Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակից ով ինչ գողցավ՝ քթերից գալու ա». Սեյրան Սարոյանը ԱԺ-ում դարձավ Պելեն (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2016 13:55

Այսօր այն բացառիկ դեպքերից էր, երբ ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը, այն էլ՝ զինվորների համար յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պահելու աղմկահարույց նախագծի մասին:

Նա ասաց, որ մտածում էր՝ այս հարցը որ գա ԱԺ, առանց որեւէ բան խոսելու պետք է ընդունեն. «Հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անենք՝ էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից, ով էլ ինչ տարավ բանակից: Ամեն ինչ մասին խոսացինք, բացի էս մարդը, որ էս օրենքը բերել էր: Հիշեցին, թե ով ոնց տները սարքեց, ով ինչ գողցավ, ինչ տուշոնկա գողցավ: Բանակից ով ինչ գողցավ, կերավ՝ մեկ ա, քթերից դուրս ա գալու: Իրանց էլ դուրս չգա՝ իրանց երեխեքի քթերից ա դուրս գալու: Հլը ես չեմ տեսել, որ զինվորի հաց գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Կամ երեխեքը նարկոման են դառնում, կամ ղումարբազ, կամ էլ կազինոներում էդ փողերը քամուն են տալիս: Ընենց որ, էդ թողեք Աստծո հույսին, ավելի լավ է Աստված պատժի, քան թե դատախազը»:

Սեյրան Սարոյանը զարմացած է՝ ինչպե՞ս են պատգամավորները ասում, թե պետբյուջեից այդ գումարները տան, հիմնադրամ ստեղծեն՝ իմանալով, որ մեր պետությունը «քյասիբ» է. «Փող ունենա՝ տա, որ չունի, որտեղի՞ց տա: Մարդուց բան ես ուզում, որ չունի: Հիմա ասում են՝ մեր գեներալները գող-ավազակ են: Բա գյուղ կա՞, որ շուն չունի: Ենթադրենք, 3-4 հոգի էլ անամոթ են, ինչ-որ բան են արել, բա սազո՞ւմ է, որ էսօր ամբողջ ազգը լսում են մեր գեներալների մասին: Փաստորեն պիտի ամաչեն էդ մարդիկ էդ ֆորմեն հագնեն: Բա սազո՞ւմ է»:

Սեյրան Սարոյանի մեկնաբանությամբ՝ մարդիկ Վիգեն Սարգսյանին, որը 1000 դրամ է ուզում, ասում են՝ քո ձենը տաք տեղից է գալիս. «Ամեն մի հայ հաշվեք, որ մտել է եկեղեցի 2 հատ մոմ է վառել իրա երեխեքի համար: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում ընտանիք կա, որ բանակում մարդ չունի: Չկա տենց մարդ, եթե ախպերը չի, քուրը չի, գոնե հորքուրի տղեն, մորքուրի տղեն կամ հորողբոր տղեն են: Тем более մենք էն ազգն ենք, որ մորքուրի փեսու մասին էլ ենք մտածում: Հլը փողերը չհավաքված, արդեն կոռուպցիայի մասին են խոսում: Սարգսյան Վիգենը էդ փողերն իրա տուն չի տանելու: 100 հատ Սարգսյան Վիգեն էլ կգան բանակում, կգնան, էդ հիմնադրամը կմնա»:

Ըստ նրա, ամենահեշտ բանը ցեխ շպրտելն է ու ամոթանք տվեց, որ ադրբեջանցիները մեզ են նայում, ամոթ է: Նա ասաց, որ ով զինվորի հաց է կերել, պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց բոլոր գեներալներին գող-ավազակ սարքել չի սազում: Ըստ նրա, Վիգեն Սարգսյանը պարզ բացատրեց, թե ինչի համար է անհրաժեշտ այդ 1000 դրամը. «Չի ասում՝ բանակի համար գնանք գրիչ ու թուղթ առնենք, որ խճճենք հիմնադրամը: Մարդը պարզ ասում է հայերեն լեզվով, որ 3 բանի համար է ծառայելու՝ զոհվածի համար, առաջին, երկրորդ կարգի հաշմանդամի համար»:

Նա վստահեցրեց, որ հիմնադրամի փողերը ոչ մեկը չի ուտի. «Կանեն խայտառակ, էսի էն փողը չի, որ ուտվի»:

Սեյրան Սարոյանը խնդրեց Հայոց պատմությունը չսարքել այդ հարցից. «Էդ ֆեյսբուքների մեջ ինչ ասես, գրում են, թե հարուստները թող փողերը տան: Հարուստը գրող էլ չի տա: Եթե իրան շահ չունեցավ՝ ոչ մի բան չի տա: Էս ժողովուրդը ե՞րբ պիտի հասկանա, որ ինքն է իրեն պահելու»:

Նա ասաց, որ մեր հույսը մեզ վրա պիտի դնենք. «Երեկվանից կերան էս նախարարին, իմ արեւ: Նույն հարցը 100 ձեւի տվեցին, մեկ հետեւից են գալիս, մեկ՝ առաջից, նույն հարցն էր: Հիմա դե արի, նախարար, կռուտիտ եղի ու նույն հարցին պատասխանի: Էնքան նստա, իմ արեւ, արդեն հավեսս փախավ, թողի գնացի»:

Սեյրան Սարոյանը հիացած էր նախարարի պատասխաններով. «Օրենքը ընենց լավ գիտես արդեն, իմ արեւ, քու դեմ խաղ չկա, ընկար առաջ»:

Պատգամավորը կոչ արեց գործընկերներին միասնական ձեւով սիրուն քվեարկել այս հարցին կողմ եւ հետեւել, որ ամեն ինչ ճիշտ է ծախսվում, որ խղճների հանդեպ մաքուր լինեն:

Սեյրան Սարոյանի ելույթը դահլիճում ծափերով ընդունվեց:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ Սեյրան Սարոյանից հետո ելույթ ունենալ, ոնց որ Պելեից հետո ֆուտբոլ խաղալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930