Նոյեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության խորհրդատու Ելիզա Մոսլերին, Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր- Մինասյանին, պատասխանատու Կարինե Խոջոյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Հայաստան տեղափոխված սիրիահայերին ցուցաբերած աջակցության ուղղությամբ նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքը: Նախարարը նշեց, որ այսօր սիրիահայերի ինտեգրման համար առաջնային են աշխատանքի, կեցության խնդիրները:
«Միգրացիայի միջազգային կազմակերպությանը կարող է հետաքրքրել Հայաստանում սոցիալական տներ կառուցելու հարցը: Տարածաշրջանը լարված է, և հնարավոր ցնցումների արդյունքում՝ փախստականների ավելի մեծ հոսք կուղղվի դեպի Հայաստան: Նրանց համար պայմաններ ստեղծելով՝ թեթևացնում ենք նաև հոսքը դեպի Եվրոպական երկրներ: Ի դեպ, Հայաստանը բնակչության մեկ շնչին ընկնող փախստականների թվով աշխարհում գրավում է երկրորդ տեղը՝ Գերմանիայից հետո: Անհրաժեշտ է համատեղ ծրագրեր իրականացնել, որոնք կօգնեն սիրիահայերին հաստատվել Հայաստանում», – հավելեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության խորհրդատու Ելիզա Մոսլերը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, համառոտ ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները:
Կարդացեք նաև
Քննարկվեցին ներկայացված նախագծերի ու ծրագրերի շուրջ ակտիվ համագործակցության և կազմակերպական հարցեր, նախանշվեցին առաջիկա անելիքները:
ՀՀ սփյուռքի նախարարություն