Նոյեմբերի 15-ին «Նոյյան Տապանում» կայացավ «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամների և տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ասուլիսը։
Պարոն Հացպանյանը հիշեցրեց, որ ժամանակին զարմանք էր հայտնել Նյու Յորքյան հոգեւոր խորհրդի նիստի առիթով, ասելով, որ իր անունը կփոխի, եթե Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չմասնակցի Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին: «Փաստորեն անունս փոխելու կարիքը չեղավ, որովհետեւ ինչ-որ ասում էի՝ իրականացավ, չնայած Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականներն ի սկզբանե ժխտում էին Արամ Աթեշյանի մասնակցությունը Նյու Յորքյան հանդիպմանը»,- փաստեց տարածաշրջանային հարցերով փորձագետը:
Իսկ ինչո՞ւ է Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը կայացել հենց Նյու Յորքում եւ ոչ թե Հայաստանում՝ Մայր Աթոռում: «Որովհետեւ պատկերացնում էին, թե ինչ կլիներ հանրության համար, եթե Գերագույն հոգեւոր խորհրդի նիստն անցկացվեր Մայր Աթոռում եւ Արամ Աթեշյանն էլ մասնակցեր: Դա շատ լավ մտածել էին, ու կարվել է մի շապիկ Արամ Աթեշյանի չափսերով, որը ինձ համար անհասկանալի է: Ինչպե՞ս կարող է Մայր աթոռը Թուրքիայի վարչակարգի, Անկարայի դրածո խամաճիկի հետ այդպես հաշվի նստել: Ավելին, Արամ Աթեշյանը ոչ միայն մասնակցել է Գերագույն հոգեւոր խորհրդի նիստերին, այլեւ ՀԲԸՄ միացյալ ժողովում հանդիսավոր կերպով ներկայացել է ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի կողքին, մասնակցել է միացյալ աղոթքին; Ընդ որում՝ Նյու Յորքում շատ են պոլսահայ համայնքի ներկայացուցիչները, մի մարդու նման ընդվզել են Աթեշյանի այնտեղ գտնվելու պատճառով: Շատ լուրջ խոսակցություն է գնացել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, թե եկեղեցին ինչպե՞ս կարող է նման քաղաքականություն վարել: Նաեւ զարմանք են հայտնել, որ Մայր Աթոռը Աթեշյանի հարցով մինչ օրս չի հստակեցրել իր դիրքորոշումը, ասել են՝ ի վերջո սրբադասվե՞լ են 1,5 միլիոն անմեղ զոհերը, թե՞ սրբապղծվել: Վեհափառի հետ այս ծանր խոսակցությանը 6 հոգի են ներկա եղել, երեքին անձամբ եմ ճանաչում, երկուսը հայաստանցի են, եկեղեցու ամենամեծ նվիրատու անձինք են ու ասել են, որ թույլ չեն տա, որ որեւէ հոգեւորական պղծի իրենց նախնիների հիշատակը»,-հայտնեց վերլուծաբանը:
Սարգիս Հացպանյանը նշեց, որ երեկ մինչեւ ուշ ժամը ոչ մի հեռախոսազանգի չեն պատասխանել մայր Աթոռից, թե ինչու է Աթեշյանը ժամանել եւ ինչ առաքելությամբ: «8 բջջային հեռախոս ունեմ, շուրջ 10 գրասենյակային հեռախոս, ոչ մեկը չեն պատասխանում»,-շեշտեց նա:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Aravot.am-ը մեկնաբանության խնդրանքով կապվել էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանի հետ, հետաքրքրվել Արամ արքեպիսկոպոսի առաքելության նպատակով ու ստացել պատշաճ պատասխան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Նոյյան տապանի