Զոհված զինծառայողների ընտանիքների աջակցությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համաձայն չեն զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ապահովագրման նպատակով աշխատող անձանցից 1000-ական դրամ գանձելու նախաձեռնությանը: Նրանք վրդովված են, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու որոշել են նրանց չնչին աշխատավարձը տնօրինել:
«Նոյյան տապան» մամուլի սրահում «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը նշեց, որ նախաձեռնությունը լավն է, բայց պետք է տեսնենք, թե նման նախաձեռնություն որ պետության ներսում կարելի է իրականացնել. «Պետություն, որը պարտքերի մեջ է, ժողովուրդ, որը աղքատության է մատնված, այդ պետությունո՞ւմ եք նման նախաձեռնություն անում: Ժողովուրդն է հենց կանգնած բանակի կողքին ու հանկարծ որոշում են, որ առանց ժողովրդի կարծիքը հարցնելու, կարող են տնօրինել նրանց չնչին աշխատավարձները»:
Տիկին Ստեփանյանը վրդովվեց իշխանավորների անտարբերությունից ու հարց բարձրացրեց` համայնքի ղեկավարները քանի՞ անգամ են այդ տղաների դռները թակել, տեսել, թե ինչպես են նրանց ընտանիքներն ապրում:
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենց նախաձեռնության միջոցով բազում մարդիկ պարբերաբար աջակցում են բանակին: Սոֆյա Հովսեփյանը վրդովված է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի` «50 տականք են դեմ 1000 դրամի նախագծին» հայտարարությունից: Նա այս առիթով ասաց. «Ինչպես մի քանի ինքնակոչ մարդիկ հասարակության հիսուն հոգուն անվանում են տականքներ, վստահեցնեմ, որ եթե երկրում կան տականքներ, ապա իրենք հավաքված են ԱԺ-ում, եթե երկրում կան դուրսպրծուկներ, իրենք ԱԺ-ում ու կառավարությունում են»:
Կարդացեք նաև
Սոֆյա Հովսեփյանը զգուշացրեց, որ պատրաստ է ժողովուրդ դուրս բերել փողոց, եթե այս նախագիծը գործի երկրում: Նրա համար անտրամաբանական է այն, որ 2017-ի զոհերի համար են գումար հավաքում. «Միգուցե գնան նրան, որ զոհերի թիվը կրճատեն, ճիշտ խրամատներ ստեղծեն, ճիշտ կրթություն ապահովեն զինվորին, դպրոցը զինեն, բայց գումար են հավաքում 2017-ի զոհվածների համար: Կներեք` ես պատրաստ չեմ, որ 2017-ին պետք է ունենանք զոհեր: Եթե ուզում եք զոհվել, սիրով կզոհեմ ձեզ, եթե ղեկավարությունը գնա զոհվի, ազգը կմաքրվի, մենք չենք ուզում միայն ազգին զոհելու հաշվին ունենալ պետություն»:
«Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զոհվածների ընտանիքներին» նախաձեռնության անդամ Հայկուհի Մինասյանը հայտարարեց, որ 5000 զինվորական հաշմանդամ ունենք ու նրանց ընտանիքները վիրավորված են. «Նրանից մեկը, ով թշնամու գնդակից էր ձեռք բերել հաշմանդամություն, մի առիթով վրդովված ասաց` ես հայ չե՞մ, թե՞ ինձ թուրքը չի կրակել: Մի արատավոր երևույթ ունեցանք, որ առանձնացնում էին ապրիլյան պատերազմի զոհված տղաների և ոչ ապրիլյան պատերազմի զոհվածներին: Աջակցություն ցուցաբերել ցանկացողներին ասում էի մարտի 20-ին է զոհվել տղան, ասում էին` միայն ապրիլյան պատերազմի զոհվածների ընտանիքներին ենք օգնում: Իսկ այսօր մենք պետական մակարդակով ենք որդեգրում այդ քաղաքականությունը: Զինհաշմանդամություն ունեցող մարդիկ հոգեբանական խնդիրներ են ձեռք բերում` մեկուսացման մեջ գտնվելով: Ցավոք, պետությունը զինհաշմանդամի տուն չի մտնում, նրանք բացարձակ անտերության են մատնված»:
Հայկուհի Մինասյանը վստահեցրեց, որ խնդիրն այս պարագայում վստահության պակասի մեջ է. «Ես պատրաստ եմ ամսական հինգ հազար դրամ վճարել, այն դեպքում, երբ հիսուն միլիոնը վերադառնա և առաջին գումարը լինի, որ կմուտքագրվի հիմնադրամ, եթե ցույց կտան, որ պետբյուջեի հաշվին որևէ երիտթև, քաղաքապետարան և կառավարություն տոնական միջոցառում չեն անելու: Մենք հարկեր չենք վճարում, որ իրենք միլիոնների կոնյակ խմեն արծաթե բաժակներով»:
Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ