«2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով եւ վիրավորներով 2762 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 227 մարդ, վիրավորվել՝ 3844»,- նոյեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 196-ով, վիրավորներինը՝ 265-ով, իսկ զոհերինը՝ 63-ով. «Այս տեմպերի պահպանմամբ զոհերի թիվը, ըստ մեր կանխատեսումների, մինչեւ տարվա վերջ հնարավոր է, որ էլ ավելի նվազի նախորդ տարվա համեմատությամբ»:
Արմեն Խաչատրյանը հավելեց, որ 2009 թվականին Երեւանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 72 մարդ, 2010-ին՝ 81-ը, 2011-ին՝ 92. «Մենք տեսնում ենք, որ զոհերի թվի աննախադեպ աճ էր գրանցվում յուրաքանչյուր տարի: Եվ այդ աճի միտումը գուցեեւ շարունակվեր, սակայն 2012 թվականի հունվարի 16-ից սկսեցին կիրառվել լուսանկարահանող արագաչափ սարքերը եւ տեսախցիկները: Բնականաբար, սրանք կիրառվեցին միայն Երեւան քաղաքում, եւ ունեցանք հետեւյալ պատկերը՝ 2012 թվականին 29 զոհ պակաս ունեցանք, դա մոտ 35 տոկոսին հասնող թիվ է եւ բավականին լուրջ արդյունք է, որովհետեւ ոստիկանության համար անգամ 1 զոհն ընդունելի չէ, եւ պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հնարավորինս կանխվեն ճանապարհատրանսպորտային պատահարների ծանր հետեւանքները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»