ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ելույթը «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ:
Քանի որ քննարկվող այս նախագիծը սերտորեն փոխկապակցված է ազգ-բանակ գաղափարին և հասարակության որոշ անտարբեր շերտերին դրան մասնակից դարձնելու հետ, նախ ողջունում եմ պաշտպանության մեծարգո նախարար՝ պրն. Վիգեն Սարգսյանին այդ ազգակարևոր նախաձեռնությունը փորձելով իրականություն դարձնելու համար: Ի դեպ, մեր ժամանակներում այդ գաղափարի ջատագովներն են եղել լուսահոգի Աշոտ Նավասարդյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը և ի խոնարհումս իրենց այս ամբիոնից հաճախ եմ հնչեցրել ազգ-բանակ ունենալու կարևորությունը:
Ազգ-բանակ գաղափարը երկրում իրականություն դարձնելու համար տարվող թե ռազմական, թե տնտեսական, և թե հասարակության հետ տարվող ծրագրավորած քաղաքականությունը պետք է գործի նույն դաշտում:
Այդ բոլորի հիմքում պետք է լինի հայրենիքը ժողովրդով ուժեղ ու պաշտպանված պետություն դարձնելու գաղափարը, այսինքն` երկրում պիտի ունենանք մի կարգախոս, որ հողը արյուն է, հողը մենք ենք, իսկ մենք հողինը: Ահա ինչպիսին պետք է լինի այսօրվա հայ մարդու հոգեկերտվածքը ու նրա կյանքի ամենաբուռն ու որոշիչ հանդիսացող մահվան ձևն ու նպատակը:
Երկրում ծնվող ամեն մի մանչի ոգում պիտի սերմանվի հայրենի հողի ու իր ազգի համար մեռնելու կամք ունեցող զինվորի գաղափարը:
Կարդացեք նաև
Երկրում չպիտի լինեն մարդիկ, որոնց համար հայրենիքը կդիտարկվի վաղանցիկ հաշիվների անկյուն: Վերջապես բավական է քյոխվի և մանիկյուր կեցվածքի մեջ պարուրված՝ հայրենիքի գովքը անելով, հայրենասերի կերպարի տակ սքողվեն:
Հայրենասիրություն չի նշանակում, որ միայն պետք է սիրել իր հայրենիքը, դա անհամեմատ ավելի բարդ բան է, դա հայրենիքից իր անբաժանելիության գիտակցումն է, երջանիկ ու դժվար օրերը նրա հետ վերապրելը:
Հայրենիքի համար զոհված և հրաշքով կենդանի մնացած ազատամարտիկ մեր եղբայրները հայ ժողովրդի կյանքով, և հայրենիքի ճակատագրով ապրածներն են, որոնք հենց իրենք են իրենց ապրածի ոգու գոյությամբ սերունդների մեջ կերտելու ազգային ճակատագրի այն դրսևորումը, որը տանելու է դեպի ազգ-բանակ ունենալու գաղափարի իրականացմանը:
Այսօրվա ժամանակն ու Արցախյան պատերազմը ունեն մեր պայքարի կնիքը, և մեր անցած ճանապարհն ու գիտակցությունը չափազանց ուսանելի պիտի դառնա բոլորի համար, այսինքն` մենք ուրիշ կյանք չենք ունեցել, երբ վտանգվել է մեր հողը, և այսօր էլ առավել ոչ մի հարց չպետք է ունենանք երկրի ներսում, երբ այս պահին ներքաշված ենք պատերազմի մեջ:
Ցավալի է, որ պատերազմի բովով անցած մեր ժողովուրդը տարվելով քաղաքական տարբեր հոսանքների դուրս են մնացել ամբողջական մի հայ ժողովուրդ դառնալու գիտակցումից: Անհրաժեշտ է, որ գիտակցեն, որ չկա դիմադիր կամ ընդդիմադիր հայ մարդ՝ կա միայն ամբողջական մի հայ ժողովուրդ, որի մեջ հայրենիքը պետք է ընկալվի որպես արժեքների հավերժության և հավատի գլխավոր պայման:
Ի վերջո, ամեն ազգ իր ճակատագիրն ունի և ապրում է իր ճակատագրով:
Մեզ մոտ ամեն ինչը միանգամից չի կարող լինել: Առաջնայինը պետք է ունենալ հող հայրենի, այն էլ պաշտպանված, ինչի վրա որ հնարավոր կլինի վստահ ու անվտանգ կառուցել բարեկեցիկ կյանք:
Չպետք է մոռանանք, որ երբ թշնամիներով շրջապատված պատերազմող ժողովուրդը սոցիալական խնդիրները երկրում դարձրել է գերխնդիր, միշտ էլ պատմությանը թողել է ողբերգական կենսագրություն և կորցրած ժամանակ: Այսօր չպետք է կրկնենք անհամերաշխ անցյալի պատմությունը, և երկրի ճակատագրին պետք է մոտենանք այն դաշտից, որտեղ ցավ է եղել հայրենի երկրի և ժողովրդի կորուստն ու ճակատագիրը:
Երկրում արձանագրվող սոցիալական ամենածանր փաստը, հացի խնդրի հետ կապված ամենադառը իրողությունն էլ՝ մեր ժողովրդի արյան դաշտից դուրս հասկացություններ են: Հասկանալ է պետք, որ հայրենի հողը արյուն է, և հայ ժողովուրդը միայն իր միասնականությամբ և բանակի կողքին կանգնելով կարող է հանդիսանալ նմանատիպ արժեքը պահպանող մեծագույն արժեք:
Երկրում տիրող ամենադժվարին կացությունն էլ չպետք է դառնա պատճառ շեղվելու արյան այդ գիտակցումից:
Այսօր նեղանալ ու ըմբոստանալ բանակի և սահմանին կանգնող զոհվելու պատրաստակամություն ունեցող զինվորին վերաբերվող ամեն մի օրենքի դեմ ամոթ է ու ծիծաղելի: Ի վերջո` հայրենիքը նեղանալու իրավունք ունի մեզանից կիսատ թողած մեր գործերի համար:
Այսօր մենք մեր թափած արյունը պիտի արժևորենք, պահն է արժևորելու ազատագրականի ճիգն ու զոհողությունները, և հիմնովին իմաստավորելու հազար ու մի զրկանքներ կրած հայ ժողովրդի գործը: Գործ, որը նույն ժողովրդի հոգեկան բարձր կարողությամբ է եղել պայմանավորված, պայքար, որ Արցախի անկախության համար մղվող պայքար էր ներկա սերունդների իրավունք, մեր նախնիների թողած ժառանգությունը ստանալու:
Ուստի երկրի սահմաններում տիրող այս լարված իրավիճակում, երբ երկիրը ներ քաշված է պատերազմի մեջ, բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կխաթարեն երկրի ներքաղաքական անդորրը և կստեղծեն անհամերաշխ մթնոլորտ և պառակտված հասարակություն խստորեն դատապարտելի է:
Այսօր հարկավոր է հացից այն կողմ նայել, ամեն ինչից առավել հայրենի հողի և ազգի արժանապատվության խնդիրներն են: Գիտակցել է պետք, որ սոցիալական ամենալուրջ խնդիրներից առավել կա հողի խնդիր: Գալիք սերունդները ժամանակիս ապրողներին չեն դատապարտելու ինչ որ մեկի պապի սոված մեռնելու համար, այլ դատապարտելու են պարտված պատերազմի և սրից զոհված մեկ այլ պապի ժառանգություն թողած հողի կորստի համար:
Ցավոք ունեցանք ապրիլյան պատերազմ: Հերոսաբար դիմակայեց մեր զինվորը: Տարանք հաղթանակ, որը չհասկացվեց շատերի կողմից,
Փառք մեր զինվորին, փառք մեր բանակին և հրամկազմին: Փառք մեր կամավոր տղերքին, որոնք ապրիլյան պատերազմին համախմբված մասնակցությամբ կարողացան աշխարհին ասել, որ հայրենիքին սպասվող վտանգի պահին ողջ հայ ժողովրդի մեջ միանգամից արթնանում է, հայրենիքի համար զոհվելու պատրաստակամություն ունեցող զինվորի գաղափարը: Թշնամին էլ համոզվեց, որ մեր ժողովրդի համար ամենամեծ արժեքը հայրենի հողն է, որի հիմքում ընկած է սեփական արյան գաղափարը: Ահա մեր ժողովրդի կյանքի դրսևորման իմաստն ու նշանակությունը, որը ասում է աշխարհին, որ հայրենի հողի համար մեռնելու կամք ունեցող մի սերունդ ունենք, որոնց մեջ խոսում է սահմանին կանգնած մեր քաջարի զինվորն ու երեկվա ազատամարտիկը: Նրանց պահել ու պահպանել է պետք:
Դա է ուզում հայրենիքը, հայրենիքը չի առաջարկում և չի խնդրում, նա պահանջում է , որ այսպես լինի: Իսկ որոշները, որ անգամ մի կաթիլ արյուն չունեն պահված հայրենի հողի համար, և ողջ պատերազմի ընթացքում անգամ հասու չեղան մերձավորի վշտին ուզում են սևացնել և չարդարացված համարեն հիմնադրամի ստեղծման այն սուրբ որոշումը, որին է սպասում երևի սևի մեջ պարուրված եռաբլուր այցելող զոհվածի մայրը, կինը, կամ սահմանում հաշմանդամ դարձած մեր քաջարի զինվորները:
Սիրելի գործընկերներ ավարտելով ելույթս կասեի, ինչ խոսք, որ սրիկա են նրանք ովքեր իրենց վերապահել են ձեռքները մտցնել բանակին հատկացված գումարների մեջ, սրիկա են նրանք, ովքեր իրենց թույլ են տվել սահմանում կանգնած զինվորի կերակրամանի մեջ թաթախվել, դա այս օրենսդրական նախագծից դուրս քննարկվող հարց է, ուր ես նույնպես համամիտ եմ նմաններին պատասխանատվության դաշտ բերելու համար: Համամիտ եմ նաև ըստ համաչափության սկզբունքի սոցիալապես առավել ապահովածները 1000 դրամից ավել գումարով մասնակցություն ունենան հիմնադրամին, բայց հիմնադրամի գաղափարը կարևոր եմ համարում և ողջունելի: