Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ-ն խորացնում է համագործակցությունը Չինաստանի գիտական հաստատությունների հետ

Նոյեմբեր 15,2016 17:04

Սույն թվականի նոյեմբերի 7-10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, այցելեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցեց Պեկին քաղաքում կազմակերպված Ազգային գիտական կազմակերպությունների առաջին միջազգային գիտական ֆորումին՝ նվիրված «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնությանը:

Ֆորումի գլխավոր նպատակն էր ազգային ակադեմիաների և հետազոտական կազմակերպությունների միջև գտնել համագործակցության մեխանիզմներ՝ աջակցելու համատեղ հետազոտությունների իրականացմանը, կարողությունների զարգացմանը:

Ֆորումին մասնակցում էին 67 երկրների 420 ներկայացուցիչներ:

Ֆորումի քննարկման հիմնական ուղղությունները 4-ն էին՝

շրջակա միջավայր և կայուն զարգացում
ընդունելի և կանաչ տեխնոլոգիաներ
զարգացող հիվանդություններ և առողջություն
4.կարողությունների զարգացում, անձնակազմի թրեյնինգներ և հիմնարար հետազոտություններ:

ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը ֆորումին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի կողմից իրականացվող շրջակա միջավայրի  վերաբերյալ ուսումնասիրությունները և արդյունքները:

Ֆորումի ավարտին ընդունվեց «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկին հռչակագիրը»: Հռչակագրով ֆորումին մասնակցող  20 ազգային գիտական եւ հետազոտական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով միավորել ջանքերը՝ ուժեղացնելու գիտության, տեխնոլոգիաների և նորարարություններ ոլորտում համագործակցությունը հանուն ընդհանուր զարգացման, ստեղծել համատեղ նորարարությունների իրականացման հարթակ և համագործակցության երկարաժամկետ մեխանիզմներ՝ կենտրոնանալով խոշոր մարտահրավերների հաղթահարման վրա, կազմակերպել համատեղ միջազգային ծրագրեր՝ հիմնված հավերժական արժեքների՝ խաղաղության և համագործակցության, թափանցիկության,  ներգրավվածության, փոխադարձ ուսուցման և փոխշահավետության վրա:

Չինաստան այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ  պատվիրակությունը հանդիպում ունեցավ Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահների հետ: Կողմերը քննարկեցին երկու երկրների գիտությունների ակադեմիաների համագործակցության հնարավոր ուղղությունները, գիտական և հետբուհական կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտ ապագայում Չինաստանի ակադեմիաների պատվիրակությունները կժամանեն Հայաստան՝ ամրապնդելու  և խորացնելու երկու երկրների գիտական կառույցների միջև առկա համագործակցությունը:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930