«Ես նման տեղեկություններ չունեմ, նման քննարկում դեռեւս չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկությունները, թե առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ն Ֆելիքս Ցոլակյանի միջոցով շիրակցիների վստահությունը վերականգնելու խնդիր ունի՞: «ՀՀԿ-ն բավարար վստահություն ունի բոլոր մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում, բայց յուրաքանչյուր կուսակցություն, այդ թվում եւ մենք, իր անհատների միջոցով փորձում է առավելագույնի հասնել: Թե ում միջոցով՝ ժամանակը կգա՝ կիմանանք»:
Անդրադառնալով տեղեկություններին, թե ՀՀԿ գործադիր մարմնի կազմում առաջիկա համագումարում առանձնակի փոփոխություններ են հնարավոր, Նիկոյանը նկատեց. «Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է: Վերջին ամիսներին մեր երկրում խորքային բարեփոխումներ են լինում: Այդ բարեփոխումները նախաձեռնած կուսակցությունը չի կարող ինքը չգնալ փոփոխությունների: ՀՀԿ համագումարում դա կտեսնեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ