Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ԱԺ-ում հանձնաժողով է ստեղծելու՝ պաշտոնյաների, զոքանչների հաշիվները, օֆշորները ստուգելու (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2016 15:39

Զինծառայողների կյանքի եւ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման համար ՀՀ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու նախագծին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու:

Նրա խոսքերով՝ «Սա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող նախագիծ է»:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց զինվորի մտահոգությունները, որը գնում է բանակ ու մտածում՝ եթե ինձ հետ մի բան պատահի, ընտանիքս ինչ պիտի անի. «ՀՀ քաղաքացիներից շատերը արդարացիորեն նկատում են, ասում են՝ թող իշխանությունները, ոչ անհայտ գեներալները քիչ թալանեին, որ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը զոհաբերած քաղաքացիներին շատ թե քիչ արժանապատիվ փոխհատուցեին: Ճիշտ են ասում, մենք հիմա նաեւ այս պատճառով պետք է վճարենք այս 1000 դրամները, որովհետեւ որպես հասարակություն, քաղաքացիներ, պետություն, չենք կարողացել ստեղծել այնպիսի իշխանություն, որը կլինի էֆեկտիվ: Սա մի յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա՝ արդյունավետ պետություն եւ իշխանություն ունենալու գործում մեր կրած խայտառակ պարտության համար»:

Նա ասաց, որ այս տուրքը պետք է վճարենք, որ արտաքին աշխարհին ապացուցենք՝ պետություն ունենալու կամք ունենք. «ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը տականք է անվանում բոլոր նրանց, ովքեր մատնացույց են անում գեներալներ, նախարարներ, պատգամավորներ, որոնք չգիտես որտեղից միլիարդների կարողություն են կուտակել: ՊՆ նախարարն էլ ասում է՝ զինծառայողներ ունեցող ընտանիքներին պետք է ազատենք այդ 1000 դրամներից: Պարոն նախարար, հայոց բանակին, զինվորին մատակարարվող, տրվող սապոգների 40 տոկոսը 20 րոպեի ընթացքում քրքրվում է՝ առաջին հագնելուց հետո: Եթե ուզում ենք ծնողներին լավություն անել, եկեք այնպես անենք, որ հայոց զինվորի ծնողն ազատվի Վերնիսաժից սապոգ առնելու, գուլպա առնելու, ներքնազգեստ առնելու, ատամի մածուկ առնելու եւ հազար ու մի բանի պարտավորությունից»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր բանակում զինվոր պահելը ուսանող պահելուց ավելի բարդ է, որովհետեւ նրա կարիքները, որ պետք է հոգա պետությունը, ստիպված է լինում հոգալ ծնողը. «Խոսում ենք թալանչի գեներալների մասին, բայց մոռանում ենք ասել, որ հայոց բանակում կա սոցիալական լուրջ պրոբլեմ»: Նա ասաց, որ հայոց բանակին տասնյակ տարիներ ծառայած սպաները երեխայի վարձը վճարելու, սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, եւ մեր պետությունը գոնե չի կարողացել սպաների բնակարանային կարիքները բավարարել. «Նախարարն ասում է՝ 20 տարի այս տեմպով կպահանջվի սպաների բնակարանային կարիքները հոգալու համար: Կներեք, սա անընդունելի է, տպավորություն է, որ ուզում ենք այնպես անենք, որ սպաների համար մեռնելն ավելի ձեռնտու լինի, քան ապրելը: Հիմա էլ ասում են՝ բնակարանների համար էլ են մասնավոր միջոցներ ներգրավում: Բա մեր պետության գործառույթն ի՞նչ է»:

Նիկոլ Փաշինյանը քննադատեց, որ չինովնիկները 400 հազար դոլարանոց մեքենաներից իջնում են, ասում են՝ մեր պետությունը փող չունի, սուղ են միջոցները, եթե սուղ են, թող առաջինը իրենց համար սուղ լինեն: Նա վստահեցրեց, որ մեր բանակի որակով «սապոգները», որակով ավտոմատները բոլորը լցվել են մի տեղ: Պատգամավորն առաջարկեց, որ այսուհետեւ պետք է առաջնորդվենք ամեն ինչ ճակատի համար եւ բոլորը ճակատի համար կարգախոսով. «1000 դրամով մենք հարց չենք լուծում, ձգում ենք ժամանակը պետություն ունենալու: ՀՀ քաղաքացիները պետք է իմանան երբեւէ նախագահի, վարչապետի, նախարարի պաշտոնում եղած, բարձրաստիճան տամոժնիկները, դատախազները, դատավորները ինչ գույքային վիճակ ունեն: Պատգամավորները՝ ինձնից սկսած, բոլորով վերջացրած, ժողովուրդը պիտի իմանա՝ ով շվեյցարական բանկում ինչքան փող ունի»:

Նա ասաց, որ նախագիծ է ներկայացնելու՝ խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին, որը կստուգի պաշտոնյաների գույքային վիճակը, հաշիվները, օֆշորները. «Զոքանչ, հորքուր-մորքուր, տատի, պապի, հատ-հատ պիտի իմանանք ով ինչ ունի, պետք է իմանանք՝ ով ինչ է թալանել էս պետությունից»:

Նա ասաց, որ ՀՀ-ից գողացվածը պետք է վերադարձվի եւ ՀՀ-ի թշնամիները պետք է ծնկի գան, Հայաստանը չպետք է «բոմժ դառնա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930