Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը պարտավոր է բացատրել համախմբման ու փողահավաքի տարբերությունը. «Իրատես»

Նոյեմբեր 15,2016 11:32

«Իմ խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձը ստանալիս մտածի առաջնագծի տղաների մասին»,- ԱԺ-ում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նախ՝ առաջնագծի տղաների մասին մտածում ենք ոչ միայն աշխատավարձ ստանալիս։ Ոչ միայն աշխատողներս։ Ամեն առավոտ ենք մտածում, կամ Աստծուն փառք ենք տալիս, որ գիշերը հանգիստ է անցել, կամ սգում ենք զինվորի կորուստը։ Ոչ միայն նրանք, որ բանակում զինվոր ունեն, բոլորս։ Դա չի քննարկվում, ինչպես չի քննարկվում, որ այս օրինագծի շուրջ խոսակցությունները չեն վերաբերում բանակին ու զինվորին։ Վերաբերում են մեզ։ Ու՝ ի՞նչ։

1. Ոչ ոք չի կարող վիճարկել, որ հարցը հրատապ է ու պետք է լուծում ստանա։

2. Ոչ ոք չի կարող համոզել աշխատողին, ում աշխատավարձից ամեն ամիս առաջարկվում է 1000 դրամ հարկ պահել, որ գումարը հասնելու է հասցեատիրոջը։

3. Ոչ ոք չի կարող պնդել, որ օրինագիծն արդար է խիստ բևեռացված հասարակության մեջ, որտեղ աշխատավարձերը ևս խիստ բևեռացված են. համեմատեք նվազագույն և ԿԲ-ի աշխատավարձերը, և ուրեմն՝ պետք է ոչ թե առաջնորդվել հավասարության սկզբունքով, այլ սանդղակ սահմանել՝ ամեն 50000-ից 1000 դրամ կամ այլ գումար, բայց սոցիալական արդարությունը պահանջում է սոցիալական գնահատական։

4. Ոչ ոք չհարցրեց դա սոցիալական աջակցությո՞ւն է, թե՞ ապահովագրում, ինչո՞ւ է ԿԲ-ն զբաղվելու, որ իր կանոնադրական գործառույթը չէ, նոր աշխատատեղե՞ր են ստեղծվելու ԿԲ-ում ու ի՞նչ աշխատավարձով։

5. Ոչ ոք չասաց հայրենասիրության գինը ի՞նչ սկզբունքով է սահմանվել՝ վեց միլիարդ դոլա՞ր էր պակասում։

6. Ոչ ոք Վիգեն Սարգսյանին չասաց, որ սխալ է, երբ հայտարարում է. «Եթե մենք շարունակենք խոսել, թե ովքեր կոռումպացված են, պետք է ավելի շատ ներդրում ունենան այդ ամեն ինչին, մենք շարունակելու ենք պայքարել ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ շարունակելու ենք կոռուպցիան կոչել սոցիալական արդարության»։ Սխալ է, երբ հայտարարում է. «Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է կոռուպցիան վերացնելուն զուգահեռ նվազեցնի ու կասեցնի իր կախվածությունն այն մարդկանց փողերից, ում փողերի հանդեպ ինքը չունի վստահություն»։ Կոռուպցիան վերացնելը հասարակության խնդիրն է, բայց կոռուպցիային կյանք տվող մթնոլորտը վերացնելը իշխանության խնդիրն է։ Քանի դեռ իշխանությունը խնդիրը չի լուծել, հասարակությունն իրավունք ունի պահանջներ ներկայացնել նրանց փողերին, որ իր փողերն են, բայց ուրիշի գրպանում։

7. Ոչ ոք Վիգեն Սարգսյանին չասաց, որ եթե հայտարարում է. «Ես համարում եմ, որ սա կարևոր քայլ է մեր համախմբման ուղղությամբ։ Հնարավոր է, դուք ասեք, թե սա չափից ավելի ռոմանտիկ, չափից ավելի պաթետիկ է, բայց ես համարում եմ, որ պաշտպանության և անվտանգության գործում գաղափարախոսությունն ունի կարևորագույն դեր, և համարում եմ, որ սա մեր գաղափարախոսության մի մասն է», պիտի ոչ թե պաշտպանական դիրքերից մեղադրի հասարակությանը, որ իրեն ռոմանտիկ կամ պաթետիկ են համարում, այլ պարտավոր է բացատրել համախմբման ու փողահավաքի տարբերությունը, այլապես պաշտպանության ու անվտանգության գաղափարախոսությունը հանգում է 1000 դրամի պատմության, որ այդպես չէ ու չի կարող լինել իրականում:

 

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930