«Ճանապարհային ոստիկանությունը, որպես կանոն, թվեր է ներկայացնում, չի ներկայացնում վերլուծության պատկերը՝ ինչու է այդպես»,- նոյեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ անվտանգությունը երեք բաղադրիչ է ապահովում՝ ճանապարհ, տրանսպորտային միջոց եւ վարորդ. «Այսօրվա օրով մենք ունե՞նք գրագետ վարորդ: Մենք ունենք անկազմակերպ վարորդ, որը Խորհրդային Միությունից մեզ ժառանգություն եկավ: Բայց վերջերս իրավիճակը կտրուկ փոխվել է՝ եթե 3-4 տարի առաջ մենք Հաշվառման-քննական բաժանմունքում 33 տոկոս բողոքներ ունեինք, անգամ կաշառք տալու փաստեր էլ ունեինք, հիմա զրո է դարձել. մենք ոչ մի բողոք չունենք Հաշվառման-քննական բաժանմունքում: Բայց այն վարորդների զանգվածը մնացել է»:
Էդուարդ Հովհաննիսյանը ընդգծեց, որ տրանսպորտային միջոցների տեխզննման համակարգը բացակայում է. «Այսինքն՝ չունենք սարքին վիճակի տրանսպորտային միջոցներ: Մենք չունենք 1 վիճակագրություն, վերլուծություն՝ անսարք վիճակում քանի մեքենա է վթարվել, քանի զոհ է եղել»:
Նա հայտարարեց, որ այսօր Հայաստանում չունենք ճանապարհային երթեւեկության կազմակերպում. «Ճանապարհային ոստիկանության վրա դրված չէ իրականացնել երթեւեկության կազմակերպում, իրականացնում է Երեւան քաղաքի քաղաքապետը, մարզերում էլ տեղական ինքնակառավարման մարմինները: Թե ոնց են անում, ինչ են անում աստված գիտի, բայց մենք գիտենք, որ ոչ մի բան չկա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»: