Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Նոյեմբեր 15,2016 20:40

Մեծարգո վարչապետ պարոն Կ.Կարապետյան.

Ձեր հանձնարարականները  ՀՀ նախարարներին  ՊՈԱԿ-ների աշխատանքների արդյունավետության բարձրացման և դրանք երիտասարդ կադրերով համալրելու վերաբերյալ՝ անխոս տեղին են, սակայն այն՝ ինչ պլանավորվում է կատարել ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի հետ, մեղմ ասած՝ մեզ խիստ անհանգստացնում է:

  1. Նախ ՊՈԱԿ-ների միավորման մասին:

ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ն և նրա ենթակայության չորս ՊՈԱԿ-ները ստեղծվել են Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժի դասերը հաշվի առնելով: Սկզբում, 1992թ., ստեղծվեց ՍՊԱԾ-ի հյուսիսային բաժանմունքը Գյումրիում, որպես ՍՊԱԾ-ի կրկնորդ, քանի որ Երևանում սեյսմիկ արտակարգ իրավիճակի դեպքում պետք է լիներ Երևանից հեռու գտնվող մի կենտրոն, որն  իր վրա վերցներ ՀՀ ՍՊԱԾ-ի բոլոր ֆունկցիաները: Տարիներ հետո ստեղծվեցին հարավային և ԼՂՀ բաժանմունքները, որպեսզի 150 կայաններից կազմված ՍՊԾ-ի դիտարկումների ցանցում առաջացած խնդիրները արագ լուծվեն տեղում, մարզերում իրականացվի լայնածավալ աշխատանքներ շենքերի սեյսմակայունության գնահատման և ՏԻՄ-երի ու բնակիչների պահանջով հետազոտվեն շենքերի տեխնիկական վիճակը, իրականացվի բնակչության և տեղական մարմինների ուսուցանում ու պատրաստում դիմակայելու սեյսմիկ աղետին և այլն:

Այսօր ստեղծվել է սերտ համագործակցություն ՊՈԱԿ-ների, մարզպետարանների և ՏԻՄ-երի միջև քաղաքաշինական և բազմաթիվ այլ խնդիրներով: Մեկ ՊՈԱԿ-ի դեպքում այս կարևոր կապերը խիստ կտուժեն: Այս կառուցվածքի և բարձրակարգ մասնագետների շնորհիվ ՀՀ ՍՊԱԾ-ը հասավ բարձր արդյունքների և հայկական գիտության քիչ ճյուղերից մեկն է սեյսմիկ պաշտպանությունը, որը ԽՍՀՄ փլուզումից հետո հասավ միջազգային մակարդակի, ՀՀ ՍՊԱԾ-ն արժանացավ ՄԱԿ-ի տարրերային աղետների դեմ պայքարի Սասակավայի բարձրագույն մրցանակին, սեյսմիկ պաշտպանության համակարգը համարվեց աշխարհում օրինակելի: Այսօր միավորելով ՊՈԱԿ-ները՝ չգիտենք ինչ կշահի երկիրը, բայց որ խիստ կթուլանա սեյսմիկ պաշտպանությանը, միանշանակ է:

  1. Առանցքային թոշակառու կադրերի կրճատման մասին.

«ՀՀ տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման» պետական ծրագրի կարևոր հիմնախնդիրները ունեն գիտական ուղղորդվածություն(նշված են ծրագրում), որոնց իրականացնողներից գիտական բարձր պատրաստվածություն ու փորձառություն է պահանջում: Միանգամից ազատվելով ՀՀ ՍՊԾ-ի հյուսիսային ծառայության (ՍՊՀսԾ) 17 այդպիսի բարձրակարգ կադրերից, այդ թվում միջազգային մեծ հեղինակություն ունեցող գիտության բոլոր երեք դոկտորներից, ովքեր կատարում են շոգեքարշի դեր իրենց ուսերին տանելով երկրի անվտանգության համար կենսական հիմնախնդիրների լուծման ծանրությունը, նոր կադրերի պատրաստումը և այլն, կոպիտ սխալ է: Մի՞թե նրանց չնչին աշխատավարձի «տնտեսման» հույսին է մնացել երկիրը: Սա անդառնալի հարված կլինի ՀՀ սեյսմիկ պաշտպանությանը, իսկ երկրաշարժերը, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, այսպիսի սխալները չեն ներում: Դժբախտաբար ամենամեծ տուժողը կլինի Երևանը, ուր կան 3500 խիստ սեյսմիկ տեսակետից խոցելի բազմահարկ շենքեր մոտ 800 000 բնակչությամբ:

ՀՀ ՍՊՀսԾ ՊՈԱԿ-ը ծերացած մասնագետների հավաքածու չէ` առկա են և երիտասարդ, և միջին տարիքի, և փորձառու մասնագետներ, ինչը գիտական խնդիրներով զբաղվող կազմակերպության համար պարտադիր պայման է: Մեծ թիվ են կազմում ՊՈԱԿ-ում ստեղծված ԱՏՀ(GIS) կենտրոնի  ՏՏ մասնագետները, որոնք  15 տարուց ավել այդ տեխնոլոգիաները կիրառվում են սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման համար: ՊՈԱԿ-ում միշտ իրականացվել է կադրերի երիտասարդականացման գործընթացը, աշխատանքի են ընդունվել ԲՈՒՀ-երի երիտասարդ շրջանավարտներ: Դժվարությունն այն է, որ չնայած մեր բազմաթիվ հայտերին ու տարած աշխատանքին, այդ թվում Գյումրու տարածքային զբաղվածության կենտրոնի հետ, մեզ խիստ անհրաժեշտ երկրաֆիզիկոսներ, երկրաբաններ, ՏՏ մասնագետներ Գյումրի չեն գալիս, այն էլ մեր համակարգին բնորոշ ցածր աշխատավարձով: Ուստի մենք ստիպված ենք եղել զբաղվել տեղի ԲՈՒՀ-երի շրջանավարտների վերապատրաստմամբ:

Նույնիսկ լավագույն ավտոմատ համակարգերն ու ՏՏ մասնագետները չեն կարող փոխարինել սեյսմակայուն շինարարության, սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման ու նվազեցման բարձրակարգ մասնագետներին: Ի՞նչն է ստիպում գնալ այս սխալ քայլին, հասկանալի չէ: Նախաձեռնվող քայլերը կբերեն չնչին ֆինանսական միջոցների խնայողության, սակայն նրա հասցրած վնասն անդառնալի մեծ կլինի: Բացի այդ, Շիրակի, Լոռու մարզերում լուրջ հարված կհասցվի գիտական զարգացմանը և այս բոլորի ծանր հետևանքները խիստ կերևան ՀՀ-ում հաջորդ ուժեղ երկարաշարժի ժամանակ:

Հավատացեք, վերը գրվածը մասնագիտական խորը վերլուծության և փորձի արդյունք են: Մեր ունեցած վաստակն ու ծառայությունները, որոնք միշտ բարձր են գնահատվել ՀՀ իշխանությունների կողմից, մեզ հիմք են տալիս դիմելու Ձեզ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության աշխատակիցներ`

Ս. Նազարեթյան, երկր., գ. դ., պրոֆ, 68 տարեկան սեյսմիկ վտանգի ու ռիսկի մասնագետ

Ռ.Աթաբեկյան, տեխ. գ. դ.,պրոֆ, 70տ. սեյսմակայուն շինարարության մասնագետ

Ս.Հովհաննիսյան, երկր., գ. դ., 70տ. տեկտոնամագնիսականության  մասնագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Նամակի բուն բովանդակության մասին բան գրել չեմ ուզում, սակայն նամակում կա բացահայտ սուտ և ապատեղեկատվություն: ՍՊԱԾ երբեք չի ստացել ՍԱՍԱԿԱՎԱ մրցանակ: ՍԱՍԱԿԱՎԱԻ մրցանակը շնորհվել է անձամբ պրոֆ. Սերգեյ Բալասանյանին, և այդ ժամանակ նա արդեն ՍՊԱԾ-ի ղեկավարը չէր: Դա եղել է անձամբ նրա մրցանակն սեյսմիկ պատշտապնության ոլորտում իր քրտաջան աշխատանքի և ներդորման համար: Ցավում եմ, որ երբեմնի կոլեգաները բաց նամակ են գրում վարչապետին, տարածելով բացահայտ ապատեղեկատվություն և մեկ այլ մարդու ստացած մրցանակը վերագրում ՍՊԱԾ-ին: Ծատ ամոթ:

  2. Մուշեղ Բադալյան says:

    Ինչպե՞ս կարելի է գիտնականին ստիպողաբար թոշակի ուղարկել, եթե նա ցանկություն ունի և դեռ ի վիճակի է աշխատել։ Տեսնես ինչով են մտածել այս հիմար օրենքը մոգոնող չինովնիկները։ Ով պիտի նրանց բացատրի, որ գիտնականը իրենց նման չինովնիկ չի, որի տեղը նստելու համար հարյուրավոր ավելի արժանի թեկնածուներ կարող են գտնվել, ով պիտի նրանց բացատրի որ գիտնականի պոտենցիալը տարիների հետ միայն աճում է։ Միթե մեր ղեկավար այրերը չեն հասկանում, որ այս հիմար օրենքի անվերապահ կիրարկմամբ տասնամյակներով հետ են մղում գիտության տվյալ բանագավառը։ Ի՞նչ է, հին անեկդոտի նման ջնջենք ու նորի՞ց սկսենք։ Եվ հետո, այդ ի՞նչ մեծ տարիք է 70-ը։ Այս տարիքում շատ մարդիկ դեռ պայքարում են ավելի բարձր ու պատասխանատու պաշտոնների հասնելու, և նույնիսկ երկրի նախագահ դառնալու համար։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930