Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի կարծիքով ապրողներն իրենց թերագնահատողներն են

Նոյեմբեր 16,2016 12:30

Կա՞ն, արդյոք, մարդիկ, ովքեր կարող են ապրել շրջապատի կարծիքը ընդհանրապես արհամարհելով: «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այդպիսի մարդիկ շատ քիչ են, որոնք մեծամասամբ բնորոշ են փսիխոպատ խանգարումներին: «Այլ հարց է, թե ուրիշի կարծիքը որքան է կարեւորվում իր սեփական կարծիքից, ինչպես է անձը որոշումներ կայացնում կամ ընտրում, ինչքանով է հաշվի նստում իր սեփական պահանջների հետ»,-նշում է մասնագետը` ավելացնելով, որ իրականում կան դեպքեր, երբ մարդը տարիներ շարունակ այնքան է ապրել ուրիշի կարծիքի եւ ցանկությունների ազդեցության տակ, որ նույնիսկ չի կարողանում հասկանալ՝ դա իրենն է, թե ուրիշինը: Հոգեբանի բնորոշմամբ, որպես կանոն, բոլոր մարդկանց սեփական կարծիքը՝ «Ես»-ը, սկզբնական փուլում ձեւավորվում է ուրիշ մարդու ազդեցությամբ. «Վաղ տարիքում երեխայի վարքը ձեւավորվում է մեծահասակների խրախուսանքի կամ պատժի, հավանության կամ ոչ հավանության արժանանալու մեխանիզմներով: Երբ երեխան առաջին անգամ իր սիրած խաղալիքը կոտրում է, նա ուղղակի հետազոտում է այն, որ հասկանա, ինչ կա ներսում, սակայն ծնողներից որեւէ մեկը խիստ տոնով երեխային հասկացնել է տալիս, որ վատ բան է արել: Երեխան հասկանում է, որ խաղալիքը կոտրելը վատ բան է: Եվ հակառակը, եթե թափթփված խաղալիքները հավաքում է, ծնողը խրախուսում է, գովում է եւ երեխան հասկանում է, որ դա լավ բան է եւ իրեն դրա համար գովելու են ու սիրելու, շարունակում է այդպես վարվել»:

Այդ ամենը, Լիլիթ Խաչատրյանի մեկնաբանմամբ, իրականում վարքը կարգավորող մեխանիզմներն են, որոնք մարդու մոտ առաջացնում են սիրված կամ չսիրված, ընդունված կամ մերժված, խրախուսված կամ քննադատված լինելու զգացումներ. «Սրանք տարիքային բոլոր փուլերում պահպանվում են, սակայն կարող են փոխվել զգացումներն առաջացնող հիմքերը: Օրինակ, եթե երեխան վախենում է, որ լավ գնահատական չստանա, գուցե իրեն չսիրեն կամ պատժեն, ավելի մեծ տարիքում վախենում է, որ եթե տունը մշտական մաքուր վիճակում չլինի, գուցե իրեն չսիրի իր ամուսինը կամ պատժվի նրա կողմից»:
Կան մարդիկ, որոնց համար անտանելի է եւ անդիմանալի, եթե հանկարծ արժանանում է քննադատության, չհասկացվածության կամ զգում է, որ կարող է իր համար կարեւորագույն մարդկանց սերը կորցնել: Շրջապատի կարծիքից կախվածությունը, ըստ հոգեբանի, տարաբնույթ վախի արտահայտումներ են` «չանեմ այնպիսի բան, որ ինձ չսիրեն, սխալ հասկանան, քննադատեն, մերժեն, հարաբերություններս փչացնեմ, վիճաբանության մեջ հայտնվեմ կամ պատժվեմ»:

lilit_khachatryan-2

Լիլիթ Խաչատրյանն ասաց, որ այս բոլոր վախերը ի հայտ են բերում խորը կախվածություն շրջապատից, որը մարդու հոգեկանում առաջացնում է տառապանք, անբավարարվածության զգացում, անլիարժեքություն եւ այդ ամենը հասկանալի է, որովհետեւ այն գրեթե հավասարազոր է վախի, որը առաջանում է հետեւյալ պատճառներից`

1. Առկա է չիմացությունը, մարդը երբեք չի արել դա, չի հակառակվել, չի պաշտպանել սեփական կարծիքը, չունի հմտություններ պայքարելու կամ անկեղծ քննարկելու:
2. Նախորդ բացասական փորձից չի կարողանում ազատվել, մի անգամ իր կարծիքը առաջ տանելուց հայտնվել է կոնֆլիկտային իրավիճակում, վախենում է նույնը կրկնվի, իսկ ինքը պատրաստ չէ դրան:
3. Կառչած է անթերի լինելու եւ իդելական երեւալու գաղափարից, չի ընդունում, որ կարող է սխալվել եւ ամենակարեւորը՝ քննադատվել:
4. Ունի ընդհանրացնելու հակվածություն, օրինակ, երբ հարեւանի աղջիկը կարճ շրջազգեստով աշխատանքի է գնացել ու լսել է, թե ինչպես են վերաբերվել նրան, իրեն թվում է, որ իր հետ էլ կարող են նուն կերպ վերաբերվել:
5. Մտածողությունը կարծրատիպային է, չի փորձում գտնել պատճառ-հետեւանքային կապերը, «օրինակ` աղջիկը պետք է միայն լավ մայր լինի», բնականաբար, որքան էլ ինքը խելացի է եւ կարող էր լավ մասնագետ լինել, այդ ձգտումը չի գործում:
6. Իր համար ստեղծել է իմիջային մի կերպար, որի մեջ ինքն ավելի սիրված եւ հարգված է իրեն զգում եւ մտածում է, եթե հանկարծ իր ցանկություններով ապրի, ամեն ինչ կկորցնի, չունի բավարար ռեսուրսներ նոր կերպարը հաստատելու, որտեղ ինքն է որոշումներ կայացնում, մերժում է դիմացինի խնդրանքը, կամ հաճույք է ստանում իր սեփական կարծիքը եւ գնահատականը ձեւավորելուց:

Ուրիշի կարծիքից կախվածությունը, ըստ մասնագետի, հոգեբանական բարդույթ է եւ նեւրոտիզացիայի տանող ճանապարհ. «Նեւրոզով տառապող մարդկանց մեծ մասն ունի խորը կախվածություն հասարակության կարծիքից: Սեփական «Ես»-ի ցանկությունները եւ պահանջները նրանց մոտ ճնշված են»: Այս երեւույթը, Լիլիթ Խաչատրյանի բնորոշմամբ, կապված է նաեւ ցածր ինքնագնահատականի հետ, երբ մարդը իր սեփական ճաշակը, հետաքրքրությունը, ցանկությունը ոչինչ է համարում այլ մարդու համեմատ. «Առաջանում է կախվածություն ուրիշի գնահատականից, որովհետեւ իր գնահատականը կամ ձեւավորված չէ, կամ էլ կշիռ չունի իր համար»:

Շարունակելի

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

15.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930