Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշոր-բանակ»

Նոյեմբեր 15,2016 10:24

Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «Ազգ-բանակ» հնչեղ ծրագիրը:

Բայց մինչ այդ ապրիլի քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկան մի ամբողջ շարք թերություններ, բացթողումներ, սխալներ, որոնք ՊՆ գեներալիտետի անհետևողական աշխատանքի արդյունքն էին: ՊՆ-ի որոշ դեպարտամենտների գեներալներ պաշտոնանկ եղան և նույնիսկ ձերբակալվեցին…:

Ի վերջո բարձրագույն իշխանությունը եզրակացրեց, որ բանակին տրված բյուջետային հատկացումները նպատակային ձևով չեն ծախսվել և պաշտոնանկ արեց նաև ԳՇ-ի պետին և պաշտպանության նախարարին:

Այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ գոմեշի մսով շարքային զինվորներին չի կարելի կերակրել և առանձնատներ կառուցել, ռեստորաններ ունենալ, գծերի տերեր լինել և վերջապես բանակին հատկացված միջոցները մսխել…:

Նույնիսկ այս օրերին սահմանում ծառայող շարքայիններին անհրաժեշտ ծխախոտ, սննդամթերք և տաք հագուստ ուղարկում են ծնողները: Պարզապես պետք է տեսնել Կոմիտասի պողոտային հարակից փողոցում կանգնած «Գազել» ավտոմեքենան և նրան մոտեցող ծնողներին իրենց ծանրոցներով: Հիմնականում նրանք սոցիալապես անապահով ընտանիքներ են, բայց սահմանում զինվոր ունեն:

Ստեղծված իրավիճակում պետության խնդիրն է ոչ թե աջակցել, ակցիաներ կազմակերպել կամ էլ իշխանավորների ֆոտոսեսիաները կազմակերպել խրամատներում, այլ լրջորեն հետևել, որ բանակին հատկացված ցանկացած լումա տեղ հասնի և չդառնա գեներալիտետի համար կապիտալի հոսքի աղբյուր:

«Ազգ-բանակ» ծրագիրը գործողության մեջ դնելուց առաջ անհրաժեշտ է մի ամբողջ շարք խնդիրներ ճիշտ ձևակերպել և հանրությանը թափանցիկ ներկայացնել.

1. Քանի՞ զոհվածի ընտանիք կա հանրապետությունում:
2. Զորամասերում անհայտ հանգամանքներում սպանվածը կամ մահացածը զոհվածի կարգավիճակո՞ւմ է համարվում, թե՞ ոչ:
3. Բանակում ծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների թիվը որքա՞ն է:
4. Հանրապետությունում քանի՞ գրանցված աշխատող կա և քանի՞սն է գտնվում նվազագույն աշխատավարձի շեմին:
5. Աշխատողների շուրջ 50%-ը գտնվում է ստվերում: Ինչպե՞ս է լինելու վերաբերմունքը նրանց նկատմամբ:
6. 1000-ական դրամի գանձումը հարկի տեսա՞կ է լինելու, թե՞ ոչ:
7. Որքանո՞վ է տրամաբանական, որ 56.000 ՀՀ դրամ մաքուր աշխատավարձ ստացողը և 560.000 և դրանից բազմապատիկ անգամ ավելի ՀՀ դրամ ստացողը ամսեկան վճարեն 1000-ական դրամ:
8. Ոչ մի տեղ չաշխատող, բայց բաժնետոմսերով լուրջ հայտարարագրեր ներկայացնողները վճարելո՞ւ են 1000-ական դրամ, թե՞ ոչ:
9. Վարձակալությամբ տրված տարածքների, շենքերի, շինությունների սեփականատերերը վճարելո՞ւն են արդյոք, թե՞ ոչ:
10. Առաջիկայում նվազագույն աշխատավարձի բարձրացում չի սպասվում, իսկ եթե լինի՞: Վերանայվելո՞ւ է 1000-ական դրամի գանձման չափը:
11. Բանակին լուրջ ֆինանսական վնաս հասցրած գեներալիտետը պատրաստվո՞ւմ է ներդրումներ կատարել այդ ծրագրում:
12. Օլիգարխ-իշխանավորներից շատերի հարստությունը՝ բաժնետոմսերը, փոխառությունները ձևակերպված են ընտանիքի չաշխատող անդամների անունով: Ինչպիսի՞ն է լինելու վերաբերմունքը նրանց նկատմամբ:
13. Օֆշոր գնացած գումարներից ինչպիսի՞ սպասելիքներ կան «Ազգ-բանակ» ծրագրին:

Տարիներ շարունակ օդանավակայանում գանձվում էր օդի գումար՝ 10.000-ական ՀՀ դրամ: Այդպես էլ այն մնաց օդում, չմուտքագրվեց պետ.բյուջե և գուցե դարձավ մեկի ձեռքում լուրջ կապիտալ:

Կենսաթոշակայինի կուտակային բաղադրիչի ներդրման ուղղությամբ ձևավորված հիմնադրամների արդյունավետությունը ևս մշուշոտ է:
Այսօր «Ազգ-բանակ» ծրագիրը նախատեսում է նվազագույն աշխատավարձից բարձր աշխատավարձ ստացողներից ամսեկան պարտադիր կարգով 1000-ական ՀՀ դրամ գանձել և փոխանցել պետ.բյուջե, այնուհետև հավաքագրված գումարներից նպատակային հասցեագրված փոխանցումներ կկատարվեն ստեղծվող հիմնադրամի հաշվին, որի սպասարկման ծառայությունը 5 տարի ժամկետով հոժարակամ իր վրա է վերցնում ՀՀ կենտրոնական բանկը:

Կարծում եմ, կենտրոնական բանկը ճիշտ կանի, եթե հետևի մասնավոր բանկերից տրվող վարկերի բարձր տոկոսադրույքներին:
Գաղտնիք չէ, որ այսօր պետական բյուջեն ունի լուրջ դեֆիցիտ և արտաքին պարտքի սպասարկման հարցում խնդիրներ:

Միջազգային կազմակերպությունները մեր հանրապետությանը դժվարությամբ են նոր վարկեր տալիս:

Գուցե նաև այդ պատճառով է նպատակահարմար հավաքագրվող 1000-ական դրամները ուղղել պետ.բյուջե, որպեսզի Համաշխարհային բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին ներկայացվի բյուջեում մուտքերի ավելացումներ: Այն հնարավորություն կտա վարկատու կազմակերպություններին տալ երաշխիքներ առ այն, որ ստացված վարկերի սպասարկումը կկատարվի ըստ ժամանակացույցի և անխափան:
«Ազգ-բանակ» ծրագիրը կարող է աշխատել, եթե հասարակության կողմից ընդունվի, որ իշխանությունները ապահովելու են սոցիալական տարբեր շերտերի նկատմամբ յուրովի մոտեցում, կազմակերպելու են հավաքագրված գումարների մուտքերի և ծախսերի թափանցիկությունը և վերջապես սոցիալական արդարությունը լինելու է ոչ հռչակագրային:

Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական
կազմակերպությունների ճյուղային
հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930