Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Գյումրիում ունեմ շատ թանկ հիշողություններ»

Նոյեմբեր 15,2016 20:15

Գյումրու «Սև բերդ» ամրոցում նոյեմբերի 18-ին տեղի կունենա համերգ-երեկո նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին. այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց համերգի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը . «Մի քանի ամիս է՝ համերգային երեկո անցկացնելու մտադրություն կար: Ինչպես գիտենք՝ վերջերս Գյումրիում բացվեց «Սև բերդ» պատմամշակութային ամրոցը, որտեղ իրականացվելու են նմանատիպ բարձրաճաշակ համերգային երեկոներ: Մենք մաեստրոյին խնդրեցինք ևս մեկ անգամ պատվել մեր քաղաքը և գալ Գյումրի:

Շնորհակալ ենք, որ մեր երաժիշտները համաձայնվեցին այս համերգով ևս կարևորել Գյումրի քաղաքն ու անել քաղաքին նման մեծ պատիվ: Հասմիկ Պապյանին շնորհակալ ենք, որ հատուկ այս համերգի համար ժամանեց Հայաստան եւ ընդամենը 2 օրից այն իրականություն կդառնա, որի համար շատ ուրախ եմ»:

Տիգրան Մանսուրյանը հավելեց, որ իր համար նշանակալի իրադարձություն է այդ համերգը, որը տեղի է ունենալու հենց Գյումրիում, քանի որ ինքն արմատներով շատ կապված է Շիրակ աշխարհին, Գյումրիին.

«Գյումրիում ես ունեմ շատ թանկ հիշողություններ, որոնք ինձ ուղեկցել են տարիներ շարունակ՝ երբեմն մտովի, երբեմն էլ իրենց ներկայությամբ: Եվ այս ամենը մի տեսակ առավել հուզիչ, առավել պատասխանատու է դարձնում այս համերգն ինձ համար»,- իր խոսքում նշեց մաեստրոն:

papyan_mansuryan

Համերգին մասնակցությամբ հանդես կգա նաեւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Տիգրան Մանսուրյանը խոստովանեց, որ իր համար չափազանց թանկ է երգչուհու մասնակցությունն այս համերգին եւ անչափ կարեւորում է իրենց համագործակցությունը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ.

«Տարիների գործընկերներ ենք, մշտապես վայելել եմ արվեստագետի, մեծ հայ մարդու, հայուհու բարեկամությունը՝ ով համերգին կկատարի «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունն, ինչպես նաեւ, դեռեւս Հայաստանում չհնչած նոր ստեղծագործություններ: Իսկ Մլքեյանի հետ վաղուց ենք աշխատում և նա մեծ դեր է խաղացել իմ «Ռեքվիեմի» կայացման գործում, որի համար շատ ուրախ եմ».- ավելացրեց կոմպոզիտորը:

Հասմիկ Պապյանն էլ իր հերթին նշեց, որ իր համար Գյումրիում ելույթ ունենալը բացառիկ երևույթ է, որովհետև ինքը կիսով չափ գյումրեցի և նրա մանկությունն այդ քաղաքում է անցել. «Նախ և առաջ մեծ հոգևոր կապ ունեմ այդ քաղաքի ու քաղաքի բնակիչների հետ: Ես անտարբեր չեմ այս քաղաքի ճակատագրին, նաև այն բոլոր հարցերին, որոնք կապված են Գյումրիի ապագայի հետ»:

Երգչուհին ասաց, որ երեկոյի ընթացքում բոլորը միասին մեծարելու են Տիգրան Մանսուրյանին: Հասմիկ Պապյանը հույս հայտնեց, որ այս համերգը պետք է արձագանք ունենա և հասնի Հայաստանի մյուս քաղաքներ, գյուղեր, ունենա իր գեղեցիկ շարունակությունը:

«Ինձ համար այս «Սև բերդ» տարածքը, որը վերակառուցվում է և վերարժեքավորվում է, վերագտնում է իրեն այսպիսի երաժշտություն մատուցելու համար, իսկապես աննախադեպ առիթ է»,- նշեց օպերային դիվան:

Երաժիշտները զրույցի ընթացքում անդրադարձան նաեւ հայաստանյան երաժշտական դաշտում առկա անճաշակությանը: «Արվեստում պետք է խուսափել շուկայական հարաբերություններից, քանի որ շուկան հաշվի չի նստում բարձր արվեստի, արժեքի հետ»,- շեշտեց Տիգրան Մանսուրյանը:

Հասմիկ Պապյանի կարծիքով` անճաշակության դեմ պայքարի միակ ձևը հեռուստաեթերից անորակ ու ցածրորակ երաժշտությունն հանելն է, իսկ Ռոբերտ Մլքեյանն ընդգծեց, որ նմանատիպ երաժշտության դեմ պայքարելը շատ դժվար է, քանի որ այն էժան է և դյուրամարս:

Նշենք, որ Գյումրիում կայանալիք համերգին մասնակցում են` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան), Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան):

Մենակատարներն են երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, Հենրիետտա Հարությունովան, Հովհաննես Գրիգորյանը, Յանա Դարյանը, Արթուր Ավանեսովը:

Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930