Տպավորություն է ստեղծվել, որ իշխանությունը հույսը կտրել է ԼՂ խաղաղ կարգավորման ճանապարհից ու պատրաստվում է պատերազմի եւ այժմ իրեն ապահովագրում է պատերազմական իրավիճակի համար։ Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը նախ նկատեց, որ կա մի խավ, որ 1000 պատճառ կհնարի 1000 դրամ չվճարելու համար, մինչդեռ, ըստ նրա, բոլորս պիտի ցանկանանք մեր լուման ներդնել բանակի համար։ Նա համաձայն չէ, որ փակվել են հարցը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր դռները, ՀՀ իշխանությունները ցանկացած պարագայում պատրաստ են բանակցել Ադրբեջանի հետ։
Բանակի ու հայ զինվորի ճակատագրով մտահոգ իշխանության ներկայացուցիչը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը խաղաղ կարգավորման դուռը չփակեց ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ հարյուր «հատ» զինվոր զոհվեց։
«Եթե հիշում եք, ապրիլյան պատերազմի ժամանակ քննադատում էին, որ Սերժ Սարգսյանը գնա եւ շփվի Ալիեւի՝ այդ սանձարձակ մարդու հետ, որը պատերազմ սանձազերծեց, 100 հատ զինվորի կյանք խլեց։ Բայց երկրի նախագահն անհրաժեշտաբար գնում է այդ հանդիպումներին՝ հույս ունենալով հարցի խաղաղ լուծմանը»,- ասաց Նիկոյանը։
Բայց այս օրինագծից պարզ է դառնում, որ պետությունը մտածում է ոչ թե զինվորի ապահովության ու առաջնագիծը վերազինելու, այլ մահվան ու վիրավորվելու, դրա դիմաց առաջացած ծախսերը հոգալու մասին։ Նիկոյանը հորդորեց խնդիրը դիտարկել ոչ թե ֆինանսական, այլ «բարոյահոգեբանական ու արժեհամակարգային» տեսանկյունից։ Նրա խոսքով՝ «մեր պարտքի զգացողության խնդիրն է լուծվում»։
Կարդացեք նաև
Իսկ եթե ՀՀ քաղաքացիները չեն ուզում ստանձնել պետության գործառույթնե՞րը։ «Շատ լավ, համաձայն եմ՝ օրենքը քննարկվում է, թող անեն նման առաջարկներ, ու, եթե մարդը հրաժարվում է, ասում է, որ չեմ ցանկանում զոհված զինվորի ընտանիքին փող տալ, իմ ընտանիքը, հայրենիքը, իմ պապերի գերեզմանը պաշտպանած զինվորի ընտանիքին օգնել, հոգալ նրա առողջության մասին, թող հրաժարվի»,- ասաց Նիկոյանը։ «Աշխարհում կա՞ մի պատերազմ, որտեղ չեն զոհվում, եթե կա մի պետություն, որը կարող է այնպիսի պատերազմ ունենալ, որտեղ չեն զոհվում, ասեք՝ սովորենք այդ պետությունից։ Եթե ունես հայրենիք ու պատրաստ ես հայրենիքդ պաշտպանել, ուրեմն պետք է պատրաստ լինես զոհեր տալու։ Հիմա դուք ի՞նչ եք
ուզում, դուք ասում եք՝ պահեք հայրենիքը, պաշտպանեք, բայց ոչ մի զինվոր չվիրավորվի, հասարակությունը դրան մասնակից չլինի, մեզ հանկարծ բան չասեք, մեզ հանգիստ թողեք՝ մենք ապրենք»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Պարոն Նիկոյան, մեր զինվորներին ինչու՞ եք հատով հաշվում։
Հա, մեկ էլ՝ մեր երկիրը նախագահ չունի, Հայաստանի Հանրապետությունն ունի։