Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 6.5 տոկոս

Նոյեմբեր 15,2016 15:48

2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%:

2016 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.9%: ԿԲ գնահատումների համաձայն գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ կշարունակի մեղմվել:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել են թույլ գնաճային զարգացումներ: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռևս չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, ինչպիսին է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճի տեմպերի դանդաղումը, իսկ ներքին պահանջարկի վերականգնմանը մեծամասամբ նպաստում են 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները: 2017 թ. առաջին եռամսյակում ակնկալվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում, ինչը առաջարկի գործոն է և միայն կարճաժամկետ հատվածում կհանգեցնի գնաճի որոշակի նվազման: Այնուամենայնիվ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ միջնաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը պահպանվում են, որոնց ներկայումս ավելացել է 2017 թ. հարկաբյուջետային քաղաքականության գործոնը: Այս պարագայում դեռևս նպատակահարմար է դրամավարկային պայմանների որոշակի թուլացումը:

Այսպիսով, շարունակական խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում գնանկումային միջավայրը առաջիկա ամիսներին հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Միևնույն ժամանակ, լրացուցիչ ռիսկերի դրսևորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8 % և 5 %:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նոյեմբերի 25-ին հրապարակվելիք «Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2016 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում)»:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930