Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարտակի հրամանատարը մեղադրվում է մարտական հենակետի դիզվառելիքը հափշտակելու փորձի մեջ

Նոյեմբեր 15,2016 11:47

Արտաշ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 2016թ. ապրիլի 15-ից 29-ը մարտական հերթապահության ընդգրկված լինելով մարտական հենակետում, այդ հենակետի կացարանների տաքացման եւ կերակուր պատրաստելու նպատակով հատկացված դիզելային վառելիքը հափշտակելու դիտավորությամբ, անօրինական կարգով հրամայել է հենակետի կացարաններում փայտ եւ գազ վառել՝ ապահովելով համապատասխան միջոցներով: Դրա արդյունքում Ա. Պետրոսյանը տնտեսել է զգալի չափերով՝ 95 հազար 242.5 դրամ արժողությամբ 270 լիտր դիզելային վառելիք, որը փորձել է յուրացնել, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար Արտաշ Պետրոսյանից տեղեկանալով նրա կողմից ապօրինի տնտեսված, հափշտակելու նպատակով զորամաս տեղափոխված 270 լիտր դիզելային վառելիքը 2016թ. ապրիլի 30-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Տավուշի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, հայտնաբերման հանգամանքը որպես խոչընդոտ վերացնելու եւ հանցագործությունն ավարտին հասցնելու նպատակով, գումարտակին ամրացված «Ուրալ 4320» մակնիշի ավտոմեքենայի բենզինի բաքը հանել է մեքենայի վրայից, տեղափոխել Տավուշի մարզի Այգեձոր գյուղում գտնվող եռակցող Սուրեն Սաֆարյանի արհեստանոց:

Այնտեղ Դ. Ղազարյանը եռակցողին հանձնարարել է բենզինի բաքի ստորին հատվածը ծակել ու եռակցել, այսպիսով իրավապահ մարմինների ուշադրությունը շեղելով փորձել է նրանց մոտ պատրանք ստեղծել, թե իբր հայտնաբերված դիզելային վառելիքը գումարտակին ամրացված ավտոմեքենայի բաքինն է:

Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելու կամ վատնելու՝ հանցավորին վստահված ուրիշի զգալի չափերով գույքի հափշտակության փորձը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով»), Դ. Ղազարյանին՝ 38-34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելու կամ վատնելու՝ հանցավորին վստահված ուրիշի զգալի չափերով գույքի հափշտակության փորձին հանցակցելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով»):

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կսկսվի նոյեմբերի 17-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930