«Չեմ կարծում, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների օրոք լարումը վերանա եւ ՌԴ-ՆԱՏՕ, Արեւմուտք հարաբերությունները վերադառնան նախկին ձեւաչափին: Այս լարվածությունը տվյալ ժամանակաշրջանում համապատասխանում է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա վարչակազմի քաղաքական շահերին եւ օգտագործվում է նրանց կողմից, նախ եւ առաջ, բազմաթիվ ներքին տնտեսական եւ քաղաքական խնդիրները լուծելու կամ քողարկելու նպատակով:
Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված, ՌԴ-ի ինքնիշխանության եւ ինքնության վրա ոտնձգություններ կատարող արտաքին աշխարհի եւ դրան դիմակայող եւ արդարության համար պայքարող ՌԴ-ի իշխանությունների կերպարը, որը անխափան գործում է բնակչության որոշակի խավի վրա եւ ապահովում ՌԴ-ի նախագահի բարձր վարկանիշը, անհրաժեշտ է վերջինիս իշխանությունը պահելու համար:
Սա նաեւ հնարավորություն է տալիս «թշնամիների» ոտնձգությունների դեմ պայքարի պատրվակով այս կամ այն ձեւով ճնշումներ գործադրել այլախոհության եւ քաղաքական ընդդիմության դեմ, համապատասխանաբար խստացնել օրենսդրությունը, անտեսել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության պետական պարտավորությունը», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը:
«Իմ կարծիքով մենք արդեն մի քանի տարի ապրում ենք Սառը պատերազմի պայմաններում: Եվ վերջին տարիների հռետորաբանությունը, եւ աճող ռազմական ծախսերը ու սպառազինությունների վերսկսված մրցավազքը, եւ ներկայումս ընթացող Ուկրաինական եւ Սիրիական հակամարտություններում ուղղակի կամ անուղղակի հակառակ դիրքերից հանդես գալը ու պատերազմելը, փոխադարձ պատժամիջոցները, այս ամենը Սառը պատերազմի վառ դրսեւորումներ են: Բնականաբար ներկայիս Սառը պատերազմը տարբերվում է նախկինից, քանի որ փոխվել է աշխարհը, սակայն հարաբերությունների էությունը դրանից չի փոխվում: Կամուրջները մինչեւ վերջ չայրվեցին եւ նախորդ սառը պատերազմի ընթացքում, այրված չեն նաեւ ներկայումս, եւ, հաշվի առնելով աշխարհի պետությունների փոխկապակցվածության ու փոխկախվածության աստիճանը, կարծում եմ, որ դրանք կգործեն նաեւ ապագայում», հավելեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք նոյեմբերի 16-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ