ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր վճարի մասին նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց 1991 թվականի «մեկ գրամ ոսկի» օպերացիան. «Պետությունը ծանր վիճակում էր, դիմեց քաղաքացիներին՝ կամավոր, ես այդ շարքում եմ, 1 գրամ ոսկի տարել եւ հանձնել եմ, հիմա հպարտությամբ պահում եմ այն վկայականը, որ ես մասնակցել եմ մեր պետության ծանր օրերին, իմ կնոջ ոսկին տարել եւ հանձնել եմ: Դա հումանիզմի դաշտ էր, կամավորականությունը մարդուն բերում է հերոսության: Պարտադրանքը հերոսությունից հետ է տանում: Պարտադրանքով հերոսություն եւ քաջագործություն չես կարող ստիպել»:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ 5 միլիարդատեր կա, ԱԺ դահլիճում 60 միլիոնատեր՝ այս աղքատ երկրում: Ըստ նրա, օրինական ճանապարհով նրանք չեն հարստացել ու գոնե գերագույն գլխավոր հրամանատարը նրանց պե՞տք է ասի՝ եկեք մի բան էլ դուք վերցրեք ձեզ վրա:
Նա խոսքն ուղղեց գեներալ Սեյրան Սարոյանին. «Սեյրա՛ն ջան, ախր դու զինվորական մարդ, կուլտուրական մարդ, գեներալ մարդ, կռված մարդ, ես ու Լյովը կարող է, ջհանդամ, չիմանանք բանակում ինչ է կատարվում, դու չգիտե՞ս ովքեր են գողացողները: Եթե գիտես, Աստվա՞ծ պիտի պատժի այդ գողացողին»:
Նա հիշեցրեց, որ եթե արդար երկիր ենք ուզում, տերտերը կարող է ասի՝ Աստված կպատժի, բախտ բացողը կարող է ասի, իսկ նորմալ երկրում համապատասխան կառույցները պետք է այդ արդարության հարցը լուծեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ