Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի պատվիրակությունը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Նոյեմբեր 15,2016 15:43

Նոյեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի պատվիրակությանը, որի կազմում էին ՄՔԶՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆստրան, ՄՔԶՄԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոնը, արևելյան ուղղության ղեկավար Մարտին Պլույմը, հանրային կապերի վարչության պետ Սլավկա Զբոռովիանովան, ծրագրի պատասխանատու Ադիբա Ասադովան և թարգմանիչ Արտաշես Էմինը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության իրականացրած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. «Գործը, որով զբաղվում եք շատ կարևոր է և անհրաժեշտ այսօրվա անհանգիստ աշխարհում: Տպավորիչ են ՄԱԿ-ի տվյալները, ըստ որոնց աշխարհի յուրաքանչյուր 285-րդ մարդը միգրանտ է: Սիրիական պատերազմի հետևանքով հազարավոր սիրիահայեր ապաստան գտան Հայաստանում, նրանց մեծ մասը հաստատվեց այստեղ: Հասարակության մեջ նրանց ինտեգրման համար առաջնային են աշխատանքի, կեցության, կրթության, վերապատրաստման խնդիրները, որոնց լուծմամբ զբաղվում է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը: Հայաստանի համար շատ կարևոր և կենսական նշանակություն ունեն ներդրումները, ինչը հնարավորություն կտա աշխուժացնել տնտեսությունը, աշխատատեղեր ստեղծել, կանգնեցնել արտագաղթը: Ստեղծում ենք «Մեկ պատուհանի սկզբունքով» կառույց, որտեղ հասարակական կարգով կներգրավվեն հայտնի տնտեսագետներ, սփյուռքի ներկայացուցիչներ, հայտնի գործարարներ: Սփյուռքահայ գործարարներին բիզնես ծրագրեր, իրավաբանական խորհրդատվություն կառաջարկվի, կօգնեն գրանցել բիզնեսը: Տեղեկատվական հարթակ կստեղծվի, կմշակվի ՀՀ օրենքների վերաբերյալ հակիրճ և ամփոփ տեղեկատվություն, կտարածվի սփյուռքում: Կարող ենք եղած բիզնես ծրագրերը հասցել միջազգային մակարդակի: Այս ամենի մասին անհրաժեշտ է խոսել բաց, թափանցիկ, որովհետև մեր աշխատանքին հետևում է աշխարհի 10 միլիոն հայությունը: Կարծում եմ հաջորդ հանդիպմանը կոնկրետ արդյունքներ կունենանք»:

img_2520

Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոնը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հավանություն տվեց ներկայացված նախագծերին ու ծրագրերին, պատրաստակամություն հայտնեց ակտիվ համագործակցել նախարարության և պետական մյուս կառույցների հետ: Նա համառոտ ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, համոզմունք հայտնեց, որ առաջիկա հանդիպումների ժամանակ գործնական քայլեր կարվեն համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Քննարկվեցին նաև Եվրոպայում հայերի ազգային, մշակութային ինքնության պահպանման, տուրիզմի, հյուրանոցային բիզնեսի զարգացման հեռանկարները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930