Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ սպան «բենզին չի լափի». (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2016 20:54

«Այն, որ մեր Սահմանադրական փոփոխություններում ամրագրվեց, որ պատերազմ հայտարարում է պառլամենտը, հո պատահական չե՞ն դրել: Կարող է երկրի նախագահը գիժ է, բա մի 131 ադեկվատ մարդ չլինի՞, որ վերահսկի»,- այս պատկերավոր զուգահեռն այսօր տարավ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա համեմատություն էր անցկացնում զինված ուժերի վրա հասարակական վերահսկողության ինստիտուտի մասով: Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ԵՄ համագործակցություններին վերաբերող քննարկումը Վայքի տարբեր հասարակական կառույցների եւ ուսանողների համար կազմակերպել էր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը:

seminar

Պարոն Սաֆարյանը մանրամասն ներկայացրեց ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ԶՈՒ-ի նկատմամբ հասարակական վերահսկողության մեխանիզմները՝ հավելելով. «Իհարկե, Հայաստանի շահերից է բխում, որ մեր բանակը, առհասարակ, պաշտպանական համակարգերը լինեն ՆԱՏՕ-ի ստանդարտներով, որ բանակը բաց լինի հասարակության առջեւ, ունենա առավելագույն վստահություն, որ այն խնդիրները, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում, լինեն հանրության սեփականությունը: Այդ դեպքում, կոռուպցիան, ոչ կանոնադրային հարաբերությունները նվազագույնի կհասնեն: Երբ սպան գիտի, որ բոլոր գործընթացների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն կա, նա բենզին չի լափի: Անգամ, եթե Հայաստանի ծրագրերում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելը, առավելագույնս պետք է համագործակցենք»:

Ի դեպ, Ստեփան Սաֆարյանը դրական է գնահատում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Փաստում է, որ ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաները եվս գնահատում են, որ Հայաստանը ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ`լինելով մեկ այլ անվտանգության համակարգում: Բանախոսը մանրամասն ներկայացրեց ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների պատմությունը, խոսեց ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության մասին, պատմեց նաեւ խորհրդարանական հարթակում համագործակցությունից` ինչի արդյունքում կարողացել են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հակահայկական բանաձեւեր չեզոքացնել:

Մանրամասները`տեսանյութում

Ստեփան Սաֆարյանը նկատում է, որ Հայաստանին երկու անգամ հաջողվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում կանխել հակահայկական բանաձեւի ընդունումը: Ասում է`դա կարեւոր է, քանի որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք եւ քվեարկելու իրավունք չունենք:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց`մինչդեռ ՀԱՊԿ-ում, որի անդամ է Հայաստանը եւ որի վերջին գագաթաժողովը կայացավ Երեւանում, մենք չկարողացանք մեր թեկնածուին անցկացնել`ՀԱՊԿ-գլխավոր քարտուղարի պաշտոնում, որովհետեւ դրան դեմ էր Ադրբեջանը, այն դեպքում, երբ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ: Ադրբեջանն, իր «հարցերը լուծեց» Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների միջոցով: Դա, ի դեպ, նոր խնդիր չէ եւ միայն Հայաստանի խնդիրը չէ: Առաջին անգամ ՀՀ իշխանությունները խուսափեցին այդ մասին բարձրաձայնել: Արդյունքում, ՀԱՊԿ քարտուղարությունը շարունակում է մնալ «մեծ եղբայր» ՌԴ-ի ձեռքում: «Բորդյուժան հիմա էլ Հայաստանը կներկայացնի»,-հեգնեց Ստեփան Սաֆարյանը`հիշեցնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հայկական կողմից ուղղված հարցումների պատասխաններն այն մասին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի միջամտում, երբ այդ կառույցի անդամ երկրի սահմանները Ադրբեջանը ռմբակոծում է. «Ասում է` բայց ոնց որ դուք լավ եք կռվում: Իսկ ՌԴ-ի դեսպանն էլ, պարզվում է, չի լսել, որ կրակում են»:

Նա հիշեցրեց ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի ելույթը Գերմանիայում, որտեղ ՀՀ նախագահը փաստում էր`«ՆԱՏՕ-ն իր անդամ Թուրքիային տեր կանգնեց ՌԴ-ի հետ լարված հարաբերությունների շրջանում, բայց դուք հեռախոս էլ չեք վերցնում, երբ մեր վրա կրակում էին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930