Լրահոս
Օրվա լրահոսը

Պրիմիտիվ գողությունից մինչև համակարգային կոռուպցիա

Նոյեմբեր 15,2016 12:43

Հարգելի պարոն վարչապետ,

Թույլ տվեք բաց նամակս սկսել` համաձայնություն հայտնելով վերջերս Ձեր հնչեցրած այն տեսակետի հետ, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, իսկ հազարավոր քաղաքացիների կարծիքով՝ կոմատոզ վիճակում: Այդ մասին են վկայում վերջին տարիներին հազարավոր ձեռնարկությունների փակվելն ու սնանկանալը, մեր հայրենակիցների չդադարող արտագաղթը: Այս ծանր տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ մեր երկրում համակարգային բնույթ ստացած կոռուպցիայի դեմ պայքարը օրախնդիր է դառնում թե՛ կառավարման արդյունավետության բարձրացման, թե՛ պետական կառավարման հանդեպ հանրային վստահության վերականգնման, և թե՛ պետական սուղ միջոցները վատնումից փրկելու ու ամենակենսական ուղղությունների վրա ծախսելու տեսանկյունից: Ճակատագրի հեգնանքով, մինչ պետական միջոցների ավելի արդյունավետ օգտագործման կապակցությամբ ձևակերպվում էր առաջարկս, Ձեր կառավարությունը, հանձին պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի, հանդես եկավ աղմակահարույց նախագծով, որի նպատակը մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացումն է, կամ ինչպես ժողովրդի մեջ է այն անվանվել՝ «Ամսական 1000 դրամ բանակին» ծրագիրը:

Թե՛ վերջին ամիսներին ձեր կողմից հնչեցված բազում գնահատականներում ու նախաձեռնած քայլերում, թե՛ նաև այս վերջին օրենսդրական նախաձեռնության մեջ կարմիր թելի նման անցնում է «տնտեսությունը ծանր վիճակում է» թեզը, մինչդեռ ստացվում է, որ իր մեծամասնության մեջ աղքատացած ժողովուրդը պետք է հավելյալ բեռ ստանձնի երկրի անվտանգության ապահովման գործում: Քաջատեղյակ եք, որ այս օրերին հանրության տարբեր շրջանակներ մատնացույց են արել բազում այլընտրանքային աղբյուրներ, որոնց հաշվին կարող են լուծվել նաև հիշատակված խնդիրները, որոնց կարևորությունը ոչ մեկ կասկածի տակ չի դնում: Այդ նույն լույսի ներքո ու կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում ձեզ եմ դիմում միանգամայն այլ առաջարկով, որը, կարծում եմ, նպատակամետ կլինի: Եվ այսպես. առաջարկում եմ հետ կանչել բոլոր ծառայողական ավտոմեքենաների նվազագույնը 70 տոկոսը, այդ թվում նաև մեզ՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությանն ամրակցվածը:

Ըստ բազում հաշվարկների ու անժխտելի փաստերի՝ մեկ ծառայողական մեքենային հարկատուի գրպանից ամսական տրամադրվում է (թվերը մոտավոր են) 150.000 դրամի վառելիք, 150.000 դրամ վարորդին աշխատավարձ, ևս 150.000 դրամ՝ սպասարկման ծախսերի համար, ուստի ակնհայտ է մեկ ծառայողական ավտոմեքենայի համար ծախսվող գումարի չափը: Սա այն դեպքում, երբ բազմաթիվ զարգացած պետություններում կան մի քանի տասնյակ ծառայողական մեքենաներ:

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցում հետապնդող ու հարյուր հազարավոր դրամների խնայողություն ենթադրող այս առաջարկը հիմնավորում եմ հետևյալով. նախ՝ սրանով կվերանան բոլոր անարդյունավետ ծախսերը՝ սկսած թանկարժեք մեքենաների ձեռքբերումից, հատկացվող վառելիքից, մեքենայի սպասարկումից, ապահովագրումից մինչև անվադողեր ու այլ ծախսեր, որոնք պետական բյուջեից հայտնվում են տարբեր չինովնիկների կողմից ստեղծված ՍՊԸ-ներում, ՊՈԱԿ-ներում, ԾԻԳ-երում ու այլ կոռուպցիոն սխեմաներում:

Սրա կողքին շարքային քաղաքացին այսօր դժվարությամբ է առաջնային պահանջմունքները բավարարում, չնայած՝ համաձայն Սահմանադրությամբ ամրագրված հոդվածի՝ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի տեր ժողովուրդը հայտնվում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական կոմայի մեջ, իսկ նրա ծառաները, ի դեմս պետական չինովնիկների, ապրում են ճոխ պայմաններում:

Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի տնտեսության վիճակը այլ է, մինչդեռ պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց ներկայացրած եկամուտների հայտարարագրերում նրանց ունեցվածքն ու շահույթները անշեղորեն աճում են:

Եվ ինչպե՞ս կարելի է նորմալ համարել այն, որ այսպիսի անարդյունավետ ծախսերի, կոռուպցիոն ռիսկեր պարունակող սխեմաների պայմաններում դեռ մի բան էլ ակնկալում ենք, որ քաղաքացին հերթական զոհաբերությունը պետք է կատարի հանուն մեր սահմանները պահպանող զինվորի:

Մինչդեռ, ինքներդ էլ քաջ գիտեք, որ տակավին ճոխություններով ապրող պետծառայողների ու պետական գործիչների կողքին մեր շարքային քաղաքացիները և նրանց զավակները բանակում իրենց պարտքը կատարելիս զրկված են անգամ տարրական արժանապատիվ պայմաններից: Ըստ որում, երբ դեռևս հոդաբաշխ բացատրություն չի ստացել հարցերից ամենագլխավորը՝ ինչու՞ են բանակում ծառայում միայն անապահով ընտանիքների երեխաները, իսկ նույն պաշտոնյաների ու մեծահարուստների զավակները՝ խուսափում…

Ցանկության և շահագրգռվածության դեպքում այս ու այլ շատ հարցեր, այդ թվում՝ ստեղծված ծանր վիճակից ելք գտնելու ճանապարհներն առաջարկում ենք քննարկել մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ:

Գագիկ Բաղդասարյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության ղեկավար

Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930