակները: Համենայնդեպս, Ադրբեջանն, իհարկե, կփորձի նոր պայմանների շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ, հատկապես էներգետիկ համագործակցության եւ առեւտրային հարցերում, սակայն տարածաշրջանային ընդհանուր սխեմայի վրա դրանք, կարծում եմ, էական ազդեցություն չեն ունենա: Ինչ վերաբերում է ԼՂ հարցին, ապա լինելով համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը կշարունակի բանակցողի իր աշխատանքը, սակայն հնարավոր է նաեւ, որ ինչ-որ պահից սկսած՝ ԱՄՆ-ը փորձի նոր եռանդ հաղորդել բանակցություններին՝ հասնելու փոխզիջումային լուծման:
– Թրամփը համարվում էր Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեպի մեղմացում տանող թեկնածու: Կարծում եք նրա նախընտրական խոստումները կիրականանա՞ն, ԱՄՆ-ՌԴ փոխհարաբերություններում ջերմացում կարո՞ղ ենք կանխատեսել, արդյոք այդ հնարավորությունը կախված է լինելու Թրամփի՞ ցանկությունից:
– Դրա մասին փորձում են կանխատեսումներ անել բոլորը, եւ ակտիվ է հատկապես ռուսական քաղաքական եւ փորձագիտական դաշտը: Ռուսաստանի ցանկությունն է վերջապես հասնել պատժամիջոցների թուլացմանը, քանի որ ռուսական տնտեսությունն արդեն ճաքեր է տալիս, եւ սոցիալական դժգոհությունները կարող են խմորվել իշխանությունների համար ոչ ցանկալի սցենարով: Վստահ եմ, որ Թրամփի համար ռուս-ամերիկյան հարաբերություններն առաջնահերթություն են, սակայն մեկ բան է՝ ԱՄՆ նախագահի թեկնածու լինել, մեկ այլ բան է՝ լինել ԱՄՆ նախագահ: Նրանց տարբերությունը պետական գաղտնիքների իմացության եւ չիմացության մեջ է: Այդ իմացությունը փոխում է ոչ միայն նախագահի պատկերացումներն աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին, այլեւ նրա վարքագիծը: Թրամփը հավատացած է, որ կարող է լեզու գտնել ռուսների հետ: Ռուսները եւս համոզված են, որ Թրամփը նման չի լինի Օբամային, եւ կկարողանան նրա «խելքն ուտել» եւ հասնել իրենց խնդիրների լուծմանը: Դա, իհարկե, կլինի ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումը, քանի որ Ռուսաստանի գերնպատակն է կազմաքանդել ՆԱՏՕ-ն եւ պառակտել կամ տնտեսապես թուլացնել Եվրամիությունը:
Կարծում եմ՝ ռուսների հաշվարկն այն է, որ Թրամփի գլխի տակ հեշտ կլինի բարձ դնել եւ թելադրել իրենց կամքը, այսինքն՝ օգտագործել Թրամփին որպես տրոյական ձի: Բայց ունեմ ներքին մի զգացողություն, որ Թրամփը, նարնջագույն աղվեսի նման, շատ ավելի խորամանկ է դուրս գալու եւ ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու ռուսների համար: Սակայն նշեմ նաեւ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը բնավ չի բխում Հայաստանի շահերից:
– Հայաստանը լինելով ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ պետություն՝ շարունակում է ԵՄ-ի նոր փաստաթղթի շուրջ բանակցություններ վարել: Եթե նույնիսկ այդ բանակցությունները բարեհաջող ավարտվեն, իրականության մեջ որքանո՞վ դա արդյունավետ կլինի Հայաստանի զարգացման համար: Առհասարակ, Ռուսաստան-Արեւմուտք սրված հարաբերությունների պայմաններում Հայաստանն ունա՞կ է մանեւրելու:
– Հայաստանի մանեւրելու դաշտն աստիճանաբար նվազում է, եւ չնայած Հայաստանն ունի երկուստեք շահավետ եւ դրական գործընկերային հարաբերություններ արեւմտյան երկրների եւ կառույցների հետ, սակայն դրանց ծավալը, խորությունը, տեսակը եւ բնույթը գրեթե չեն փոխվում եւ հիմնականում վերաբերում են նյութատեխնիկական, իրավական եւ ֆինանսական աջակցությանը, փոխանակման եւ վերապատրաստման ծրագրերին, բիզնեսին, տուրիզմին եւ այլն, որոնք, այսպես ասած, «փափուկ» բնագավառներին վերաբերող հարաբերություններ են՝ առանց հեռահար եւ ռազմավարական հավակնությունների: Իսկ դա արդեն մանեւրել չէ, այլ կատարյալ ասիմետրիկություն:
Թեեւ Հայաստանի արտաքին քաղաքականություն մշակողների եւ իրականացնողների համար ներսից տպավորություն է, որ Հայաստանը մանեւրում է կամ վարում է, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականություն, եւ շատերը դրան անկեղծ հավատում են, սակայն գլոբալ պատկերի վրա այդ տատանումները չնչին են եւ ոչ էական: Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքականության եւ տնտեսական քաղաքականության սպառողն է: Այդ իրողությունը տեսնելու համար պետք է ուշադրություն դարձնել ոչ թե պաշտոնյաների հայտարարություններին եւ ելույթներին, այլ բավական է ուսումնասիրել Հայաստանի կողմից ստորագրված փաստաթղթերը, եւ պատկերը լրիվ այլ կլինի:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 15.11.2016