Այսօր ԱԺ-ում շարունակվում է զինծառայողներին օգնելու համար յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր վճարի մասին աղմկահարույց նախագծի քննարկումը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Երեկ Արցախի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ եթե չգիտեք, ինքը պատրաստ է քննարկել բանակը թալանած կաշառակեր գեներալների, բանակի տարբեր ստորաբաժանումներում աշխատող տարբեր պաշտոնյաների անուններ եւ զարմանում է, թե ինչու իշխանությունները համառորեն չեն փորձում Բադասյանից ճշտել: Մարդը ասում է՝ եթե պարզվի, որ ես հանիրավի զրպարտում եմ, ինձ ենթարկեք պատասխանատվության: Չե՞ք կարծում, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն բանակը թալանողները, որ քաղաքացին տեսնի, որ մեր երկրում ի վերջո գործում է պատասխանատվության գոնե ինչ-որ մակարդակ, որից հետո միգուցե կարելի կլինի խոսել վստահության վերականգնման մասին: Իսկ բանակին, մեր զինվորներին օգնել ոչ մեկը դեմ չէ»:
Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ իսկապես, վստահության գործոնը այս նախաձեռնության շրջանակներում ամենակարեւոր գործոններից մեկն է: Նա ասաց, որ պատասխանատվությունը չափազանց կարեւոր է, բայց եկեք խոսենք կոնկրետ փաստերով եւ դեպքերով. «Եթե դուք անձամբ ունեք որեւէ փաստ կամ կոնկրետ դեպք գիտեք եւ կարող եք ներկայացնել համապատասխան ապացույցներ ՊՆ-ում որեւէ պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահման հետ կապված, ապա հանդես եկեք հայտարարությամբ եւ ներկայացրեք կոնկրետ փաստեր: Եթե պարոն Բադասյանն իր տրամադրության տակ ունի կոնկրետ փաստեր, որ բանակում ԶՈՒ-ում թույլ են տրվել չարաշահումներ, իշխանության գերազանցում, որի հետեւանքով վնաս է եղել պետությանը, ապա պետք է ներկայացնի այդ փաստերը իրավապահ մարմիններին»:
Նա ասաց, որ պետք է հրավիրեն պարոն Բադասյանին, որ ներկայացնի բացատրություն, եթե քրգործ կհարուցվի, քննչական գործողություններ կկատարվեն, որպեսզի պարզեն՝ հանցագործություն կա՞ այստեղ, թե՞ չկա, օդի մեջ չի կարելի խոսել: Ըստ նրա, քաղաքական առումով հաճելի է նման հայտարարություններ անել, բայց չի կարելի չունենալով բավարար հիմքեր՝ նման հայտարարություններ անել ու կասկածամտություն առաջացնել:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ասում եք՝ ունե՞ք փաստեր: Ինչո՞ւ պաշտոնանկ արվեցին ՊՆ-ի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մատակարարման ոլորտ, գնումներ, լավ աշխատելու համա՞ր պաշտոնանկ արվեցին: Ինձ կարո՞ղ եք բացատրել, ինչպե՞ս է, որ ՊՆ-ի տարբեր պաշտոնյաներ, գեներալներ ապրում են ցոփ ու շվայտ կյանքով: Իմ իմանալով՝ Բիլ Գեյթսը չեն, ՏՏ ոլորտում էլ հայտնագործություններ չեն արել որեւէ ձեռքբերումներ չեն արձանագրել: Այդ դեպքում որտեղի՞ց իրենց այս աստղաբաշխական ունեցվածքները»:
Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ բավարար հիմքեր ու ապացույցներ են պետք՝ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտներին, Կորյուն Նահապետյանն ասաց, որ հայտարարագիր են ներկայացրել, իսկ ինքը հիմքեր չունի կասկածի տակ առնելու այդ հայտարարագրերը, քանի դեռ հակառակը ապացուցված չէ. «Կենցաղային մակարդակով կարելի է հազար ու մի տեսակ հայտարարություններ հնչեցնել՝ կոնկրետ մարդկանց մեղադրելով եւ ապօրինի հարստացման, եւ աստղաբաշխական չափերի ունեցվածք ունենալու մեջ, բայց պետք է հասկանալ, որքանով են օրինական ձեռք բերվել համապատասխան գույքն ու եկամուտները»:
Նա պատգամավորին կոչ արեց դիմել իրավապահ մարմիններին, եթե ունի հիմքեր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ