«Հայաստանն ունի հարուստ խոհանոց եւ գյուղատնտեսության մեծ պոտենցիալ»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանում Իտալիայի
արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին:
Aravot.am-ի հարցին, թե Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է գերակա ուղղություն, հատկապես ի՞նչ գյուղմթերքների կարիք ունի Իտալիան, պարոն Ջովաննի Ռիչուլլին ասաց, որ վերջերս Երեւան ժամանած Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ քննարկվել են համագործակցության հարցեր:
Դեսպանի համոզմամբ, սպասվող միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվեն եւ վեր կհանվեն այն ոլորտները, որոնք փոխադարձ համագործակցության համար հետաքրքրություն կներկայացնեն` ինչպես արտադրական, գյուղատնտեսական, այնպես էլ այլ ոլորտներում:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Պարոն Ջովաննի Ռիչուլլին այսօր Իտալիայի դեսպանատանը ասուլիս էր հրավիրել` տեղեկացնելու, որ նոյեմբերի 21-ից 27-ը աշխարհի 130 երկրներում, որտեղ առկա են Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչություններ, առաջին անգամ տեղի կունենա «Որակյալ իտալական խոհանոցի շաբաթ» միջոցառումը:
«Աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենալու մոտ 1300 միջոցառումներ: Նման միջոցառումը նախաձեռնվել է այն պատճառով, որ Իտալիայի տնտեսության համար գյուղմթերքների եւ գյուղատնտեսության ոլորտը շատ կարեւոր է եւ գյուղմթերքների տարեկան արտահանումը կազմում է մոտ 37 միլիարդ եվրո: Միջոցառման նպատակը, սակայն, այնքան առեւտրատնտեսական գործոնը չէ, որքան` «Էքսպո Միլան-2015» միջոցառման ընթացքում առաջացած գաղափարներին ընթացք տալը»,- պարզաբանեց դեսպանը:
Պարոն Ռիչուլլիի կարծիքով, այս միջոցառումն իր մեջ այլ գաղափար էլ ունի` «սննդի որակ, մշակույթ, սննդի անվտանգություն, բիոզանազանություն եւ որոշակի տարածքին բնորոշ սննդամթերքի առաջխաղաղացում»:
Հայկական խոհանոցից պարոն Ռիչուլլին հավանում է կարմիր լոբով, ավելուկով ապուրները, խաշ այդքան էլ չի սիրում եւ ասում է, որ Իտալիայում էլ կա ոսկրից ու ոսկրածուծից պատրաստված համանման կերակուր, որը նույնպես չի նախընտրում: Դեսպանը նաեւ նախընտրում է հնդկական, ֆրանսիական, ճապոնական, ինչպես նաեւ իտալական խոհանոցները:
Aravot.am-ի այն հարցին էլ, թե Իտալիայում է՞լ կան այնպիսի կերակրատեսակներ, որոնք հարեւան երկրների հետ վիճելու թեմա են դառնում, թե «հեղինակային իրավունքն» ումն է, ինչպես օրինակ` հայկական «տոլման», որը Թուրքիան իրենն է համարում, Ադրբեջանն` իրենը, պարոն դեսպանն ասաց, որ օրինակ` հաճախ են լսում «ամերիկյան պիցցա» անվանումը, կամ «կուսկուսը» արաբական ճաշատեսակ է, բայց Սիցիլիայում այն պատրաստվում է. «Չեմ մտաբերի այնպիսի բաց պատերազմներ, որոնք տեղի ունեցած լինեն որոշակի կերակրատեսակների պատկանելությունն ապացուցելու համար, բայց կան օրինակ` ապուրներ, որոնք Ջենովայի տարածաշրջանին են բնորոշ, բայց ֆրանսիացիներն ասում են դա Նիցցային է բնորոշ եւ այլն»:
Հայաստանում Իտալիայի դեսպանությունը միջոցառումը կազմակերպել է Երեւանում գործող 7 իտալական ռեստորանների հետ համատեղ, որի նպատակն է հայ հասարակությանը ներկայացնել Իտալական խոհանոցի այնպիսի յուրահատուկ կերակրատեսակներ, որոնք սովորաբար չեն ընդգրկվում առօրյա ճաշացանկերում եւ կպատրաստվեն հատուկ այս առիթով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ