Բրյուսելն Անկարային մեղադրում է ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու համար։ Այս մասին նշվում է Եվրամիությանը՝ Թուրքիայի անդամակցության պատրաստվածության վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած տարեկան զեկույցում, որում ընդհանուր առմամբ գնահատական է տրված Թուրքիայի վարած տնտեսական և քաղաքական բարեփոխումներին։
Փաստաթղթի համաձայն, Եվրամիությանն անդամակցել ցանկացող Թուրքիայում հետընթաց է արձանագրվել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության։
Զեկույցի Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում նշվում է, որ պաշտոնական Անկարան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում։
«Միևնույն ժամանակ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվել են եռակողմ համաձայնագիր ստորագրել ռազմական համագործակցության մասին», – նաև ասված է զեկույցում։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Եվրահանձնաժողովը նկատում է, որ 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մինչ օրս չեն վավերացվել։
Կարդացեք նաև
Զեկույցի հեղինակները առանձին տողով նաև շեշտում են. -«Թուրքիայի իշխանությունները շարունակում են կոշտ արձագանքել որևէ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին»։
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում