Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Թրամփ. առայժմ անպատասխան հարցեր

Նոյեմբեր 15,2016 22:00

Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ 45-րդ նախագահ: Առաջին արձագանքներն առավելապես շոկային են, հատկապես եվրոպական մայրաքաղաքներում, իսկ Մոսկվայում եւ որոշ հետխորհրդային երկրներում նույնիսկ ցնծություն է տիրում:

Բազմաթիվ են վերլուծությունները, թե ինչո՞ւ ամերիկացի ընտրողը գերադասեց Թրամփին, ի՞նչ է հատկապես ակնկալում նրանից, ինչպես նաեւ՝ ի՞նչ էին ակնկալում այն ամերիկացիները, որոնք քվեարկեցին Հիլարի Քլինթոնի օգտին: ԱՄՆ-ից դուրս ապրողների համար սա կարեւոր է այնքանով, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է եւ ածանցյալը, իսկ ԱՄՆ պես պետության համար ասվել է, որ բոլոր քաղաքականություններն էլ ներքին են: Այնուամենայնիվ, մեզ՝ ոչ ամերիկացիներիս համար՝ կարեւոր է, թե ինչ փոփոխություններ կարող են լինել միջազգային թատերաբեմի առաջատարի մոտ, իսկ դա զգալի չափով կկանխորոշի միջազգային հարաբերությունների ընթացքը առաջիկա առնվազն չորս տարվա ընթացքում:

Անշուշտ, արտաքին քաղաքականությունն ԱՄՆ կոնստանտներից մեկն է, այն պայմանավորված չէ միայն նախագահի անձով: Նախագահին չափազանց կարեւոր գործառույթներ են վերապահված, նա գլխավորում է քաղաքականության ձեւավորման եւ իրականացման գործընթացը: Սակայն մի երկրում, որտեղ գործում են բազմաշերտ եւ բազմապիսի զսպումների եւ հակակշիռների համակարգեր, կայացած ինստիտուտներ եւ բյուրոկրատիա, կայացած քաղաքացիական հասարակություն, ազատ եւ ազդեցիկ մամուլ՝ նախագահն ուղղակի չի կարող իր նախապատվություններից, համակրանքներից կամ հակակրանքներից դրդված՝ ուղղել արտաքին քաղաքականությունը ցանկացած ուղղությամբ: Դա ոչ Ռուսաստան է, ոչ էլ Թուրքիա, որտեղ նախագահը մի օր որոշում է, թե ով է իր հերթական «եղբայրը», իսկ հետո կարող է դառնալ «թշնամի», որպեսզի վեց ամիս անց նորից վերադառնա «եղբոր» կարգավիճակին եւ միշտ ստանա դրան ի պատասխան իշխանական համակարգի եւ իշխանամետ մամուլի հիացմունքն «իմաստուն» քաղաքականությամբ, որտեղ հարցեր չեն տալիս, իսկ հարցեր տվողները հայտարարվում են հակապետական տարրեր կամ պարզապես բանտարկվում:

Բացի դրանից, ԱՄՆ-ում գործում են Սահմանադրություն, անկախ դատական համակարգ, որը վերահսկում է, որպեսզի իշխանության ցանկացած քայլ համապատասխանի օրենսդրության ոգուն եւ տառին: Եվ վերջապես՝ երբ ԱՄՆ-ում հարցեր են տալիս, ստիպում են այդ հարցերին, նույնիսկ ամենաանհարմար, պատասխանել, իսկ պատասխանները ստանալուն պես՝ նոր հարցեր տալիս:

Նյու Յորքում բնակվող ռուս գրող Ալեքսանդր Գենիսը տվել էր սպասվող գործընթացի դիպուկ բնորոշումը. «Հանրապետականները ձեռնամուխ են լինելու մի վիթխարի օպերացիայի՝ «Դաստիարակե՛լ Դոնալդ Թրամփին» անվանմամբ»: Հայտնի է, որ հանրապետականները մեծամասնություն են ստացել թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում: Սակայն հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին դա չի կարող հանգիստ կյանք երաշխավորել: Ըստ ամենայնի, նա ամենամեծ խնդիրները կունենա հենց ի՛ր կուսակից օրենսդիրների հետ, որոնք կկատարեն ամենակարեւոր դերը իր էքսցենտրիկ բնավորությամբ հայտնի եւ արտաքին քաղաքականությունից հեռու նախագահին սխալներից հետ պահելու գործում:
Առաջին հերթին խոսքը վերաբերում է անդրատլանտյան հարաբերություններին՝ ԱՄՆ-Եվրոպա: Եվրոպական մայրաքաղաքներում տիրող շոկային տրամադրությունները հիմնազուրկ չեն: Ժան-Կլոդ Յունկերը, Ֆեդերիկա Մոգերինին, Յենս Սթոլթենբերգը, Անգելա Մերկելը, եվրոպական մամուլը խորապես մտահոգված են, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ-Եվրոպա ռազմավարական հարաբերությունների ապագան, հատկապես «Բրեքզիթ»-ից հետո: Բացի դրանից, Եվրոպան զգում է նաեւ ներքին սպառնալիք, քանի որ առանցքային երկրներում առաջիկա ժամանակահատվածում սպասվող ընտրություններում մեծանում են տեղական ծայրահեղ աջ եւ ծայրահեղ ձախ ամբոխավարների շանսերը, որոնցից շատերը, ընդօրինակելով թեկնածու Թրամփի հռետորաբանությունը, կարող են հասնել հաջողության եւ խարխլել միասնական Եվրոպան:

Իսկ Եվրոպան, ի տարբերություն ԱՄՆ-ի, չունի ինստիտուտների փուլային եւ հաջորդական կայացման 250 տարվա պատմական փորձ: Բացի Բրիտանիայից, Հոլանդիայից եւ սկանդինավյան երկրներից՝ Եվրոպայի ժողովրդավարական ինստիտուտների պատմությունը լի է ցնցումներով՝ ֆրանսիական հեղափոխությունների եւ հեղաշրջումների շարան, իտալական եւ գերմանական ֆաշիզմ, օկուպացիա եւ ավերածություններ երկու համաշխարհային պատերազմներից, կայսրությունների փլուզում, բռնապետություններ Իսպանիայում եւ Պորտուգալիայում, դենացիֆիկացիա ամերիկյան ռազմական ներկայության պայմաններում եւ այլն: Կենտրոնական Եվրոպան, որին մինչ ԽՍՀՄ փլուզումը Արեւելյան էին կոչում, երկու տասնամյակ է, ինչ դուրս է եկել սովետական «երկաթե վարագույրի» հետեւից: Իսկ Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպան, այսինքն՝ հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Հայաստանը, առայժմ ծանր դոփում են տեղում՝ ծոծրակներին զգալով Մոսկվայի «եղբայրական» շունչը՝ Մոսկվայի, որտեղ էյֆորիա է տիրում այժմ, որտեղ Պետդումայի նախագահ Վոլոդինը հայտարարում է ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հայացքների «աննախադեպ միասնականության» մասին: Հետեւաբար այսպիսի փխրուն լինելով՝ Եվրոպան, Պորտուգալիայից մինչեւ Հայաստան, Նորվեգիայից մինչեւ Հունաստան, չի՛ կարող ընտրությունների ժամանակ իրեն այնպիսի շռայլություն թույլ տալ, ինչպես ամերիկացիները: Ա՛յդ պատճառով է նաեւ խիստ մտահոգված Եվրոպան:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը բրիտանական «Օբսերվեր»-ում հոդված է գրել, որում մտահոգություն հայտնելով թեկնածու Թրամփի նախընտրական թեզերի հետ կապված՝ նշում է. «Իզոլյացիոնիզմի կուրսը բացառվում է թե՛ Եվրոպայի, թե՛ Միացյալ Նահանգների համար»: Հայտնի է, որ ԱՄՆ-ն ընդհանրապես չի միջամտել Եվրոպայի քաղաքականությանը մինչեւ 1917 թվականը, երբ ամերիկյան բանակը միջամտեց Առաջին համաշխարհայինի ընթացքին եւ կանխորոշեց Անտանտի հաղթանակը: Մյուս կողմից՝ հայտնի է, թե նախագահ Վիլսոնի բոլոր նախաձեռնություններն ինչպիսի վերջաբան ունեցան. ԱՄՆ-ը կրկին ներփակվեց, եւ ինքնամեկուսացումը խորացավ 1929թ. Մեծ դեպրեսիայից հետո: Իսկ բոլշեւիկյան Ռուսաստանը եւ նացիստական Գերմանիան մարտահրավեր նետեցին ազատական ժողովրդավարությանը, եւ բացի Բրիտանիայից՝ ոչ ոք Եվրոպայում դրա դեմ ըստ էության չընդվզեց, ինչը Բրիտանիան անում էր 1939 թվականից սկսած: Իսկ ԱՄՆ-ը ստիպված կրկին «վերադարձավ»: Դրանով նա կանխորոշեց նացիզմի պարտությունը եւ բոլշեւիզմի հաղթարշավի կասեցումը Եվրոպայի գոնե արեւմտյան մասում:

Դրանից հետո յոթանասուն տարի միասնական դարձած Եվրոպայում տիրում է խաղաղություն, նրա անվտանգությունը պահպանվում է ԱՄՆ-Եվրոպա ռազմավարական, կենսական կարեւորության դաշինքի շնորհիվ: Դարձյալ ԱՄՆ-ում բնակվող ռուս պատմաբան Յուրի Ֆելշտինսկին մինչ ընտրությունները նշեց, որ սա յուրովի հանրաքվե է, թե ինչ է լինելու Եվրոպայի եւ մուսուլմանական Արեւելքի հետ՝ շեշտելով, որ Եվրոպայի յոթանասունամյա անդորրն այլեւս խախտված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայով եւ Ղրիմի անօրինական բռնակցմամբ…

Իսկ այսօր Դոնալդ Թրամփին՝ որպես ԱՄՆ նախագահի, որին ընտրեց ամերիկյան ժողովուրդը, տրված է լուծելու այս հարցերը, հարցեր, որոնք մնում են առայժմ անպատասխան:

Կարող է հարց ծագել՝ մեզ ի՞նչ այս ամենից: «Մենք ենք, մեր սարերը» պարադիգմայի պայմաններում նման հարցադրումը կարող է միանգամայն արդարացի թվալ: Սակայն գլոբալիզացված եւ էլ ավելի գլոբալիզացվող աշխարհում անհասանելի սարեր ուղղակի չե՛ն մնացել, եւ սա փաստ է: Իսկ եթե մնացել են անհասանելի, ապա ոչ թե սարերը, այլ մարդիկ, որոնց համար այդպես մտածելով ապրելն է հեշտ: Պարզ է, որ սա ինքնախաբեություն է: Պարզ է նաեւ, որ ԱՄՆ հարաբերությունները Հայաստանի եւ այլ հետխորհրդային երկրների հետ ուղղակի կածանցվեն հարաբերություններից, որոնք կկառուցվեն Թրամփի օրոք ԱՄՆ եւ մյուս կողմից՝ Եվրոպայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ: Ներկա դրությամբ Հայաստանի եւ ԱՄՆ շահերն օբյեկտիվորեն գրեթե ամբողջապես համընկնում են տարածաշրջանում, եւ դրա ձեւակերպումները տրվեցին Բարաք Օբամայի կառավարման ութ տարիների ընթացքում: Ինչպիսի շարունակություն կստանա հարաբերությունների զարգացման գործընթացը՝ դեռ պարզ չէ:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Պատրաստ եմ խաղադրույք կատարել. ամենաուշը 2020 թվականին ԱՄՆ-ը կունենա 46-րդ նախագահը:

«Առավոտ»

15.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. araqel says:

    Անգլիական ու հայկական շահերը միշտ են համընկել: Ու կհամընկենեն այնքան, քանի դեռ Թուրքիա պետությունը գոյություն ունի:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930