Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթիկցի Ռոբերտ Քոչարյանի առաջարկը վարչապետ Կարեն Կարապետյանին (Տեսանյութ) 

Նոյեմբեր 15,2016 17:40

Արթիկի նորընտիր քաղաքապետ Մխիթար Վարագյանի երդմնակալության արարողությանը մասնակցելիս քաղաքապետարանի դիմացի կենտրոնական հրապարակում հանդիպեցինք մի տարեց տղամարդու, որի անուն-ազգանունը Ռոբերտ Քոչարյան է։

«Իմ հայրանունը Սարգիս է, իրենը՝ Սեդրակ»,-կատակով նշեց ծերունին՝ պատմելով, թե ինչպես է մի անգամ հանդիպել իր անվանակցին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ես մի անգամ եղել եմ իր մոտ մի շատ կարևոր հարցով, իր կաբինետն եմ մտել, ինչի համար, որ մտել էի, մասնակի լուծում ստացավ։ Իհարկե, ես հերթագրվել էի, եթե չեմ սխալվում չորեքշաբթի օր էր իր ընդունելությունը։ Արթիկի քաղաքապետի հետ գնացինք Գյումրի, այն ժամանակ Շիրակի մարզպետը Արարատ Գոմցյանն էր, երեքով նստել ենք մեքենան, գնացել, մտել ենք ներս։ Լսելով, որ իր անվանակիցն եմ, շատ բարեհամբյուր ընդունեց։ Ես էլ իրեն հրաժեշտ տալու ժամանակ հորդորեցի մեր Շիրակի ժողովրդին մի քիչ տեր լինել»,-պատմեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա ասաց, որ մի հորդոր-առաջարկ էլ ունի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Ռոբերտ Քոչարյանի բնութագրմամբ, նոր վարչապետը լավ մարդ է երևում, սրտանց ուզում է ինչ-որ բան անել, բայց կարծես չի կարող հասնել իր նպատակին։ «Անօրեն գործեր շատ կան, ամեն դեպքում թող փորձի մի բան անել, թեև հասկանում ենք, որ սաղ գայլ են, չեն թողնում, մի հոգին չի կարող էդքանի դեմ, բայց որոշ բաներ կանի։ Էն օրը շշմա, թե Ազգային ժողովի դեպուտատներին էդքան բենզին, էդքան կալյոս, էդքան վարորդ է հասնում, մտածեցի՝ քանի Արթիկ կպահեին էդ ծախսերով»։

Վարչապետ Կարեն Կարապետյանից հույսը չկորցրած Ռոբերտ Քոչարյանը նրան մի առաջարկ արեց՝ կապված կալանավայրերում գտնվող անձանց հետ։ Նրա ասելով, Արթիկի գաղութը իրենց քթի տակ է, ու բոլորը հետևում են՝ ինչ է կատարվում։ «Եթե վարչապետը գա մեզ մոտ, կմոտենամ, կասեմ՝ կալանավորներին պարապ պառկեցրել ես, վերջը հաց ես տալիս, ծառայող չեն, կալանավոր են։ Սովետի ժամանակ կալանավորը իր կերակրի ավելցուկով խոզ էր պահում, անասուն էր պահում, հիմա էլ թող աշխատեն, չարչարվեն, ստեղծեն, ուտեն, ոչ թե նրանց մեր հաշվին պահեն։ Արթիկի գաղութ մտնես, պայմաններից բարևդ կմոռանաս, ես տանը գազ չունեմ, ինչքան փետ ու ճյուղ պիտի հավաքեմ, որ լողանամ, իսկ կալանավորների համար տաք բաղնիքը կա, տաք սենյակները կան, հին լուսամուտներն էլ հանեցին, եվրոլուսամուտ դրեցին։ Գոնե իրենց հացը վաստակեն, գոմը կա, տարածքը կա, ջուրը կա, բոլոր հարմարությունները կան, թող խոզ պահեն, ուտեն։ էնտեղ էնքան խելոք կալանավորներ էլ կան, թող գոնե խելոք տեսակներն աշխատեն»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մեկ այլ ծերունի էլ, միջամտելով մեր խոսակցությանը, հավելեց․«Գիտե՞ք գաղութի պետը ինչով է սպառնում կալանավորներին, ասում է՝ խելոք մնացեք, հիմի գաղութի դուռը կբացեմ, կգնաք, սովից կսատկեք»։ Լսելով այս խոսակցությունը՝ արթիկցի մի ազատամարտիկ ասաց․ «Հիմա ի՞նչ է ասածներդ, գողություն անենք գաղութ գնանք, որ հացի խնդիրը լուծե՞նք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Նշենք, որ մեր զրուցակիցը երկար տարիների կռունկավար է եղել , հիմա խոզապահությամբ է զբաղվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930