Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում բացահայտեց, որ թեեւ 8 տարի եղել է անկուսակցական, բայց առաջիկայում դիմելու է ՀՀԿ-ին՝ իրեն ընդունելու խնդրանքով:
«Հաշվի առնելով այն փոփոխությունները, որ այսօր տեղի են ունեցել մեր Սահմանադրության մեջ՝ կարծում եմ, որ քաղաքական դաշտում այլևս անհնար պետք է լինի անկուսակցական արդյունավետ աշխատանքը: Ի վերջո, մենք մտնում ենք մի փուլ, որտեղ խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունները պետք է կրեն հիմնական պատասխանատվությունը և հիմնական դերակատարումը ունենան: Հետևաբար` ես իմ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին, դուք առաջինն եք, ում ես դրա մասին հայտնում եմ, ես դիմելու եմ Հանրապետական կուսակցություն՝ ինձ ընդունելու խնդրանքով», – ասաց Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը նաեւ հավելեց. «Ես երբևէ կուսակցական չեմ եղել: Այդուհանդերձ վերջին ութ տարին շատ սերտ փոխգործակցություն եմ ունեցել Հանրապետական կուսակցության հետ՝ հասկանալի պատճառներով, որովհետև եղել եմ Հանրապետական կուսակցության ղեկավարի քաղաքական թիմի անդամ, աշխատակազմի ղեկավար: Բայց չեմ եղել կուսակցական, որովհետև երբևէ չեմ զբաղեցրել և այդ պահին չեմ ծրագրել զբաղեցնել քաղաքական որևէ պաշտոն: Ես եղել եմ հայեցողական ամենաբարձր պաշտոնում՝ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար»: