Արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 15-ին «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում կայացավ Կոսովոյում եւ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար հեռուստակամուրջը:
Բացի հարազատներից՝ հեռուստակամուրջին ներկա էին փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ Գերմանիայի Դաշնության դեսպան Մաթիաս Քիսլերը:
Մովսես Հակոբյանը, ողջունելով խաղաղապահներին, ասաց, որ իրենք իր գործի շարունակողն են. «28 տարի առաջ ես էլ ծառայություն եմ իրականացրել Աֆղանստանի մոտավորապես այդ հատվածներում: Այն փորձը, որը դուք ձեռք եք բերում ծառայության ընթացքում՝ նաեւ կօգտագործեք ընտանիքի զարգացման շրջանակներում: Վստահ եղե՛ք, որ հայրենիքում ձեզնով պարծենում են»:
Կարդացեք նաև
Ռիչարդ Միլսը նշեց, որ ամերիկյան զինծառայողները բարձր են գնահատում նրանց ծառայությունը. «Դուք ծառայում եք այն երկու վայրերում, որտեղ անվտանգության խնդիրները շատ կարեւոր են, եւ մենք դա գիտենք, բայց կարեւոր է այդ մասին հիշեցնել հայ եւ ամերիկացի հասարակություններին: Ձեր ծառայությունը մարմնավորում է այն լավագույնը, ինչը կա Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ՄԱԿ հարաբերություններում»:
Խաղաղապահները հայտնեցին, որ տրամադրությունը լավ է, ծառայությունը լավ է անցնում եւ բարենպաստ պայմաններում: Այնուհետեւ արդեն բարեկամները եւ հարազատները հնարավորություն ունեցան շփվել Կոսովոյում եւ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողությանը մասնակցող հայ խաղաղապահների հետ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ