Նոյեմբերի 13-ին «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդիպումներ ունեցավ Տավուշի մարզի տարածաշրջաններում: Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը ԱԺ ընդդիմադիր պատգամավորի հետ հանդիպման էին եկել «Ժառանգություն» կուսակցության անդամներ, համակիրներ, Նոյեմբերյան քաղաքի բնակիչներ:
Իր ելույթում Զ. Փոստանջյանը խիստ քննադատության ենթարկեց ՀՀ իշխանություններին: Քննադատության բաժին հասավ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին: Զ. Փոստանջյանն ասաց՝ ներկայացվում է, որ վարչապետը հանդիպում է ունեցել Տավուշի մարզում, իրականում նա Դիլիջանի ինչ-որ օբյեկտում հանդիպել է մարզպետարանի պաշտոնյաների, Տավուշի մարզի գյուղապետերի հետ:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով՝ վարչապետը պետք է այցելեր ոչ թե Դիլիջան, այլ մարզի տարածաշրջաններ, հանդիպեր բնակիչների հետ: Պատգամավորն անդրադարձավ 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, նշելով, որ իրենց կուսակցությունն ունի 2 սցենար: Առաջինի դեպքում, արտակարգ հանգամանքների պարագայում, ընտրություններն անցկացվում են վաղաժամկետ, իսկ երկրորդ դեպքում՝ նախատեսված օրը:
Զ. Փոստանջյանը առաջարկեց ստեղծել «Ժառանգություն» կուսակցության Նոյեմբերյանի կազմակերպություն 7-9 հոգուց բաղկացած քաղաքական խորհուրդ, որը կորոշի առաջիկա խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցությունից թեկնածուների անունները եւ կներկայացնի դրա հետ կապված ծախսերի նախահաշիվ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ