Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը աշխարհի ինովացիոն երկրների ցուցակում 60-րդն է

Նոյեմբեր 15,2016 14:23

«Հայաստանի ինովացիոն զարգացումն այլընտրանք չունի: Եթե մենք ուզում ենք հաղթել և ունենալ զարգացած, առաջադեմ երկիր՝ մեր ճանապարհը ինովացիաներն են, մեր ճանապարհը տեխնոլոգիական զարգացումն է: Այդ է պատճառը, որ ինովացիոն ֆորումը մենք համարում ենք մեր կարևորագույն միջոցառումը»,-նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը կանցկացվի նոյեմբերի 18 –ին և 19-ին Դիլիջանում «Հայաստան 20.18- 2018թ.` Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո:

Պարոն Չոբանյանը ներկայացրեց ֆորումի մանրամասները, օրակարգային հարցերը. «Ֆորումը կրում է ամենամյա բնույթ: Ֆորումին մասնակցելու են տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ, նախորդ տարիների համեմատ, այս տարի ամենաշատ գործընկերներն են մասնակցելու ինովացիոն ֆորումին: Ֆորումի ընթացքում մասնագետների թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը: Նաև կմշակվի օրակարգ՝ 2018 թ. Հայաստանն աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար: Ինովացիոն ֆորումի հիմնական թեմաներն են`նորարարական ապրանքներ և ծառայություններ, բիզնես պրոցեսների զարգացում ինովացիաների միջոցով, գիտելիքներ նորարարարության և զարգացման համար, ռազմավարություն` դեպի ինովացիոն տնտեսություն:»

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանն էլ նշեց , որ ինովացիոն քաղաքականության իրականացումը ամենաանհրաժեշտ նախապայմաններից է տնտեսության աճի ապահովման համար: Նրա խոսքով՝ այս ֆորումը բացառիկ հարթակ է փորձի փոխանակման և ՏՏ ոլորտը ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ֆորումի շրջանակներում պետական քաղաքականության քննարկման հարցերին, ինչը բավական լուրջ արդյունավետություն է տալիս: Մենք այս անգամ հյուրեր ունենք Բուլղարիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, որոնք կներկայացնեն իրենց փորձը և այն բավական ուսանելի կլինի» – ասաց փոխնախարարը:

Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում ԻՏՁՄ-ի կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ և «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում » ծրագրի կողմից:

Ռուզաննա ԴԻԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930