Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ թիրախներ չընտրենք

Նոյեմբեր 15,2016 10:16

Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց ես «երեք մատի կոմբինացիա» ցույց չէի տա, երբ խոսքը, թեկուզ միջնորդավորված, գնում է զոհված եւ վիրավոր զինվորների մասին:

Միեւնույն է՝ դրա մեջ ինչ-որ ցինիզմ, այնուամենայնիվ, կա: Հասկանում եմ, որ այդ ժեստն ուղղված է ոչ թե զինվորներին, այլ «թալանչիներին», «լափողներին», «գող-ավազակներին»՝ «ժողովրդական ցասման» այն բոլոր թիրախներին, որոնց մասին խոսակցություն է գնում 25 տարի: Բայց կա այսպիսի ֆենոմեն՝ երբ մենք արդարացի դժգոհություն ենք հայտնում ինչ-որ երեւույթից, որի համատեքստում կան արժեքներ, որոնք մենք հարգում ենք, այդ անհարգալից վերաբերմունքը տարածվում է ողջ միջավայրի վրա:

Երբ արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի դեմ պայքարի ամենաբուռն փուլում ես կոչ էի անում սլաքները չուղղել մասնավոր բիզնեսի դեմ, անկարգ վարորդները, նրանց շահերի պաշտպանները, ինչպես նաեւ ընդհանրապես ամեն ինչից դժգոհելու սովորություն ունեցողներն ինձ մեղադրում էին՝ «Ահա՜, դու ուզում ես, որ մասնավորը մեզ թալանի: Այ, եթե իմ մուծածները պետությանը գնան…»: Հիմա, երբ իրականություն է դառնում այդ ամբողջ զանգվածի երազանքը, եւ հասարակական կարծիքի ճնշման տակ որոշում է ընդունվել այդ համակարգն իր եկամուտներով հանձնել պետությանը, դուք կարծում եք՝ ավելի լա՞վ կլինի: Ոչ, որովհետեւ պետությունը չի կարողանա աշխատեցնել եւ սպասարկել այդ համակարգը, առավել եւս՝ չի կարողանա նոր սարքավորումներ ձեռք բերել:

Բայց դրանք մանրուքներ են ավելի սկզբունքային հարցի հետ համեմատած: Տնտեսությունը զարգանում է ոչ այնքան «ստվերը կրճատելով» կամ «թալանածը հետ բերելով» (որքան էլ դա հաճելի հնչի լյումպենի ականջին), որքան նոր արտադրություններ ստեղծելով, հին արտադրությունների ընդլայնված վերարտադրությամբ, մի խոսքով՝ «հավելյալ արժեք» ստեղծելով: Իսկ դրա համար պետք են ներդրումներ: Ո՞ր ներդրողը փող կդնի, եթե տեսնում է, որ մասնավոր բիզնեսը հասարակական կարծիքի ազդեցության տակ խլում են եւ տալիս են պետությանը:

Ես ընդհանրապես շատ զգույշ կլինեի «թալանածը հետ բերելու», «գռփածը ժողովրդին վերադարձնելու» եւ «լափածը ազգայնացնելու» կոչեր անելիս: Որովհետեւ մինչեւ վերջ պարզ չէ, թե «ժողովրդական ցասման» թիրախներից ո՞ր մեկն է արժանի, որ իր հետ այդպես վարվեն, ո՞վ եւ ի՞նչ սկզբունքով է դա անելու:

1996 թվականի ընտրություններից առաջ ես հարցազրույց էի վերցնում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանից, եւ նա խոստացավ՝ եթե ինքը նախագահ դառնա, ապա թալանչիները պատասխան կտան ժողովրդի առաջ, եւ նրանց թալանածը կվերադարձվի պետական բյուջե: Երբ ես խնդրեցի անուններ տալ, թե կոնկրետ որ թալանչիներին նա նկատի ունի, պարոն Մանուկյանն ուղիղ պատասխան չտվեց եւ ասաց՝ կդատվեն նրանք, ում դա հասնում է: Հենց այստեղ էլ խնդիր է առաջանում: Բանն այն է, որ քաղաքական գործիչները որպես նման «թիրախներ» ընտրում են բացառապես իրենց ընդդիմախոսներին: Ընդ որում՝ տարբեր ժամանակահատվածներում նկատի ունեն տարբեր մարդկանց:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սևակ says:

    Կոնկրետ այս ոլորտը չի կարելի տալ մասնավորին, սա չպետք է բիզնես նպատակ հետապնդի, դա նույնն է, որ օրինակ ոստիկանությունը վաճառեն որևէ բիզնեսմենի:

  2. Նորիկ says:

    Պարոն Աբրահամյան ,քանի որ այդ “երեք մատի կոմբինացիան”իմ ՖԲ-յան էջից ա “ծնունդ առել” )))) ու չնայած նրան, որ հենց սկսբից էլ հոդվածում ասվում ա ,թե ում ա ուղղված դա,Ձեր թուլտվությամբ մի երկու բան գրեմ դրա հետ կապված։ Էս նախագիծը, էս տեսքով ու էս ձևով ներկայացնելը ավելի մեծ ցինիզմ ա, քան “երեք մատի կոմբինացիան”։Ինչպես կասեր ռուսը “Какой привет, такой ответ!”Անձամբ ես, աշխատավարձ չեմ ստանում։Թոշակ եմ ստանում, չնայած թոշակային տարիքում չեմ։Բայց ես պատրաստ եմ անգամ իմ ստացած 29000 դրամ թոշակիցս, էտ 1000 դրամը հատկացնեմ զինվորի համար ։Բայց ինձ համար կարևորը պետություն ունենալն ա, որտեղ զինվորը արժանապատիվ կկատարի իր վրա դրված պարտականությունը,թոշակառուն էլ արժանապատիվ կապրի։Իսկ սենց “մուրացկանությամբ”պետություն չեն կառուցում։Ահա թե “երեք մատի կոմբինացիա” ցույց տալու տակ ինչ ա թաքնված։

    էս էլ սենց․․․․․․

  3. Կարո Մելիքյան says:

    Պ.Աբրահամյան. այն,որ գռփողները,լափողները պետգ է պատասխան տան՝դա միանշանակ է.հակառակ դեպքում մենք երկիր չենք դառնա։ Անկախ կուսակցական պատկանելությունից՝օրենքի առաջ բոլորը հավասար են եւ դա ՝ոչ միայն այսօրվա համար.այլ նաեւ վաղվա համար։ Դուք ասում եք. ում,ինչպես,որքան՝ դրանք,ինչ որ առումով,մղվում էն երկրորդ պլան։ Օրինակ՝ (որը այնքան էլ այլաբանական կամ սիմվոլիկ չե) իշխանական օրենսդիր, օրինաստեղծ պաշտոնյան,միջհամայնքային ավտոճանապարհը,մի քանի հարյուր դոլլարով,այնպես է անում,որ իր նախագծից շեղվի եւ անցնի իրեն պատկանող «Օբեկտի» մոտով…..ինչ՞ է արել որ,ընդհամենը ՝մի քանի հարյուր մետրով շեղել է պետավտոճանապահը,սա ըստ երեվույթին՝ոչ լափել է,ոչ էլ գռփել,ընդհամենը շրջանցել է պետական ( նախագիծ) օրենքը,
    հիմա սրան ինչ՞ անուն տալ… եւ այսպես շարունակ։

  4. Հ.Շ. says:

    Երկրի քաղաքացիներ այսքան խնդիր են հանում մի քանի տօլար չտալու համար,
    այդ ալ՝ Ազգային Բանակին:

    Մինչ ոչ-քաղաքացիներ, քարրորդ դարէ ի վեր, տեւաբար ՝
    https://www.himnadram.org/
    https://www.himnadram.org/index.php?id=10&lang=2
    https://www.himnadram.org/index.php?id=11&lang=2

    https://www.shoushisummercamp.org/

    եւայլն., եւայլն.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930