Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը հազար դրամի նախագիծը համարում է ժողովրդին քերթելու տարբերակ:
«Բանակում զինվոր ունեցող ծնողները, այսպես թե այնպես, մեծ գումարներ են ծախսում՝ նրանց համար գնելով նասկուց մինչեւ ատամի խոզանակ: Հիմա ավելացավ եւս մի բան, եթե քո որդին վիրավորվեց՝ պարտավոր ես հազարական դրամ հատկացնել («Առավոտի» կողմից ճշտենք, որ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանում հայտարարել է, թե առաջարկելու է՝ զինծառայողների ընտանիքներն ազատվեն այդ վճարից.- խմբ): 1988 թվականից ի վեր՝ մենք մեր կարողությունը դրեցինք պետականությունը կայացնելու, հաղթանակներ կերտելու վրա: Ունեցանք պետություն, մտածեցինք՝ գոնե լավ է, ընտանիքներով չենք գնա բանկռոտի, պետությունը կհոգա այդ հոգսերը, բայց այսօր պետականորեն մանիպուլյացիա են անում ու վերադառնում 80-ականներ:
Որոշ վայ հայրենասերներ այնպես են մոտենում հարցին, թե կոֆեի գին արժե, հազար դրամն ինչ է, սրիկանե՛ր, դուք չգիտեքի դա ինչ է, մենք մեր գրպանից դրեցինք, զենքն էլ, զինամթերքն էլ առանք ու ձեզ հաղթանակներ պարգեւեցինք, առ այսօր մեր վիրավորների հոգսը մենք ենք տանում… Փո՞ղ են ման գալիս, փող ման գալու տեղ չկա: Թող բանակին ապօրինի քերթած մարդկանց հետ բերեն ու լցնեն բյուջեն՝ առանց ժողովրդական շերտերին ցայտնոտի բերելու»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին:
Կարդացեք նաև
«Հասարակական պաշտպաններ» հկ նախագահ Արամ Գրիգորյանն էլ «1000 դրամի» նախագիծը լավ գաղափար է համարում, բայց. «Ճիշտ չեմ համարում, որ երկրում որեւէ խնդրի լուծում ուղղեն սովորական քաղաքացիներին, գուցե հավաքվեինք, քննարկեինք ու լուծման ձեւը գտնեի՞նք»:
Ըստ նրա, եթե նման խնդիր է առաջացել, որ պետությունը խնդրի լուծումն ուղղում է ժողովրդին, ապա մեր պետության հետ խնդիր ունենք. «Խնդիր կա, որ պետությունը չի կարողանում լուծել առաջացած խնդիրները: Պետական համակարգի համապատասխան մարմինը պետք է մտածեր այն տեղը, որտեղից կարելի էր այդ հարցը լուծել: Եթե ինձ հարցնեք, ես հիմա մի հիսուն հատ տեղ կարող եմ ասել՝ որտեղից կարելի է այդ ֆինանսները բերել: Շատ հեշտ է, այդտեղ խնդիր էլ չկա: Շատ հեշտ կարելի է այս հարցը լուծել, բայց այս հարցը լուծելու համար պետական ապարատը չաշխատեցնել ու քաղաքացու վրա դնել թեկուզ մեկ դրամի բեռ, խոսքեր չունեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ