Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հանգուցալուծել Վանաձորյան թնջուկը. «Հայոց Աշխարհ»

Նոյեմբեր 15,2016 12:28

«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը օրերս հայտարարել էր, որ Վանաձորի ավագանիում ներկայացված քաղաքական ուժերը, իրար դեմ կռիվ տալու, միմյանց շանտաժի ենթարկելու փոխարեն, լավ կլինի՝ միավորվեն եւ միասին փորձեն լուծում տալ քաղաքի խնդիրներին։ Սա ինչպե՞ս հասկանալ. արդյոք Ա.Բաղդասարյանը կոալիցիա կազմելու առաջարկությո՞ւն է անում ՀՀԿ-ին, ինչպես նշում են ընդդիմադիր որոշ գործիչներ։ Մեր հարցերին պատասխանում է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ։

-Իսկապես, անելանելի մի իրավիճակ է առաջացել, եւ բնականաբար բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են Վանաձորի ավագանու կազմում, այդ թվում՝ «Հայկական վերածնունդը», մտահոգված են, թե ինչպես հանգուցալուծել այս թնջուկը։ Այդ մասին խոսել է նաեւ մեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ասել է, որ հնարավոր է ազգային համաձայնության կառավարման այն մոդելը, որի մասին մենք խոսում էինք դեռեւս հուլիսյան իրադարձություններից հետո՝ «Սասնա ծռերի» հետ կապված գործընթացների ժամանակ, փորձարկել Վանաձորում։

-Խոսքը հետընտրական կոալիցիա ստեղծելու մասի՞ն է։

-Մեր ասածը կոալիցիա չէ՝ համագործակցություն է, որը հնարավորություն կտա համատեղ ուժերով կառավարել քաղաքը՝ համաձայնության գալ եւ ստեղծել պայմաններ, որպեսզի ավագանիում խմբակցություններ ունեցող բոլոր քաղաքական ուժերը, իշխանություն թե ընդդիմություն, կարողանան մասնակցել Վանաձորի կառավարման գործընթացին։

Պարոն Բաղդասարյանը երկրորդ կարեւոր առաջարկությունն էլ է արել՝ ի վերջո, քանի որ վանաձորցիներն են ընտրել ավագանիներին, վանաձորցիներն էլ թող հանրաքվեի միջոցով որոշեն, թե ինչպես շարունակել ապագա աշխատանքները։

-Այսինքն՝ առաջարկում եք տեղական հանրաքվե՞ անցկացնել։

-Այո, բաց հանրաքվե, օրինակ։ Ասենք՝ հրապարակում դրվեն արկղեր, մարդիկ մոտենան եւ քվեարկությամբ արտահայտեն իրենց տեսակետը՝ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները շարունակե՞ն բոյկոտել ավագանու նիստերը, թե՞ դադարեցնեն՝ հնարավորություն տալով, որ ավագանին աշխատի եւ որոշումներ կայացնի։

Այսինքն՝ վանաձորցին իր «այո»-ն կամ «ոչ»-ը ասի այդ խնդրի շուրջ։ Կարծում եմ՝ վանաձորցիներն իրենք էլ պետք է շահագրգիռ լինեն՝ ներկայացնելու իրենց կարծիքը, ցույց տալու, թե ինչպես են տեսնում քաղաքի կառավարման, քաղաքապետարանի գործունեության հետ կապված ապագա զարգացումները՝ նկատի ունենալով Վանաձորի բյուջեի եւ զարգացման ծրագրի հաստատման անհրաժեշտությունը։

Իհարկե, մենք, որպես մտահոգ քաղաքական ուժ, հայտարարել ենք, որ չենք մասնակցելու ավագանու նիստերին, քանի դեռ այդ հարցը քաղաքական լուծում չի ստացել, բայց նաեւ հասկանում ենք, որ, այսպես թե այնպես, այդ իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել՝ մի օր խնդիրը պետք է լուծվի։ Մեր առաջարկությունը կընդունվի՞, թե՞ ոչ՝ արդեն քաղաքական ուժերի խնդիրն է։

-Ասել է թե՝ գնդակը ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» դաշտում է՝ սպասում եք ձեր ընդդիմադիր գործընկերների պատասխանին։

-Այսպես ասեմ՝ սա գաղափար է, որ հրապարակ ենք նետել, եւ եթե կան Վանաձորի ավագանիում ներկայացված քաղաքական ուժեր, որոնք մտահոգ են ստեղծված իրավիճակով եւ շահագրգիռ՝ գտնելու մի տարբերակ՝ ուշ թե շուտ այս խնդիրը լուծելու համար, պետք է որ արձագանքեն մեր առաջարկությանը։ Ա.Բաղդասարյանի հայտարարության նպատակը եղել է այն, որ գաղափարը շրջանառվի եւ քննարկվի։

Տեսեք, մենք շատ ենք խոսում, որ ճիշտ կլինի՝ ընդդիմությունը նույնպես մասնակցություն ունենա որոշումների կայացմանը, ներկայացված լինի տարբեր ենթակառուցվածքներում, վերահսկողական գործառույթ ունեցող կառույցներում եւ այլն։ Հիմա ընդդիմադիր ուժերը Վանաձորի ավագանիում գերակշիռ մեծամասնություն են ստացել եւ կարող են օգտագործել այդ հնարավորությունը քաղաքի խնդիրները լուծելու համար։ Կօգտագործե՞ն, թե՞ չեն օգտագործի՝ կյանքը ցույց կտա։

-Չե՞ք պատրաստվում պաշտոնապես դիմել գործընկեր կուսակցություններին եւ գրավոր ներկայացնել համագործակցության ձեր առաջարկությունը։

-Գիտեք ինչ, մենք հրապարակավ ներկայացրել ենք մեր մոտեցումները, եւ այնպես չէ, թե գիշեր-ցերեկ մտածում ենք՝ ինչ անել, որ մեր առաջարկն անպայման ընդունվի։ Ուղղակի մտահոգ ենք եւ առաջարկում ենք իրավիճակի հանգուցալուծման մեր բանաձեւը։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930